Մայրամուտ, որը պետք է կասեցնել (մաս VI)

Vahan12Այս հոդվածների շարքին վերաբերող մեկնաբանություններում պարզորոշ երևում է հետևյալ հարցը. «Լավ, հասկացանք, համաձայն ենք վերլուծության հետ, իսկ ՀԻՄԱ ին՞չ անենք». Այդ հարցի պատասխանին մոտենալու համար նախ և առաջ պետք է հասկանալ’ իսկ կարո՞ղ ենք ինչ-որ բան անել: Եվ ու՞մ վրա հույս դնենք, ումի՞ց պահանջենք: Ուզու՞մ եք իմանալ: Դե, գնացինք:

Էլիտայի մասին

Դուք երևի լսել եք Նապոլեոն Բոնապարտի արտահայտությունը. «Այն ժողովուրդը, որ չի ցանկանում կերակրել իր բանակը, ստիպված կլինի կերակրել ուրիշինը»: Գրեթե նույն բանը կարելի է ասել էլիտայի մասին: Կարելի է նույնիսկ վերափոխել. «Այն ժողովուրդը, որը ունակ չէ ստեղծել սեփական էլիտա, անխուսափելիորեն կդառնա օտար էլիտայի ստրուկ»: Կարելի է նաև այլ կերպ ասել. «Այն էլիտան, որը ընդունակ չէ ապահովել իր ժողովրդի մրցունակությունը և կենսունակությունը, դատապարտված է, որպեսզի այն ենթարկվի ստորացման և արհամարհանքի»:

«Էլիտա» հասկացությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել, սակայն ոչ մեկը չի վիճարկում գլխավորը. էլիտան է իր մեջ կենտրոնացնում փորձը, ինտելեկտը, գիտելիքները, հոգևոր արժեքները և ժողովրդի հիշողությունը: Տարբեր դարաշրջաններում և տարբեր հասարակություններում էլիտխմբերի ձևավորումը կարող է հիմնվել ծագման, իշխողների քմահաճույքի, հարստության, անձնական վաստակի վրա և այլն: Սակայն շատ սոցիոլոգներ ընդգծում են, իմ կարծիքով, գլխավոր անհրաժեշտ հատկանիշը – էլիտայի իսկությունը: Անկախ էլիտար խմբի ծագումից, նրա իսկությունը որոշվում է շատ չափանիշների պրիզմայով, որոնցից գլխավորը, անկասկած, հետևյալն է. էլիտան հասարակության կամ նրա մասի այն շերտն է, որը տվյալ հասարակությանը բնորոշ կարևորագույն արժեքների կրողն է: Իսկ այդ հասարակությունն իր հերթին ընդունում է էլիտայի անհերքելի գերակայությունը և կոմպետենտությունը այս կամ այն ոլորտում’ քաղաքական, մշակութային, տնտեսական, սոցիալական և այլն:

Ինչու՞ է ընդունում: Միայն այն պատճառով, որ պարզ տեսնում է’ բոլոր այն որակները, որոնք բնորոշ ենք այդ սոցիալական խմբին և որոնցով տարբերվում է իսկական էլիտան, ծառայում են այդ հասարակությանը առավելագույն օգուտ բերելուն’ նվազագույն կորուստներով: Հայ հասարակությունում լրագրողների և գովազդային գործակալների «թեթև ձեռքով» «էլիտա» բառը բոլորովին այլ իմաստ է ձեռք բերել: Առաջ են եկել «էլիտար» տներ, կանացի միջադիրներ, ավտոմեքենաներ, կահույք, զուգարանակոնքեր, հանգստյան տներ, սալիկներ և այլն: Իսկ «էլիտա» սկսել են անվանել միմիայն իշխանության ներկայացուցիչներին’ նախարարներին, պատգամավորներին, օլիգարխներին, դատախազերին, գեներալներին, որոնց համար էլ, ըստ երևույթին նախատեսված են այդ տները, մեքենաները, զուգարանակոնքերը և այլն:

Իրականում էլիտան բոլորովին պարտադիր չէ, որ իշխանություն լինի: Իսկ մեզ մոտ էլիտայի դերում հայտնվել են նրանք, ովքեր եկել են փոխարինելու սովետական նոմենկլատուրան, այսինքն’ նախկին սովետական կոմսոմոլ-ակտիվիստները, բեռնատար մեքենաների վարորդները, բուֆետապանները, թերուս ֆիզիկները, սովխոզի նախագահները, ցեխի պետերը, ճարպիկները և նախկին խոհանոցային շատախոսները, իսկ հիմա արդեն նաև նրանց երեխաները: Մի խոսքով’ բարձրագույն, բայց ոչ միջնակարգ կրթություն ունեցող զանգված: Հենց դա է այն անփոփոխ իշխանության հիմքը, որն արդեն երկու տասնամյակ է տարբեր ցուցանակների ներքո մնում է մեր քաղաքական բեմում: Նրա շուրջ և նրա ներքո ձևավորվել է օժանդակ մի շերտ, որը բաղկացած է բիզնես-հանրության ներկայացուցիչներից, քաղաքագետ-«փորձագետներից», բարձրաստիճան չինովնիկներից, շոումեններից, իշխող կուսակցության միջին օղակի ղեկավարներից, ԶԼՄ-մերի սեփականատերերից, էստրադայի և էկրանի ինքնակոչ «աստղերից» և, ցավոք, նույնիսկ որոշ հոգևորականներից:

