Արցախում ՀՅԴ-իշխանություն հարաբերություններն այլ մակարդակի վրա են


Այսօր լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք ԼՂՀ-ում մի շարք բարձրաստիճան պաշտոնների դաշնակցականների նշանակումը, իշխանության հետ համագործակցությունը չի խանգարի այստեղի ՀՅԴ-ականներին նախագահական ընտրություններում:

Հովհաննիսյանը նախ հայտարարեց, որ նման կասկածի մեջ մեծ տրամաբանություն չի տեսնում, հետո էլ հավելեց, որ Արցախում բոլորովին այլ իրավիճակ է, Արցախում ՀՅԴ-իշխանություն հարաբերությունները բոլորովին այլ մակարդակի վրա են, այնտեղ բնակչության, պետության եւ քաղաքական ուժերի օրակարգն էապես տարբերվում է հայաստանյան օրակարգից:

«Հայաստանում ՀՅԴ-իշխանություն հարաբերությունները պարտադիր չէ, որ կրկնվեն ԼՂՀ-ում: Երբ, օրինակ, ՀՀ-ում ՀՅԴ-ն հետապնդված էր, Արցախում այդպես չէր, եւ որքան էլ ՀՀ-ի իշխանությունը պնդեց եւ ճնշեց ԼՂՀ իշխանություններին, որ նույն քաղաքականությունը վարեն, բայց նրանք դա չարեցին: Եկեք Արցախն իսկապես դիտենք որպես հայ ժողովրդի երկրորդ պետականություն` եթե ոչ ամբողջությամբ անկախ, ապա բավականաչափ ինքնուրույն, եւ այս ինքնուրույն պետականության հետ ՀՅԴ հարաբերությունները չպետք է դիտարկենք հայաստանյան պրիզմայով»,- հայտարարեց Վահան Հովհաննիսյանը:

Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ Արցախում ՀՅԴ կենտրոնական կոմիտեն բացարձակապես անկախ է Հայաստանի ԳՄ-ից:

Տպել Տպել