Հարցին պետք է կոնցեպտուալ լուծում տալ

Արծվիկ«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը

-Համամի՞տ եք տեսակետներին, թե քաղաքական ուժերը փորձում են իրենցով անել «ուղեվարձային շարժման» պտուղները՝ քաղաքականացնելով երիտասարդների քաղաքացիական նախաձեռնությունը։ Ավելին՝ շարժումը հասավ հաջողության, որովհետեւ քաղաքական ուժերը չէին մասնակցում կամ ուշացումով մտան «խաղի մեջ», եւ ընդհանրապես, քաղաքական դաշտն իրեն սպառել է՝ անհրաժեշտ են նոր ուժեր, որոնք տեր կկանգնեն ժողովրդի ձգտումներին եւ ակնկալիքներին։

-Մեղմ ասած, անհասկանալի է, երբ քաղաքացիական հասարակությունը արհեստականորեն փորձում են տարանջատել քաղաքական հատվածից, որովհետեւ քաղաքականությունը նույն քաղաքացիական հասարակության դրսեւորումներից է. չի կարելի տարանջատել մեկը մյուսից։

Երկրորդ՝ իսկ ո՞վ ասաց, որ ընդհանրապես բարեփոխումների բեռը պետք է դրված լինի միայն քաղաքական ուժերի ուսերին. ամենաակտիվ դերակատարությունը հենց հասարակությունը պետք է վերցնի իր վրա, նրա ձեռնարկած գործողությունները պիտի դառնան բարեփոխումների շարժիչ ուժը։

Ժամանակին, երբ մենք ասում էինք, որ Երեւանի ավագանու ընտրությունները քաղաքական են, մեզ հակադարձում էին, թե Երեւանի ավագանին զուտ տեղական նշանակության հարցեր լուծող մարմին է, եւ պետք չէ քաղաքականացնել այս ընտրությունները։ Ուղեվարձի թանկացման շուրջ ծավալված այս շարժումը, պահանջները, որ առաջ քաշվեցին, եւս մեկ անգամ հաստատում են՝ այնտեղ, որտեղ կա քաղաքական ուժերի մրցակցություն, ընտրությունը դառնում է ինքնին քաղաքական։

Եվ չնայած ժողովրդի բողոքը ուղեվարձի թանկացման դեմ էր, իրականում սա եւս քաղաքականության դրսեւորում է։ Քաղաքական ուժերի ակտիվ դերակատարությունն այս հարցում նույնպես ցույց է տալիս, որ հանրության լայն շրջանակներին վերաբերող հարցերը չեն կարող քաղաքական սպեկտրից դուրս լինել։

-Այնուամենայնիվ ուղեվարձի թանկացման հարցը փակված չէ՝ ընդամենը առկախված է։ Ինչպե՞ս եք տեսնում այդ խնդրի վերջնական լուծումը։

-Նախ՝ իմ գոհունակությունն եմ ուզում հայտնել, որ հասարակությունը ակտիվություն ցուցաբերեց այս հարցում, նաեւ իշխանությունը ողջախոհություն դրսեւորեց, ի դեմս քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ կատարվեց քայլ, որով քաղաքապետը ցույց տվեց, որ պատրաստ է հաշվի նստել հասարակական կարծիքի հետ։ Մենք համարում ենք, որ սա կառուցողական մոտեցում է քաղաքային իշխանությունների կողմից։

Ուրիշ բան, որ այս քայլը պիտի ունենա իր տրամաբանական շարունակությունը՝ Երեւան քաղաքի կառավարման համալիր բարեփոխման խնդիրը պետք է դառնա օրակարգային։ Մասնավորապես տրանսպորտային ոլորտը եւ հանրային տրանսպորտի համակարգն ամբողջությամբ վերանայման եւ հայեցակարգային կարգավորման անհրաժեշտություն ունեն։

Ի դեպ, սա ոչ միայն քաղաքապետարանի խնդիրն է, այլեւ կենտրոնական իշխանությունների, տվյալ դեպքում՝ կառավարության, որովհետեւ տրանսպորտի բնագավառն այսօր, ցավոք, բարձիթողի վիճակում է։ Համակարգը, որ ձեւավորվել է 2000-ականների սկզբներին, այդպես էլ մնացել է՝ որեւէ զարգացում չի արձանագրել։