Իսկական գիտնականները, բանաստեղծները, երաժիշտները և նկարիչները պահանջված չեն էլիտայի հայկական մոդելում: Նրանց փոխարեն օժանդակ էշելոնում են հայտնվել կեղծ գիտության և ռաբիս մշակույթի ճարպիկ ներկայացուցիչները: Այդ ամբողջ խառնուրդը որոշ սոցիոլոգներ առանձնացնում են որպես հասարակության առանձին շերտ, անվանելով այն, կեղծ էլիտա: Այն կրում է էլիտայի միայն արտաքին որակները. նրա ներկայացուցիչների արժեքները դուրս չեն գալիս սեփական շահերի շրջանակից: Եթե իսկական էլիտան ընդունակ է ճկուն փոխել աշխարհայացքը’ ինչպես իր, այնպես էլ ամբողջ սոցիումի, ելնելով վերջինիս պահանջներից, սակայն չոտնահարելով նրա շահերը, ապա կեղծ էլիտան խուսափում է ամեն նոր, անսպասելի բանից, ունակ չէ կողմնորոշվել անսովոր իրադրությունում, սակայն միևնույն ժամանակ կարող է հեշտությամբ կուլ տակ փայլփլուն խայծը’ չնկատելով վտանգը: Էլիտան պատրաստակամ իր վրա է վերցնում հայրենիքի համար պատասխանատվությունը: Կեղծ էլիտան սիրով իր ձեռքն է վերցնում իշխանությունը և դրա հետ կապված արտոնությունները, սակայն ոչ մի դեպքում’ պատասխանատվությունը: Եթե իրական էլիտան իր առաքելությունը տեսնում է հանուն հասարակությոան շահերի ստեղծագործ աշխատանքի մեջ, ապա կեղծ էլիտան ձգտում է հասարակության հանդեպ լիարժեք գերակայության, ճնշման: Այդ պատճառով էլ իրական էլիտան ծառայում է հասարակությանը, իսկ կեղծը ստիպում է հասարակությանը, ծառայել իրեն: Արդյունքում իրական էլիտան իր սոցիալական որակներով, առաջին հերթին’ ազգային շահերին նվիրված և ինքն իր հանդեպ պահանջկոտ լինելով, արժանանում է հարգանքի, իսկ կեղծ էլիտան հասարակության վզին է փաթաթում իր հեղինակությունը ուժով և խորամանկությամբ, գործի դնելով կեղծ հայրենասիրական հռետորիկա, արհեստական կարևորություն և գերակայության արտաքին հատկանիշներ’ շքեղ առանձնատներ, ավտոմեքենաներ, հագուստ, հաստավիզ թիկնապահների բանակ, բարդ բյուրոկրատական ընթացակարգեր և այլն:

Իրական էլիտայի’ իր հանդեպ պահանջկոտ լինելը իրան իրավունք է տալիս պահանջկոտ լինել ժողովրդի հանդեպ, իսկ կեղծ էլիտան հասնում է նպատակին սուտ խոստումների միջոցով: Իսկական էլիտան կարող է և իշխանություն չլինել, իսկ կեղծն առանց դրա գոյություն ունենալ չի կարող: Եվ ամենակարևորը’ իրական էլիտայի ներկայացուցիչները կարողանում են զիջել և մի կողմ քաշվել, իսկ կեղծ էլիտան կպնդի իրենն ամեն գնով: Դրա համար էլ իրական էլիտան ունակ է երազել և, ի տարբերություն կեղծ էլիտայի, երբեք չի դառնում լոկ պրագմատիզմի գերի…

