Հայ Յեղափոխական Դաշնակցության հանձնախումբը մշակել է արտագաղթի կասեցման ծրագիր, որը կոչվում է՝ «Մենք ապրելու ենք մեր երկրում»: Այն ունի 11 կոնկրետ ուղղություն և ներառում է շուրջ 95 կոնկրետ գործողություն, ինչպես նաև կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ փուլեր:
Ծրագրում կան խիստ ուրույն լուծումներ: Մասնավորապես, արտագաղթի կասեցման համատեքստում առաջարկվում է վերանայել իրականացվող կադրային քաղաքականությունը։ Օրինակ՝ առաջարկվում է պաշտոններից անմիջապես ազատել մարդկանց, ովքեր իրենց հակասոցիալական, հակապետական, հակաքրիստոնեական վարքուբարքով պետության անունից որոշակի գործառույթներ են իրականացնում, քանի որ նրանց գործունեության արդյունքում է, որ մարդկանց մոտ առաջանում է հիասթափության զգացում:
Tert.am-ի հետ զրույցում «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ արտագաղթն իր ահագնացող չափերով այլևս ազգային անվտանգության սպառնալիք է:
«Երրորդ Հանրապետության ողջ ժամանակահատվածից սկսած մինչ այս պահը, ինչպես ցույց են տալիս տարբեր վերլուծություններն ու սոցիոլոգիական հետազոտությունները, Հայաստանը կորցրել է իր բնակչության մեկ երրորդից ավելին: Այլ կերպ ասած՝ Հայաստանի Հանրապետությունում և ԼՂՀ-ում բնակչության ժողովրդագրական զարգացումները բերել, կանգնեցրել են անկախ պետականության կորստի հնարավորության առաջ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Ըստ դաշնակցական պատգամավորի՝ փոփոխվել է նաև արտագաղթի որակական կազմը: Եվ եթե նախկինում հիմնականում արտագաղթողների մեծ մասը պատճառաբանում էր աշխատանք և բավարար չվարձատրվելու հանգամանքով, ապա հիմա դրան ավելի մեծ թափ է հաղորդում անարդարության և ապագայի նկատմամբ անորոշությունը:
«Եվ որ ամենասպառնալիցն է, դրանում մեծ մաս է կազմում երիտասարդությունը, ինչը փաստացի վերարտադրության ռեսուրսի նվազեցում է: Սա նաև ձևավորել է արտագաղթի այսպես ասած՝ ցանցային համակարգի ձևավորումը, երբ գնացողն իր հետ է տանում հարևանին, բարեկամին, անգամ եթե նրանք էստեղ ավելի բարեկեցիկ վիճակում են»,- ասաց Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ արտագաղթի նվազեցման ծրագրում ամենակարևորը քաղաքական և հասարակական ողջ ռեսուրսների մոբիլիզացիան է:
Այդ նպատակով Դաշնակցությունը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսում է քննարկումներ իշխանությունների և քաղաքական ուժերի և հասարակական տարբեր հատվածները ներկայացնող ուժերի հետ: Քննարկումներին փորձելու են ներգրավվել նաև Եկեղեցուն, Սփյուռքի ազդեցիկ հատվածներին և գործիչներին, որպեսզի մշակվի վերջնական գործողությունների պլատֆորմը:
Ի պատասխան հարցի, թե այդ 95 կոնկրետ գործողությունները, բնականաբար, պահանջում են ֆինանսական ահռելի ռեսուրսներ, Արծվիկ Մինասյանը նկատեց.« Ոչ միայն պահանջում են, այլև ավելի մեծ միջոցներ են պահանջում, քան որևէ մեկը կարող է մտածել, որ դրանց կբավարարի միայն պետական բյուջեն: Ո՛չ, պետական բյուջեն բավարար չէ, և դրա համար էլ նախատեսվում են այսպես ասած՝ հանրային ֆոնդեր: Ինչպիսին օրինակ՝ նույն վերաբնակեցման գաղափարն է թե՛ սահմանամերձ և թե՛ ազատագրված տարածքներում»:
