Դուք լինեիք վարչապետ, ի՞նչ քայլեր կձեռնարկեիք երկիրն այս վիճակից դուրս բերելու համար:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մեր այս հարցադրմանն ի պատասխան նշեց, որ առաջնահերթ մի քանի գործողություններ կան, որոնք ցանկացած կառավարություն և վարչապետ պետք է նախաձեռնի:
Դրանցից առաջինը աշխատատեղերի ստեղծումն է: Պետությունը պարտավոր է յուրաքանչյուր աշխատունակ և աշխատանքի ցանկություն ունեցող անձի համար աշխատատեղեր և եկամուտ վաստակելու անհրաժեշտ պայմաններ ստեղծել:
Երկրորդ կարևոր գործողությունը, որը պետք է իրականացնի յուրաքանչյուր վարչապետ, ըստ Արծվիկ Մինասյանի, արժանապատիվ վարձատրության համակարգի ներդրումն է:
«Այսօր թե՛ մասնագիտական, թե՛ որակական առումով Հայաստանի աշխատաշուկան չի համապատասխանում արդար վարձատրությամբ ձևավորված տնտեսական-սոցիալական միջազգային փորձով հիմնավորված մոտեցումներին»,- կարծում է պատգամավորը:
Երրորդ կարևոր ուղղությունը, որը պետք է զարգացնի յուրաքանչյուր վարչապետ, պատգամավորի խոսքով, երկրի անվտանգության մեջ էական դերակատարություն ունեցաղ սահմանամերձ բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացման կոնկրետ նախաձեռնությունների իրականացումն է՝ որպես երկրի անվտանգության պաշտպանվածության բարձրացման կոնկրետ գործողություն:
Չորրորդ կարևոր գործողությունը դատաիրավական համակարգում բարեփոխումների նախաձեռնումն է, երկրում արդարության հաստատումը և օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի գործադրումը:
07/08/2013
www.nyut.am







