Ոչ մի օրենք արատավոր վարքագիծ չի պարտադրի

Arcvik-minasyanՄայիսի 20-ին ԱԺ-ի կողմից ընդունված և հունիսի 11-ին ՀՀ նախագահի կողմից վավերացված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» օրենքը մեծ աղմուկ է հանել հասարակության մեջ: Այս օրենքին դեմ էր քվեարկել միայն մեկ պատգամավոր` ՀՀԿ-ական Արմեն Մխիթարյանը: Ավանդական կուսակցության 5 ներկայացուցիչներից մեկը` Վահան Հովհաննիսյանը, բացակա է եղել, Աղվան Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը և Արմեն Բաբայանը քվեարկել են ձեռնպահ, իսկ Արմեն Ռուստամյանը կողմ է եղել այս օրենքի ընդունմանը: Հետքրքիր էր` ինչպե՞ս են նրանք մեկնաբանում այս օրենքը և ինչու՞ են այդպիսի մոտեցում ցուցաբերել:

Այս թեմայով զրուցեցինք ՀՅԴ անդամ, պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:

-Պարոն Մինասյան, կածում էինք գոնե 5 դեմ կլինի այս օրենքին, այն էլ ՀՅԴ-ի կողմից:

-Այս օրենքի հիմքում դրված չէ այն արատավոր, հակաքրիստոնեական երևույթը, որի մասին տարածված մտահոգություն կա, մասնավորապես, սեռերի փոփոխություն կամ սեռական փոքրամասնություն ներկայացնող անձանց իրավունքների պաշտպանություն: Օրենքի հիմքում դրված է շատ պարզ մեկ բան ` կնոջ և տղամարդու համար հասարակական կյանքի բոլոր ոլորտներում իրավունքների ապահովման համար նախատեսել համապատասխան հնարավորություններ:

-Այդ դեպքում, ի՞նչ ասել է`տարբեր սեռի անձանց ձեռքբերովի սոցիալապես ամրագրված վարքագիծ:

– Եթե օրենքի առանձին հատվածներ սխալ են հասկացվում և ենթադրել են տալիս, թե այս օրենքի նպատակը հայ ընտանիքը խեղաթյուրելն է, կենսաբանական սեռերի փոփոխություն թույլատրելը, ապա, այդ մտահոգությունները փարատելու համար, հնարավոր է և կարելի է փոփոխություններ անել օրենքի մեջ: Գենդեր սահմանման հետ կապված` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական բոլոր ոլորտներում և այլն: Եթե ուշադրություն դարձրել եք, այստեղ օգտագործվում է կին և տղամարդ հասկացությունը, և ամբողջ այս սահմանման վերլուծությունը գալիս հանգում է կենսաբանական սեռերի` կնոջ և տղամարդու միջև հավասար հնարավորությունների ապահովմանը, այլ ոչ թե սեռերի ինքնուրույն և կենսաբանական սեռը փոփոխել ձգտող կամ այդպիսի հատկանիշներ ներառող հատկությունների ամբողջության: Գենդեր հասկացությունը ներառված է բոլոր միջազգային փաստաթղթերում: Ես հասկանում եմ նաև հասարակության մտահոգությունը և, հասկանալով դա, կարծում եմ, որ կարելի է հստակեցում մտցնել, որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի, որ ԱԺ-ն, ըստ էության, ընդունել է կամ օրինականացրել է արատավոր երևույթ:

-Փաստորեն, դուք կարծում եք, որ հասարակության մտահոգությունը անտեղի՞ է:

-Կարծում եմ` ձևակերպումը, թե հայ ընտանիքը քանդող օրենք է ընդունվել` կոշտ է, բայց բարձրացրած խնդրի տեսակետից, ընդ որում ոչ այնպիսի հրապարակայնությամբ, որը կարող է նպաստել խնդրի ավելի վատ տարածմանը, համաձայն եմ, որ ձևակերպումը կարելի է փոփոխել, որպեսզի որևէ մտահոգություն չառաջանա: Մեր խմբակցությունում որևէ մեկի մտքում նման մտահոգություն չկար և չէր կարող լինել, որովհետև թե օրենքի տրամաբանությունը` առաջին հոդվածից մինչև վերջին հոդվածը, մտահոգության տեղիք չի կարող տալ, եթե սահմանման մեջ չփորձենք ենթադրյալ բաներ գտնել: Ես հասկանում եմ, որ օրենքը կարդացող ու քննարկողները բոլորը իրավաբաններ չեն, բայց չեմ էլ ուզում, որ այս հարցը դարձնենք հրապարակային այնպիսի քննարկման առարկա, որ ակամայից նպաստենք այդ արատավոր երևույթի տարածմանը: Ընդ որում, ես այն պատգամավորներից եմ, ով կողմ չի քվեարկել այս նախագծին:

-Այդ դեպքում ինչու՞ կողմ չքվերակեցիք օրենքի ընդունմանը:

-Օրենքի նախագծին կողմ չեմ քվեարկել, որովհետև հավասար հնարավորությունների ապահովման հարցերի հետ կապված ազգային մեխանիզմ չկա օրենքում, թե ինչպես են ստեղծվում այդ մեխանիզմները` նույնպես չկա: Եթե չկան այդ մեխանիզմները, ապա կծնվեն նաև նման մտահոգություններ: Բայց կենսաբանական սեռի փոփոխության հնարավորություն այս օրենքը չի կարող տալ:

-Ձեր խմբակցությունը հադես կգա՞ այս օրենքում փոփոխությունների առաջարկով:

-Միանշանակ փոփոխություն պիտի արվի, և հնարավոր է, որ մենք հանդես գանք օրենքի մեջ փոփոխություններ անելու նախաձեռնությամբ: Բայց պետք է բոլոր կողմերի հետ քննարկման արդյունքում դա արվի, որպեսզի հետո հակառակ արդյունք չունենանք: Պետք է տալ այնպիսի ձևակերպում, որ այս օրենքի շրջանակում բացառվի նման արատավոր երևույթի օրինականացմանը, մյուս կողմից էլ այնքան հստակ պետք է լինի, որ հասկացվի, որ կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների մասին է խոսքը գնում: Եթե նավդ փոթորիկի է հանդիպել, ոչ թե պետք է փորձես փոթորկի դեմ պայքարես, այլ պիտի փորձես նավդ փրկել: Եթե մենք ստեղծենք մեր ազգային պաշտպանական համակարգը, որը ցավոք ստեղծված չէ, մեզ ոչ մի օրենք արատավոր վարքագիծ չի պարտադրի:

Հեղինակ` Սառա Գալստյան

nyut.am

Տպել Տպել