ՀՅԴ–ական պատգամավորը նկատեց, որ պետք է փոխվի ծնելիության խրախուսմանն ուղղված ողջ քաղաքականությունը, ինչի համար ևս ֆինանսական ռեսուրսներ են անհրաժեշտ:
«Բայց առավելապես մինչև ֆինանսական ռեսուրսներին հասնելը պետք է հասնել նրան, որ ծրագիրը ընկալելի դառնա բոլորին: Եվ իշխանությունների կամքն այստեղ խիստ կարևոր է»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Ի պատասխան, հարցի, թե ովքե՞ր են դատավորները, որ օրինակ՝ կադրային քաղաքականության մեջ պետք է որոշեն, որ այսինչ պաշտոնյան հակապետական, հակասոցիալական, հակաքրիստոնեական գործունեություն է իրականացնում, Արծվիկ Մինասյանն ասաց.«Դատավորը իշխանության և հասարակության ակտիվ զանգվածն է, եթե իշխանությունն այնքան կամք ունենա և կարողանա ասել, որ օրինակ՝ այսինչ պաշտոնատար անձն իսկապես իր վարքագծով չի ապահովում պետության զարգացումը: Ես միտումնավոր անուններ չեմ տալիս, որպեսզի նոր հակադրությունների տեղիք չտամ, որովհետև եթե ես հիմա անուն հրապարակեմ, ապա հնարավոր է՝ իշխանությունը չգնա այդ քայլին»:
Արծվիկ Մինասյանը նկատեց, որ պետք է փոխվի երկրի քաղաքական-հասարակական իրադարձությունների ներկայացումը նշելով.«Այսօր մենք ունենք երկու հակադիր մոտեցում. մի կողմից ամեն ինչ բացասական ներկայացնելն է, մյուս կողմից՝ «ամեն ինչ լավ է, դրական է, աչք ունեցողը կտեսնի» քաղաքականության դրսևորումն է: Սրանք երկու ծայրահեղություններ են, որոնք բերում են հասարակության մեջ հիասթափության ավելացմանը, սոցիալական դեգրադացիայի: Եվ պատահական չէ, որ հեռացողների մի զգալի հատված պատասխանում է, որ ՀՀ-ում իրենց ապագան չեն տեսնում»:
Սա, ըստ Արծվիկ Մինասյանի՝ նշանակում է, որ փոփոխությունների և հրապարակային քարոզչության անհրաժեշտություն ունի նաև տեղեկատվական համակարգը:
«Այնքան, որքան հակահայաստանյան քարոզչություն է իրականացվում, նույնքան էլ կամ դրանից ավելի ներքին քարոզչություն հակապետական ընթացք է ստանում մեր երկրի ներսում»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը և ավելացրեց. «Իշխանություններին քննադատելը չպետք է ընկալվի որպես երկրին ու պետությանը ուղղված քննադատություն: Սա փոխադարձ ընկալելի պետք է լինի թե՛ քննադատողների և թե՛ քննադատվողների համար: Եվ քննադատողներն էլ չպետք է այնքան հեռուն գնան, որ իշխանություններին քննադատելու փոխարեն սկսեն երկիրը փնովել»:
Բնականաբար, ծրագրում կան հարկային, մաքսային, առողջապահական, բանակին վերաբերող կարգավորումներ: Ի պատասխան հարցի, թե ի՞նչ երաշխիք կա, որ իշխող մեծամասնությունը այն կյանքի կկոչի, այսինքն՝ կա՞ այս մասին քաղաքական պայմանավորվածություն, դաշնակցական պատգամավորն ասաց, որ ոչ, թեև շատ կուզենային քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերել քննարկումների փուլում:
Իսկ եթե իշխանությունը հրաժարվի ծրագիրն իրագործելուց, ապա, ըստ Արծվիկ Մինասյանի, պետք է հաջողեն հանրությանը համախմբել ծրագրի շուրջ՝ «ընդհուպ մինչև իշխանափոխության միջոցով վերացնելու այդ խոչընդոտը»:







