ՀՅԴ նախաձեռնությամբ մեկնարկել է «Օգնիր եղբորդ» խորագրով ծրագիրը


ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ ստեղծվել է «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբ, որի նպատակն է օգնության ձեռք մեկնել Սիրիայում գտնվող կարիքավոր սիրիահայ եւ ոչ միայն սիրիահայ ընտանիքներին: Նախաձեռնության մասին այսօր «Ուրբաթ» ակումբում հրավիրած ասուլիսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանը:

Վահան Հովհաննիսյանն ընդգծեց, որ հիմա Սիրիայում արդեն քաղաքացիական պատերազմ է, Սիրիայի ամբողջ ժողովուրդը բավական դժվար վիճակում է: Պատերազմական գործողությունների կիզակետը դարձել է Հալեպը, որտեղ մեծ բացասական ազդեցություն կա Թուրքիայի կողմից: «Բաժանիր, որ տիրես» բանաձեւը գործում է հիմա էլ, բայց հիմա՝ բաժանել կարողանում են, տիրել՝ ոչ: «Արաբական գարունը» բավականին դժոխալի երեւույթի վերածվեց»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը եւ ընդգծեց, որ այսօր Հայաստանի պարտքն է ամբողջ ուժերը լարել, որ Սիրիայում մնացած հայը զգա մեր հոգատարությունը:

Ըստ նրա` այնպես չէ, որ Սիրիայի բոլոր հայերն անպաշտպան են եւ հնարավորություններ չունեն, սակայն կան չքավոր հայեր, որոնց օգնել մենք պարտական ենք, եւ «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը հենց դրա համար է: Հովհաննիսյանը հայտարարեց, որ նախաձեռնող խմբի կողմից արդեն բավականաչափ գործ արվել է, եւ բարեգործական առաջին ինքնաթիռը մոտ ժամանակներս արդեն կմեկնի Սիրիա: ՀՅԴ Բյուրոյի անդամը տեղեկացրեց նաեւ, որ հսկայական օգնություն է ցուցաբերել Արցախը:

Լիլիթ Գալստյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ օգնություն ցուցաբերելու համար կարող են համախմբվել բոլորը՝ անկախ կուսակցական, գաղափարական պատկանելությունից: Նա հայտարարեց, որ այսօր բացված հաշվեհամարին արդեն իսկ փոխանցվել է 1 մլն դրամ: Պատրաստ է Սիրիա մեկնող առաջին բեռնատար ինքնաթիռի կեսը, կա դեղորայքի, սննդամթերքի կարիք:

Լիլիթ Գալստյանի խոսքերով` մի շարք ծրագրեր են մտածել՝ օգնության չափը մեծացնելու ակնկալիքով: Օրինակ` հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել բարեգործական համերգ, որն ավարտվելու է դրամահավաքով: «Այս նախաձեռնությունն իսկապես բաց նախաձեռնություն է, եւ մենք կարող ենք քննարկել օգնության միտված ցանկացած առաջարկություն»,- նշեց նա: Գալստյանը հայտնեց, որ մի շարք գործարարներ արդեն պատրաստակամություն են հայտնել աջակցել` տեղական արտադրանք հատկացնելով:

Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ` ՀՀ եւ ԼՂՀ հասարակությունների օգնության արձագանքը արագ էր եւ ադեկվատ:

ՀՅԴ-ական գործիչներն ընդգծեցին, որ իրենք չունեն այն լավատեսությունը, որ Սիրիայում հակամարտությունը կարճաժամկետ է, ուստի օգնությունը միանվագ չի լինելու: Առաջին ինքնաթիռը, ամենայն հավանականությամբ, Սիրիա կմեկնի մինչեւ սեպտեմբերի վերջը: Ամեն ինչ ապահով տեղ հասցնելու համար բանակցությունները շարունակվում են: «Սա հասարակական նախաձեռնություն է, կուսակցական չէ եւ կուսակցականացնել պետք չէ: Բնականաբար, ՀՅԴ-ն ամենաակտիվ դերն է խաղալու, որովհետեւ ամենաճկուն կառույցները տեղում ՀՅԴ-ն ունի»,-հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:

Օգնության ձեռք մեկնող մեր քաղաքացիները կարող են գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարին`

ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ 23800AMD 01157620300 23800 USD 01157620401

Տպել Տպել