ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը ընդունել է ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միավորման կամավորներին

aparajԼեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն օգոստոսի 9-ին ընդունել է ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միավորման կամավորներին, ովքեր Ֆրանսիայից Արցախ են ժամանել «Երկիր» բարեգործական նախագծի շրջանակներում:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունից, Կարեն Միրզոյանը կարևորել է «Նոր սերնդի» կողմից տարվող աշխատանքը և ընդգծել նման նախաձեռնությունների անհրաժեշտությունը, մասնավորապես, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման համատեքստում:

Երիտասարդական միավորման ներկայացուցիչներն իրենց հերթին նախարարին ներկայացրել են իրականացվող ծրագիրը՝ ուղղված Ստեփանակերտի և Մարտակերտի երիտասարդական կենտրոնների վերանորոգմանը, ինչպես նաև Ստեփանակերտում 7-14 տարեկան երեխաների համար ժամանցի կենտրոնի բացմանը:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը նաև պատասխանել է հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին:

Հանդիպման ավարտին երիտասարդական միավորման անդամները Կարեն Միրզոյանին շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ նմանատիպ հանդիպումները շարունակական բնույթ կկրեն:

armenpress.am

Տպել Տպել