Ավելին՝ «գիլյոտինի» մեխանիզմի անվան տակ հանրային տրանսպորտին, օրինակ, տաքսի ծառայություններին ներկայացվող պահանջները շեշտակիորեն փոխվում են, ինչի հետեւանքով ոչ թե բարելավվում է սպասարկման որակը, այլ, հակառակը, թուլանում է անվտանգությունը, եւ ծառայություններ մատուցող առանձին անձանց նկատմամբ հասարակական վերահսկողության աստիճանն է նվազում։ Հետեւաբար հարցին անհրաժեշտ է կոնցեպտուալ լուծում տալ՝ մշակել հանրային տրանսպորտի հայեցակարգ երկրի եւ հատկապես Երեւանի մակարդակով, ստեղծել տրանսպորտի մասին օրենսգիրք։

-Այս օրերին հաճախ կարելի էր լսել հետեւյալ հարցադրումը. քաղաքապետարանն ինչո՞ւ է հրաժարվել սեփական բյուջեի միջոցներով տրանսպորտը սուբսիդավորելու հնարավորությունից՝ բոլոր շահութաբեր ոլորտները հանձնելով մասնավոր ընկերություններին։ Այս հարցադրումն օրինաչա՞փ է։

-Ոչ միայն օրինաչափ է՝ մեր եւ գործող իշխանությունների հայեցակարգային մոտեցումների, սկզբունքների տարբերությունը հենց այդ է։ Մենք, որպես սոցիալիստական գաղափարներ դավանող քաղաքական ուժ, համարում ենք, որ իշխանությունները եւ պետական մարմինները չեն կարող անտարբեր լինել հանրային ծառայությունների այնպիսի ընդգրկում ներառող գործունեության նկատմամբ, ինչպիսին Երեւան քաղաքի կառավարումն է։

Խոսքը վերաբերում է ե՛ւ ավտոկայանատեղերի հարցին, ե՛ւ հանրային տրանսպորտի ոլորտին, ե՛ւ բազմաթիվ այլ խնդիրների, որտեղ քաղաքապետարանը, մեր պատկերացմամբ, ոչ միայն ուղղակի մասնակցություն պետք է ունենա, այլեւ կառավարման լծակները պահի իր ձեռքին՝ չտալով դա մասնավորին, որովհետեւ մասնավորի շահը ամեն գնով շահույթ ստանալն է, իսկ իշխանության, այդ թվում՝ նաեւ տեղական իշխանության խնդիրը համայնքի բնակիչների բարեկեցությունն ապահովելն է։

Կա նաեւ առաջնահերթության խնդիր։ Տեղական իշխանության եւ մասնավորի շահերն այս դեպքում բնականաբար պետք է իրար հակադրվեն, եւ տեղական իշխանությունն առաջնահերթությունը պետք է տա բնակչության բարեկեցության բարձրացմանը, ոչ թե մասնավոր հատվածի շահերի ապահովմանը։ Այդ առումով, վարվող քաղաքականությունը, մեր գնահատմամբ, արդյունավետ չէ. ամեն ինչ տալ մասնավորին եւ մի կողմ քաշվել՝ նշանակում է չկրել հանրային պատասխանատվություն։

Մյուս կողմից՝ կյանքը ցույց է տալիս, որ, օրինակ, տրանսպորտի դեպքում մենք ունենք տնտեսապես որեւէ ձեւով չհիմնավորված, անվտանգ եւ արագ, արդյունավետ եւ մատչելի ծառայությունները, ըստ էության, բացառող խիստ խայտաբղետ ենթակառուցվածքներ, ինչի հետեւանքով տուժում է բնակիչը, տուժում է մայրաքաղաքը։

-Աշնանը, դատելով ամենից, սոցիալական լարվածության պակաս չի զգացվի։ Քաղաքական ուժերը պատրա՞ստ են ստանձնել ժողովրդի բողոքը տեղ հասցնելու եւ իրացնելու պատասխանատվությունը։

-Դրա համար էլ ասում եմ՝ անհրաժեշտ են հայեցակարգային լուծումներ։ Քաղաքական մյուս ուժերի տեղը չեմ կարող պատասխանել, բայց Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ծրագրերի մշակման գործընթացի մեջ է, եւ առաջիկայում մեր խմբակցությունը հանդես է գալու ակտիվ օրենսդրական նախաձեռնություններով։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
armworld.am

Տպել Տպել