Նոր ուսումնական տարին ուսանողները սկսել են բողոքի ակցիաներով

7usanoxnerՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը, որը այսօր՝ սեպտեմբերի 2-ին, նախաձեռնել էր բողոքի ակցիա՝ ընդդեմ ուսման վարձավճարների թանկացման, ժամը 13-ի սահմաններում միացել է ԵՊՀ առջեւ առավոտից բողոքի ակցիա անցկացնող ուսանողներին: Հիշեցնենք, որ ավելի վաղ նրանց միացել էին նաեւ ԵՊՃՀ ուսանողները, հիմնականում՝ առաջին կուրսի ուսանողներ:

Բողոքի ակցիայի մասնակիցներն այնուհետեւ միասին շարժվեցին դեպի Կառավարության շենք, որտեղ պահանջելու են չեղյալ հայտարարել ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:

Ճանապարհին ուսանողները կանգառ են արել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մոտ եւ ապագա մանկավարժներին նույնպես կոչ են անում միանալ իրենց ակցիային:

Ուսանողները վանկարկում են «Ուսանող ոտքի», « Ուսանողի շահերը վեր են կուսակցական շահերից»: Պաստառներից մեկին գրված է. « Լուծեք մեր հարցերը, այլապես մենք կլուծենք ձեր հարցերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանները բերման էին ենթարկել ԵՊՀ երկրորդ կուրսի ուսանող Հարություն Մկրտչյանին եւ առգրավել նրա բարձրախոսը:

news.am

Կառավարություն, պատասխան տուր քո ուսանողին, որին հարստահարել ես. ակցիա նախագահականի դիմաց

g_image

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներն այսօր իրենց բողոքի ակցիան ավարտեցին կառավարության շենքի դիմաց, որտեղ հանդես եկան բարձրակոչ հայտարարություններով. «Կառավարություն, պատասխան տուր քո ուսանողին, որին հարստահարել ես»:

Ուսանողներին մոտեցավ կառավարության նամակների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, ում ուսանողները նամակ տվեցին՝ ուսման վարձերի թանկացման որոշումը չեղյալ համարելու պահանջով:

Ուսանողները հայտարարեցին, որ հաջորդ ակցիան կանցկացնեն սեպտեմբերի 5-ին, նախագահի նստավայրի դիմաց: «Պահանջում ենք նախագահին պատասխան տալ, մենք հույսեր չենք կապում կառավարության հետ»,- հայտարարեց «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Մհեր Ղազարյանը:

«Մենք առանձնակի սպասելիքներ չունեինք էլ կառավարությունից։ Մենք մեր պահանջը ներկայացրինք, կսպասենք պատասխանին։ Հաջորդ քայլը նախագահից ենք պահանջելու պատասխան տալ, կառավարությունը միշտ էլ աչքի է ընկել իր ապակառուցողական մոտեցումներով»,- հայտարարեցին նրանք:

Ցուցարարները նաև զրույց ունեցան նամակների վարչության պետի հետ՝ պահանջելով լրջագույն ուշադրություն դարձնել իրենց պահանջին:

Կառավարությանը փոխանցած նամակով ուսանողական միության անդամները պահանջել են ՀՀ իշխանությունների ուշադրությունը սևեռել ուսանողների սոցիալական վիճակի վրա. «Ուսանողն այսօր դարձել է սոցիալապես ամենախոցելի զանգվածը, և մեզ չի հետաքրքրում, թե ուսման վարձերն ինչ հիմքերով են բարձրացրել»:

«Մի թալանեք ուսանողին, ուսանողը չպետք է պատասխան տա ձեր օֆշորների համար, ձեր անգրագիտության համար ուսանողը չպետք է պատասխան տա, պարոն վարչապե՛տ, իջեք պատասխան տալու, Տիգրա՛ն, հեռացիր» և նմանատիպ այլ կոչեր հնչեցրին ուսանողները:

Նշենք, որ բողոքի ակցիան սկսվել էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դիմացից, անցել ԵՊՀ-ի, ԵՊՏՀ-ի, Երևանի պետական մանկավարժական համալսարանի տարածքներով և ավարտվել կառավարության մոտ:

Նշենք նաև, որ այսօր առավոտյան մի խումբ ակտիվիստ ուսանողներ նույն պահանջով բողոքի ակցիա էին անցկացնում ԵՊՀ-ի դիմաց, որից հետո նրանք գնացին Կրթության և գիտության նախարարություն և չմիացան «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած ակցիային:

tert.am

Տպել Տպել