Ինչո՞ւ ՀՄԸՄ խաղերի բացմանը չեն ընթերցել սպորտի նախարարի ողջույնի խոսքը

HMYM1«Սպորտի նախարարը Հայ մարմնակրթական ընդհանուր միության 9-րդ խաղերի բացմանը ողջույնի խոսք էր հղել, սակայն մենք չընթերցեցինք դա, քանի որ իրավունք չունեինք: Իսկ բացման արարողությանը նախարարը չէր ներկայացել, որովհետեւ չէր հաստատել մեր հրավերքը` գուցե այդքան մեծ կարեւորություն չտալով միջոցառմանը: Նրա փոխարեն բացմանը ներկա էր ՀՀ սպորտի փոխնախարար Նազարեթ Մնացականյանը»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) 9-րդ մարզական խաղերի կազմակերպիչ, հանձնախմբի անդամ, Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության ատենապետ Հրաչյա Շմավոնյանը:

Հուլիսի 27-ից օգոստոսի 3-ը Երեւանում անցկացվում են ՀՄԸՄ 9-րդ խաղերը: Հուլիսի 27-ին Ազատության հրապարակում կայացել է Խաղերի բացումը, որին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Խաղերի փակման հանդիսավոր արարողությունը կանցկացվի օգոստոսի 3-ին «ՄԻԿԱ» ստադիոնում:

Պարոն Շմավոնյան, արդեն երկու օր է մեկնարկել են ՀՄԸՄ 9-րդ խաղերը: Ինչպե՞ս են ընթանում խաղերը եւ ինչո՞վ դրանք կառանձնանան այս տարի:

4 տարին մեկ անցկացվող խաղերն այս տարի կառանձնանան նրանով, որ տեղի են ունենում են Հայաստանում: Իսկ իրականում Հայաստանն այս խաղերը հյուրընկալում է երկրորդ անգամ: Համամիութենական խաղերը կազմակերպվում են ՀՄԸՄ մասնաճյուղ ունեցող երկրներից մեկում: Հայաստանում երկրորդ անգամ ենք անցկացնում, իսկ ընդհանուր առմամբ, խաղերը կայանում են 9-րդ անգամ: Խաղերին մասնակցելու համար 18 երկրներից Հայաստան են ժամանել 650 մարզիկներ: Նրանք կպայքարեն 8 մարզաձեւերում` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, շախմատ, աթլետիկա, թենիս, սեղանի թենիս եւ լող: Մրցումներն անցկացվում են Երեւանում եւ Արտաշատում:

Ո՞րն է Հայ մարմնակրթական ընդհանուր միության խաղերի գլխավոր նպատակը:

ՀՄԸՄ խաղերն արդեն ավանդույթ են դարձել եւ անցկացվում են չորս տարին մեկ: Խաղերի նպատակն ամբողջ աշխարհի հայերին համախմբելն է: Հայաստանում անցկացնելու նպատակը մարզիկներին Հայաստան բերելն է: Սա առաջին նպատակն է, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերից մարզիկները գան Հայաստան: Այս նախաձեռնությունն իր մեջ նաեւ դաստիարակչական ծրագիր է ներառում: Այս մի քանի օրերի ընթացքում մարզիկները կայցելեն նաեւ պատմամշակութային վայրեր:

Ո՞ւմ կողմից են կազմակերպվում ՀՄԸՄ խաղերը, Հայաստանի սպորտային կառույցները որքանո՞վ են ներգրավված այս միջոցառմանը:

Խաղերն արդեն 9-րդ տարին է նախաձեռնում, կազմակերպում եւ անցկացնում է ՀՄԸՄ կենտրոնական վարչությունը՝ ՀԱՕԿ-ի աջակցությամբ: Հայաստանյան սպորտային կառույցներն այնքան էլ մեծ աջակցություն չունեն այս խաղերում: Սպորտային կառույցներից մեզ անմիջական աջակցություն է ցուցաբերում ՀԱՕԿ-ը, ինչպես նաեւ համագործակցում ենք ազգային ֆեդերացիաների հետ:

