Վիգեն Բաղումյան. Առաջնայինը պետության գոյապահպանումն է


Oրերս ավարտվեց ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը: Ընդունված բանաձեւերի շուրջ հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վիգեն Բաղումյանի հետ:

-Պրն Բաղումյան, օրերս ավարտվեց ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովը: Ընդունված բանաձեւերից որո՞նք կառանձնացնեք` ըստ կարեւորության:

-Դժվարանում եմ առանձնացնել կարեւորության աստիճանով: Գիտեք, Ընդհանուր ժողովները քննարկում են բազմապիսի հարցեր: Նախ, մանրամասնորեն քննության են ենթարկվում անցած չորս տարիների գործունեության տարբեր կողմերը, եւ տրվում են համապատասխան գնահատականներ, ապա կատարվում է այսօրվա վիճակի վերլուծություն թե՛ արտաքին, միջազգային-շրջանային ու ներքաղաքական կացության, թե՛ Հայաստանի ու Սփյուռքի հասարակական կյանքի առնչությամբ եւ թե՛ ներկուսակցական-կազմակերպական հարցերով: Վերջում, այս բոլորի լույսի ներքո, մշակվում է Հայաստանի, Արցախի, Ջավախքի, սփյուռքյան հին ու նոր հատվածների ապագա գործունեության ռազմավարությունը` կապված Հայ Դատի հետապնդման հետ: Ճշտվում է միջազգային ու շրջանային օտար ուժերի նկատմամբ մեր դիրքորոշումը եւ այլն: Նաեւ որոշումներ են կայացվում առանձին ոլորտների (մամուլ, քարոզչություն, ուղեկից կառույցներ) վերաբերյալ: Ահա թե ինչու այս ամբողջի մեջ դժվար է թվարկել կարեւորները: Բայց եթե միայն մի հարց պետք է առանձնացնեմ, դա Հայաստանի նորաստեղծ Հանրապետության անվտանգության ապահովման ու կայացման հարցն է, որին էլ ժողովը հատկացրեց իր ժամանակի զգալի մասը:
Հատկապես նկատի առնվեցին նախագահական վերջին ընտրությունների հետ կապված անախորժ իրադարձությունները, եւ շեշտը դրվեց երեք անզիջելի սկզբունքների վրա` պետության կայունություն ու անվտանգություն, ժողովրդավարություն եւ հասարակական արդարություն: Երեք սկզբունք, որոնցից յուրաքանչյուրը առանձին արժեք է եւ չի կարող փոխարինվել մյուսով:

Այդուհանդերձ, պարզ է` առաջնային է նախ պետության գոյապահպանումը, թեեւ սա եւս ինչ-որ տեղ պայմանավորված է ժողովրդավարության ու հասարակական արդարության առկայությամբ:

Հայաստանի դաշնակցական մարմիններին հանձնարարված է լրջորեն հետեւել, որ հնարավորինս արագ քայլերով իրականացվեն վերոնշյալ երեք սկզբունքները` թույլ չտալով, որ մի սկզբունք ոտնահարվի` հանուն մյուսի:

-Ներազգային եւ մասնավորապես` Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների ներկա փուլում ի՞նչ որոշումների կամ քաղաքականության կիրառման հանգեց Ընդհանուր ժողովը:

-Հպանցիկ ասեմ, որ Արցախի եւ Ջավախքի հարցով հիմնական փոփոխություններ չլինելով հանդերձ` փոխվեցին շեշտադրումները. օրինակ` Արցախի հարցով ժամանակը հասունացած համարվեց Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման խնդրի լուրջ հետապնդումը: Այս որոշման հիմքում ընկած էր նաեւ այն փաստը, որ անցնող քառամյակում միջազգային քաղաքականության մեջ ի հայտ եկան նմանօրինակ պարագաներ եւ նոր ճանաչում գտած պետություններ: Ջավախքի հարցով նույնպես դրվեց շեշտադրումով բոլորովին նոր միտք: Որոշվեց կապեր հաստատել վրաց հասարակայնության մեջ գործող այն շրջանակների հետ, որոնք այս կամ այն չափով գիտակցում են հայ-վրացական բարեկամության եւ ռազմավարական շահերի ընդհանրության անհրաժեշտությունը` որպես թուրքական ներթափանցման դեմ աշխատող արգելք:

Մանրամասն քննության առնվեցին նաեւ սփյուռքյան տարբեր հատվածների հարցերը. Միջին Արեւելք, արեւմտյան երկրների հայ համայնքներ, նորաստեղծ համայնքներ, ԱՊՀ եւ Ռուսաստանի հայ համայնքներ:

Այնքան մեծ է աշխատանքը եւ լայն` բնագավառը, որ երեւի դժվար է պատկերացնել հիմնական ուղղությունը` վերակազմակերպել սփյուռքյան համայնքները` քաղաքական առումով, այնպես որ, մեր բոլոր հնարավորություններն ու մարդկային ներուժը լծվի եւ մասնակից դառնա համահայկական, առաջին հերթին` Հայաստանի պահանջներին բավարարող գործընթացներին:
Միաժամանակ հզորացնել սփյուռքյան համայնքները` ծրագրված կերպով աշխատանք տանելով արդիականացման ու արդյունավետության ուղղությամբ: Այս բոլորի շաղախը պետք է հանդիսանա Հայաստան-Սփյուռք կապերի առավել ամրապնդումը, հայ ժողովրդի բոլոր հատվածների միջեւ փոխհանդուրժողության մթնոլորտի ձեւավորումը, մի խոսքով` միասնականության եւ համահայկական ու ամբողջական հայության գաղափարախոսության արմատավորումը:

-Պրն Բաղումյան, Սփյուռքի տարբեր գաղթօջախներում, մասնավորապես` վերջերս նաեւ մեր համայնքում մերթընդմերթ խնդրո առարկա են դարձել եկեղեցական թեմերի պատկանելության կամ, այսպես կոչված, Էջմիածին-Անթիլիաս տարանջատմանը միտվող մոտեցումներն ու հայտարարությունները: Ըստ Ձեզ` ո՞րն է այդ զգայուն եւ մշտապես ուշադրության կենտրոնում հայտնվող տարակարծությունների այսօրյա պատճառը, եւ ինչքանո՞վ կարող է դա նպատակահարմար համարվել մասամբ հայաստանամերձ իրանահայ համայնքի հասարակական-համայնքային հեռանկարի տեսանկյունից:

-Մեր դիրքորոշումը շատ հստակ է: Եթե խորհրդային օրերում թեմերի հարցը որոշակի քաղաքական նշանակություն էր պարունակում, այսօր այդպես չէ: Ի դեպ, ասեմ, որ ներկա դրությամբ հաշվի առնելով մեր կազմակերպության անդամների թիվը Հայաստանում, Արցախում, նախկին խորհրդային տարածքներում, արեւելյան ու արեւմտյան Եվրոպայում, էջմիածնական թեմերին պատկանողների թիվն ավելին է, քան կիլիկյան թեմերինը:

Սակայն մեր տեսակետից Հայաստանյայց Առաքելական եկեղեցին ներկայանում է իր նվիրապետական չորս Աթոռներով` Ամենայն Հայոց Էջմիածնի կաթողիկոսություն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն, Երուսաղեմի պատրիարքություն եւ Պոլսո պատրիարքություն: Այս չորս Աթոռները մեր ժողովրդի ազգային-հոգեմտավոր ու մշակութային հարստություններն են: Ճիշտ է, Էջմիածինը նախամեծար է, բայց չորս Աթոռներն էլ ունեն իրենց ուրույն արժեքը եւ պատմական ժառանգությամբ մեզ հասած հարստություն են:

Հետեւաբար, մենք ազգովի պետք է տեր կանգնենք չորսին էլ` առանց խտրականության: Իհարկե, տարբեր գաղթօջախներում թեմերի հարց գոյություն ունեցել է առհասարակ, բայց սա պետք է լուծվի կաթողիկոսությունների միջեւ ներկայումս ընթացող երկխոսությամբ:
Այս հարցերի մասին աղմուկ բարձրացնելը, կրքեր բորբոքելը, առանց այն էլ մեր փխրուն միասնականությունը խոցելի դարձնելը ոչ միայն օգտակար չէ, այլեւ կարող է միայն ծառայել այլոց: Ես գիտեմ, որ շատերն այս հարցերը բարձրացնում են անկեղծորեն, որոնց խորհուրդ կտայինք մի քիչ մտածել, հետո գրիչ շարժել: Սրանք այնպիսի հարցեր են, որ պետք է լուծվեն ընտանիքում` առանց ակամայից ուրիշների համար միջամտության դուռ բացելու:

Արմինե ԷԼԻԱԶՅԱՆ

Տպել Տպել