Ամեն ինչ կանենք, որ կոալիցիան հաջողի


«Երկիր».- Դաշնակական նախարարները կհաջողեն իրենց գործունեության մեջ: «Նովոստի Արմենիա» գործակալություում տեղի ունեցած ասուլիսում այսպես ասաց Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ, ԱԺ Հ.Յ.Դ. խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե` արդյո՞ք Հայաստանի ազգային շահերից էր բխում այս պահին փորձառու նախարարների փոփոխություն կատարելը:

Նա նաեւ ասաց, թե ընտրություն կատարելիս հաշվի է առնվելու երկու սկզբունք` անարատ, երիտասարդ եւ փորձառու կադրեր, եւ հատկապես այնպիսի մարդիկ, որոնց գործունեությունը նախարարի պաշտոնում օգուտ կբերի կոնկրետ նախարարությանը, կառավարության այն ծրագրին, որի մշակմանը նաեւ ԱԺ Դաշնակցության խմբակցությունն է ներդրում ունեցել:

Վահան Հովհաննիսյանը չի կարծում, թե հրաժարական ներկայացրած նախարարների կուտակած փորձը այլեւս Հայաստանի համար պիտանի չի լինելու, նրանք կարող են շատ ծավալուն կերպով ծառայել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ամբողջ հայության շահերին: «Երկրորդը` նախարար չեն ծնվում: Ես հպարտանում եմ իմ ընկերներով, որոնք շատ հանգիստ հրաժարական տվեցին: Ես գիտեմ, որ որոշների համար հրաժարականը հավասար է ինքնասպանության: Բայց մեզ մոտ նման խնդիր չկա: Հակառակը` երիտասարդ, նոր կադրերը շատ արագ ձեռք կբերեն արդեն իսկ կուտակված փորձը, եւ վստահեցնում եմ ձեզ, որ ավելի վատ նախարար չեն լինի: Դա իհարկե կնպաստի նաեւ մեր կադրային բանկի զարգացմանը»,- կարծում է խմբակցության ղեկավարը:
Իսկ մամուլում նոր նախարարների շրջանառվող անուններից, Վահան Հովհաննիսյանի կարծիքով, ոմանք կհաստատվեն, որոշներն էլ` ոչ, բայց մինչեւ շաբաթվա վերջ այդ անունները պարզ կդառնան: Նա չի բացառում, որ կլինեն ոչ դաշնակցականներ, բայց առաջին հերթին փորձ կարվի հենց սեփական կադրային բանկից առաջարկել նախարարներին:

Ասուլիսում հարց հնչեց, թե ինչպես կարող է երեք նախարարների հրաժարականը պայմանավորվել ՀՅԴ Բյուրոյի անդամ ընտրվելու հանգամանքով, երբ Վահան Հովհաննիսյանը Բյուրոյի անդամ էր եւ միաժամանակ ԱԺ փոխնախագահ: Պառլամենտում աշխատողը, զբաղված լինելով օրենսդիր աշխատանքով, կրում է քաղաքական պատասխանատվություն իր քաղաքական աշխատանքում, նախարարը` ոչ:
«Գործադիր իշխանության մեջ նա աշխատում է կառավարության հստակ ծրագրի շրջանակներում եւ ի պաշտոնե չի կարող այդ ուղեգծից դուրս գործել: Քաղաքական աշխատանքը պահանջում է շատ ավելի մեծ ճկունություն: Ի վերջո, նախարարներն իրենք, հասկանալով, որ անհնար է համատեղել այդ աշխատանքները, որոշեցին հրաժարական տալ: Դա տեղի ունեցավ նաեւ այն հանգամանքը հաշվի առնելով, որ հաշվետուն եւ հեշվեառը երբեք չպետք է լինեն նույն պաշտոնում: Մեծ է պատգամավորի եւ նախարարի տարբերությունը: Մեկը ազատ է իր քաղաքական գործունեության մեջ, մյուսը` ոչ»,- պարզաբանեց ակումբի հյուրը:

Հնարավո՞ր է` առաջիկայում համաշխարհային դաշնակցական կառույցի անդամները դառնան ՀՀ քաղաքացիներ, ինչպես Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամներն են անելու առաջիկայում, ու նաեւ կուսակցությունն ամբողջությամբ տեղափոխվի Հայաստան, եւ արդյո՞ք սա չի խոսում այն մասին, որ Դաշնակցության կառույցները թուլանում են:

«Կառույցները չեն թուլանում, որովհետեւ այն խնդիրները, որ կան մեր առաջ, շատ մեծ են: Թուլանում է հայությունը, եւ սա լուրջ հարց է: Եվ ասել, թե Դաշնակցության կառույցները պետք է տեղափոխվեն Հայաստան, անիմաստ է: Իսկ Սփյուռքը ո՞ւմ թողնենք»,- հարցին այսկերպ արձագանքեց Վահան Հովհաննիսյանը` կարեւորելով, անկախ գաղափարական տարբերություններից, Սփյուռքում գործող բոլոր ուժերի ակտիվ գործունեությունը, որոնք միտված են հայության ամրապնդմանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հավանականության մասին էլ Վ. Հովհաննիսյանն ասաց, թե` ի՞նչ պատճառաբանություն պետք է լինի նոր ընտրություն կատարելու համար, եւ կամ` կա՞ն երաշխիքներ, թե նոր ընտրություններն ավելի լավ կկազմակերպվեն եւ հասարակության մեջ չեն առաջացնի նոր անջրպետներ:

«Այս պարագայում չեմ կարծում, թե այդ հարցն օրակարգային է: Մենք պետք է փորձենք իրականացնել կոալիցիոն համաձայնագրում ընդգրկված հարցերը, իսկ, ահա, դրանց չստացվելը կառաջացնի հասարակության դժգոհությունը, եւ այդ դեպքում նման անհրաժեշտություն կառաջանա: Ոմանց շատ կմտահոգի կոալիցիայի հաջողությունը, ոմանց էլ` անհաջողությունը: Ես երկրորդների շարքին եմ պատկանում եւ դրա համար ամեն ինչ կանեմ, կուսակցությունը կանի, որ կոալիցիան հաջողի»,- ասաց Վահան Հովհաննիսյանը` նկատելով, որ 1609 բանաձեւի պահանջներն այնքան էլ չեն տարբերվում կոալիցիոն համաձայնագրի պահանջներից:

Տպել Տպել