Այժմ համեմատենք նշված բնութագրերը մեզ շրջապատող իրականության հետ: Կարծում եմ’ տեսնում ենք բավականին ճշգրիտ արտացոլում այն բաների, ինչ ունենք և ինչ չունենք: Մենք չունենք իրական էլիտա: Ինչու չունենք’ դա առանձին և շատ բարդ հարց է. մենք դրան մեկ այլ հոդված կնվիրենք: Այն, ինչ մենք ունենք, կեղծ էլիտայի իշխանություն է: Եկեք դիտարկենք, թե ինչպես է դա անդրադառնում մեր հասարակության քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքի վրա: Ընթերցողին, անկասկած, հայտնի է «ոսկե միլիարդ» հասկացությունը: Մանրամասն չեմ խորանա այդ կոնցեպցիայի ակունքների և հիմնավորման մեջ, որոնց հիմք են առնում Մալտուսի տեսությունից: Պարզ բացատրենք. աշխարհի ռեսուրսները սահմանափակ են և կարող են ապահովել միայն մեկ միլիարդ մարդու արժանավայել գոյատևումը: Այդ «ոսկե միլիարդը» կամ թեկուզ մեկուկես միլիարդը կազմում են զարգացած եվրոպական, հյուսիսամերիկյան և մի քանի այլ երկրների բնակչությունները: Մնացածին, ըստ այդ տեսլականի, սպասվում է ընդմիշտ հազիվ գոյատևող գավառի դեր’ էժան աշխատուժով, հումքով և երբեմն տուրիստական հրաշալիքներով: Ընդ որում’ «ոսկե միլիարդի» խումբը ամենևին փակ խումբ չէ. նրա ներքին ժողովրդագրական խնդիրները տերերին ստիպում են դուռը կիսաբաց պահել: Մուտքն իհարկե ազատ չէ, ներս են թողնում ընտրովի: Օրինակ, հաճույքով ներս են թողնում երիտասարդ, տաղանդավոր ծրագրավորողների, բժիշկների կամ տնտեսագետների’ Հնդկաստանից, Պակիստանից, Չինաստանից, Հայաստանից, Ռուսաստանից: Այդ երևույթն ընդունված է անվանել «ուղեղների արտահոսք»: Հարուստ պոտենցիալ ներդրողներին նույնպես չեն մերժում, նույնիսկ քրեական անցյալ ունեցողներին:

Շատ ավելի հազվադեպ, ելնելով քաղաքական շահերից և սեփական անվտանգության նկատառումներից, ներս են թողնում ամբողջ երկրներ և տարածաշրջաններ (Արևելյան Եվրոպան, օրինակ), որոնց օգտագործում են վտանգավոր հարևաններից պաշտպանվելու համար: Սակայն ընդհանուր առմամբ, այնուամենայնիվ, ցուցաբերում են անհատական մոտեցում: Այդ պայմաններում հայկական կեղծ էլիտան անում է ամեն ինչ’ իր համար դեպի այդ հարգի ակումբ մուտք ապահովելու համար, իսկ հայրենիքում մնացողների և աղքատության պատճառով աշխարհով մեկ սփռվածների ճակատագիրը կեղծ էլիտային ամենևին չի հետաքրքրում:

Դա այն դեպքում, երբ իրական էլիտաները այն երկրներում, որտեղ նրանք գոյություն ունեն, պայքարում են այն բանի համար, որպեսզի «ոսկե միլիարդի» մաս դառնան ոչ թե իրենց առանձին հայրենակիցներ, այլ հասարակությունն ամբողջությամբ: (Այդպես է, ի դեպ, վարվում Թուրքիայի ղեկավարությունը, որը նախանձելի համառությամբ ձգտում է դեպի Եվրոպական միություն): Հայաստանում դեռևս վերջնական չեն կողմնորոշվել եվրոինտեգրացիայի հարցում. ամեն դեպքում, ոչ դեկլարատիվ, ռեալ քայլեր չեն երևում: «Ռեալ քայլեր» ասելով’ ես հասկանում եմ ոչ թե բանակցությունները, այլ երկրի ներսում համապատասխան փոփոխություններ, որոնց սպասում է ողջ հայ ազգը’ ինչպես հայրենիքում, այնպես էլ դրսում:

Իրարկե, հետինդուստրիալ զարգացումները կարող են «ոսկե միլիարդի» տեսությունը ուղարկել արխիվ, սակայն այստեղ գլխավորը հասկանալն է հասարակության վերնախավի վերաբերմունքը այս խնդրին: Պատասխանատվության զգացողության իսպառ բացակայությունը մեր կեղծ էլիտայի մոտ լավ երևում է մի զարմանալի օրինակի վրա. մինչ օրս գրեթե ոչ մի Ռուսաստանում Հայաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան չի բարեհաճել հայրենիք վերադառնալ ծառայության ավարտից հետո: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ դա այնքան էլ կարևոր չէ, և որ նման բանը կարող է աննկատ մնալ Ռուսաստանի կամ մյուս երկրների դիվանագիտական շրջանակներում և չթողնել ամոթի դրոշմ երկրի քաղաքական վարկանիշի վրա, նա խիստ սխալվում է: Իսկ մեր կեղծ էլիտայի պետքն էլ չէ: Կարելի է բերել և ուրիշ օրինակներ, այլ երկրների հետ կապված, բայց ի՞նչի համար: Չ՞է որ խնդիրը չվերադարձած քաղծառայողներին չի վերաբերվում (նրանց կարելի է հասկանալ. արտասահմանում հարմարավետ ապրուստից հետո հայրենի անօրինականությունները այդքան էլ գրավիչ չեն): Խնդիրը վերաբերում է այն եզրակացություններին, որոնք արել է (կամ չի արել) իշխանությունը: Սա սեփական հասարակությանը անհաշվելի վնաս հասցնող կեղծ էլիտայի վարքի ընդամենը մի օրինակ է: Մյուս հոդվածում մենք կդիտարկենք, թե ինչպես է արձագանքում հայկական կեղծ էլիտան կարևորագույն խնդիրներին, որոնք նրա առջև են դնում ժամանակը և հասարակությունը:

Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

yerkir.am

Տպել Տպել