ՀՅԴ-Ն ընդդեմ քաղաքապետի


Այսօր, ժամը 11-ին, Վերահսկիչ դատարանի 317 դահլիճում լսվելու է ՀՅԴ հայցադիմումն ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի` հանրահավաքի անցկացման թույլտվությունը մերժելու համար:

Ս.թ. սեպտեմբերի 11-ին, ՀՀ օրենսդրությանը համապատասխան ՀՅԴ Արագածոտնի մարզային կառուցը գրավոր իրազեկել է Աշտարակի քաղաքապետ Գ.Թամազյանին այն մասին, որ «նախատեսում է անցկացնել հանրահավաք Աշտարակի քաղաքային հրապարակում ս.թ. սեպտեմբերի 22-ին ժամը 17:00-19:00 ընկած ժամանակահատվածում»:

Առանց որեւէ քննարկման եւ ուշացումով` Աշտարակի քաղաքապետ Գ.Թամազյանը մերժել է հանահավաքի կազմակերպիչներ դիմումը եւ առաջարկել է` հանդիպումն ազգաբնակչության հետ անցկացնել Աշտարակի մշակույթի տան դահլիճում:

Ի պատասխան քաղաքապետի նամակի` ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Ա.Ռուստամյանը գրությամբ հայտնվել է, որ` «հանրահավաքին նախատեսվում է, մարզի մեծ թվով բնակիչների մասնակցությունը, հետեւաբար, առաջարկված Աշտարակի Մշակույթի տան դահլիճում հնարավոր չէ իրականացնել ծրագրված միջոցառումը: Ուստի հանրահավաքը նախատեսում ենք անցկացնել ս.թ. սեպտեմբերի 29-ին ժամը 17:00-19:00-ի ժամանակահատվածում, Աշտարակի մշակույթի տանը հարող տարածքում»:

24.09.2010թ. պատասխան մերժման գրությամբ Աշտարակի քաղաքապետը, կրկին օրենքով նախատեսված ժամկետների խախտմամբ մերժել է դիմումը եւ նորից առաջարկել «հանդիպումը ազգաբնակչության հետ անցկացնել Աշտարակի մշակույթի տան դահլիճում» իրեն վերապահելով ՀՅԴ Արագածոտնի կառույցի փոխարեն որոշել թե միջոցառման որ ձեւն է նախնտրելի կուսակցության համար` հանրահավաք, թե` «հանդիպում ազգաբնակչության հետ»:

ՀՅԴ Գերագույն Մարմինը դիմել է ՀՀ Վերահսկիչ դատարան Աշտարակի քաղաքապետի որոշումը անվավեր ճանաչելու համար:

Տպել Տպել