Կյանքում այդպիսի սխալ էլ չեմ անի. Կապանի ՀՅԴ-ական նախկին քաղաքապետը՝ թիվ 38 ընտրատարածքում առաջադրվելու մասին

արթուրՍյունիքի մարզի Կապան քաղաքի նախկին քաղաքապետ, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Արթուր Աթայանը, ով 2008թ.-ին Կապանի ընտրություններում հաղթել էր գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Արմեն Կարապետյանին և ընտրվել քաղաքապետ, հրաժարվում է այլևս զբաղվել քաղաքականությամբ, իսկ մարզի թիվ 38 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրելու շուրջ շրջանառվող խոսակցությունների մասին չի էլ լսել:

«Չէ՛, չէ՛, ես չեմ լսել այդ մասին, ես որոշել եմ այլևս չզբաղվել քաղաքականությամբ, ես կյանքում այդպիսի սխալ էլ չեմ անելու»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և հարցին՝ եթե կուսակցությունն, այնուամենայնիվ, առաջադրի, ի՞նչ կանի, պատասխանեց. «Չեմ կարծում, որ կուսակցությունից կառաջադրեն, եթե անգամ առաջարկեն, կփորձեմ հրաժարվել, չմասնակցել»:

Նախկին քաղաքապետի հիասթափության հիմնական պատճառը, պարզվեց այն էր, որ 2012թ. դեկտեմբերի վերջին դատարանը վճիռ էր կայացրել և երկու տարով վերջինիս զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ պաշտոնական դիրքը չարաշահելու համար:

«Աբսուրդ էր, բայց այդ որոշումը կայացվեց, դրա համար չեմ ուզում ընդհանրապես քաղաքականություն մտնել: 4 տարի քաղաքապետ եմ աշխատել, ինչն ինձնից կախված էր, ամեն ինչ արել եմ քաղաքիս համար, վերջում դատապարտել են, էդքանից հետո ես ի՞նչ պետք է անեմ էլ»,- ասաց նա:

Նշված ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական Արմեն Կարապետյանի մասին Արմեն Աթայանը դժվարացավ կարծիք հայտնել՝ նշելով. «Ուղղակի ՀՀԿ-ական այնքան թեկնածուներ էին քննարկվում, կարծում եմ, այդքանից երևի ամենահարմար թեկնածուն նա է, որովհետև մնացած անունները, որոնք քննարկվում էին, ավելի վատն էին»:

Արդյոք Արմեն Կարապետյանն արժանի՞ է նման պատասխանատու դիրք գրավել, Արթուր Աթայանն ասաց. «Ինքն այն ժամանակ գործող քաղաքապետ էր, և Հանրապետական կուսակցությունն ամբողջ ուժերով ամեն ինչ արեց, որ ինքն անցնի, և եթե ես հաղթել եմ, կարծում եմ, որ ընտրություններն անցել են նորմալ, ես մեծ առավելությամբ են հաղթել»:Աղվան

Ինչ վերաբերում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թեկնածությունն առաջադրելու մասին շրջանառվող խոսակցություններին, Աթայանն ասաց, թե չի կարծում, որ նման բան կլինի. «Էս պահի համար չեմ կարծում, որ դա լուրջ է»:

Թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրելու մասին ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք դեռ այդ հարցը չեն քննարկել: Քննարկումը տեղի կունենա օգոստոսի 15-ին: «Օրակարգում կլինեն երկու հարցեր՝ առաջադրում ենք թեկնածու, թե ոչ, և եթե այո, ապա ու՞մ»,- ասաց նա:

tert.am

Տպել Տպել