Ղարաբաղն Ադրբեջանին համագործակցության կոչ է անում

արթուրԱյս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ ընդգծելով, որ խոսքը ինչպես Սարսանգի ջրամբարի, այնպես էլ Թարթառ գետից տարբեր ուղղություններով հոսող ջրերի մասին է:

«Սարսանգի ջրամբարի հնարավորությունները ավելի մեծ են, քան մենք օգտագործում ենք, և խորհրդային տարիներին կառուցված ջրանցքները ճիշտ օգտագործելու դեպքում դրանից կօգտվեն և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը», – մեզ հետ զրույցում մանրամասնեց Աղաբեկյանը:

Եթե Ադրբեջանը չարձագանքի համագործակցության կոչին, Լեռնային Ղարաբաղի կառավարությունը ստիպված է լինելու խոշոր ներդրումներ անել` հզոր պոմպակայանների միջոցով Ղարաբաղի սահմանամերձ գոտիներում գտնվող ջրային ռեսուրսները միայն սեփական տարածքներ մղելու համար:

«Մենք Սարսանգի ջրերի օգտագործումը էլեկտրական հոսանք արտադրելու համար ժամանակացույցը ընտրում ենք այնպես, որ այն հարմարեցվի միայն մեր շահերին, իսկ երկխոսության դեպքում մենք այն կարող ենք ծառայեցնել երկուստեք շահերի: Ջրբաժան ամենակարևոր կետը գտնվում է հենց Թարթառի շրջանում և երկխոսության դեպքում մենք այդ ջրբաժան կայանը կարող ենք ճիշտ օգտագործել և՛ ադրբեջանական կողմին մատակարարել ջուր, և՛ մեր գյուղատնտեսության համար հատկացված տարածքները դարձնել ջրովի», – ասում է ԼՂ փոխվարչապետը:

Նախկին զինվորական, դաշնակցական քաղաքական գործիչ Արթուր Աղաբեկյանը, ով, շուրջ մեկ տարի առաջ Երևանից տեղափոխվելով Ստեփանակերտ, նշանակվեց փոխվարչապետի պաշտոնում, իր այս ուշագրավ հայտարարությունը դիտարկում է նաև երկու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համատեքստում:

«Վերջը` հարևան երկիր է, այսօր թշնամի է, վաղը դառնալու է ոչ բարեկամ, և պետք է մենք կարողանանք ժամանակի ընթացքում ժողովուրդներին պատրաստել խաղաղության», – ասում է Աղաբեկյանը, – «Կարծում եմ` սահմանային ցանկացած համագործակցություն, որից կհետևի զինադադարի ռեժիմի պահապնություն, որից կհետևի փոխադարձ հանդուրժողականություն, վստահ եմ, որ մենք միշտ էլ պատրաստակամ ենք եղել նման համագործակցության գնալու»:

Վերջին օրերին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ադրբեջանի Թարթառի շրջանի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով տեղական իշխանություններից ջուր տրամադրել գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար:

azatutyun.am

Տպել Տպել