Իսկ Հայաստանի սպորտի նախարարությունն ի՞նչ մասնակցություն ունի եւ ինչո՞վ է աջակցում այս խաղերին:

Սպորտի նախարարությունը ոչնչով չի աջակցում: Իրականում պատճառն այն է, որ կառավարության կողմից միջգերատեսչական հանձնաժողովն այս խաղերի համար ուշ ստեղծվեց, երբ խաղերի կազմակերպչական հարցերի գրեթե 90 տոկոսն արված էր: Սպորտի նախարարության միջամտությունն ու աջակցությունն արդեն ավելորդ էր եւ ուշ: Պատճառը ոչ թե այն էր, որ նախարարությունն է ուշացրել իր աջակցությունը, այլ այն, որ միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումն էր ուշացած: Այն կարծես այլեւս պետք չէր մեզ: Սակայն կից կառույցները` մշակույթի, արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարությունները, հասցրեցին մեզ օգնել եւ աջակցել խաղերի տեխնիկական հարցերում:

Իսկ սպորտի նախարարությունն այլ անելիք չունե՞ր, որ ոչնչով օգտակար չեղավ այս խաղերին:

Նախարարության կողմից ցանկություն կար, բայց աշխատանքներն ամբողջությամբ արված էին:

Հուլիսի 27-ին կայացավ ՀՄԸՄ 9-րդ խաղերի բացումը, որին ներկա չի եղել սպորտի նախարարը:

Այո, նախարարը ներկա չէր, բայց բացման արարողությանը ներկա էր փոխնախարար Նազարեթ Մնացականյանը:

Ճի՞շտ է, որ նախարարի ներկա չգտնվելու պատճառն այն է, որ Հայաստանի սպորտի նախարարությունը չի հաստատել ՀՄԸՄ կենտրոնական վարչության` խաղերի բացման հրավերքը:

Այո, նման բան եղել է: Կենտրոնական վարչությունը նախարարին հրավերք ուղարկել է, սակայն նախարարը չի հաստատել այդ հրավերքը եւ չի ներկայացել խաղերի բացմանը: Չեմ կարող ասել՝ հրավերքը չհաստատելու պատճառը որն էր, կարծում եմ՝ հատուկ ուշադրության չեն արժանացրել: Բայց սպորտի փոխնախարարը եկել էր:

Սպորտի նախարարությունից NEWS.am Sport-ին հայտնեցին, որ չնայած նախարարը չի ներկայացել բացմանը, սակայն հղել է ուղերձ, որը ՀՄԸՄ կազմակերպիչները չեն ընթերցել:

Չենք ընթերցել, քանի որ նախարարն այնտեղ չէր: Մենք ընթերցելու իրավունք չունեինք: Եթե դա սպորտի նախարարի ուղերձն էր, ուրեմն պետք է ընթերցեին փոխնախարարները, տվյալ դեպքում` Նազարեթ Մնացականյանը: Իսկ նա մեզ այդ հարցով չի դիմել եւ ընթերցելու ցանկություն չի հայտնել: Բացի այդ, ուղերձ չի եղել, այլ եղել է զուտ ողջույնի խոսք, որը եւս չի ընթերցվել՝ միայն հրատարակվելով խաղերի գրքույկում:

Ըստ Ձեզ՝ Սպորտի նախարարության այս ձեռնպահ կարգավիճակն ինչո՞վ է պայմանավորված: Գուցե պատճառը խաղերի՝ ՀԱՕԿ-ի նախագահի աջակցությամբ անցկացվե՞լն է:

Չեմ կարծում, քանի որ Սպորտի նախարարության եւ ՀԱՕԿ-ի միջեւ շատ նորմալ եւ բարիդրացիական հարաբերություններ են: Որեւէ խնդիր չկա մասնավորապես մեր խաղերի շրջանակում:

Լուսինե Շահբազյան

news.am

Տպել Տպել