Այո, ես ստացել եմ Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ

vahan HՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հարցազրույց yerkir.am-ին

– Պարոն Հովհաննիսյան, վերջին օրերին մամուլը ողողված է Ձեր դեսպան նշանակվելու լուրերով: Նշվում է նույնիսկ երկիրը՝ Գերմանիան:

– Ինչպես հաճախ է պատահում մեր իրականության մեջ, ցանկացած լուր կամ նորություն որոշ լրատվամիջոցներ արհեստականորեն վերածում են սկանդալային ինտրիգի, հաղորդելով դրան սենսացիոն բնույթ: Անցած օրերին ես հետաքրքրությամբ էի ծանոթանում տարատեսակ մեկնաբանություններին, որոնց մեջ սակավաթիվ լուրջ արձագանքների կողքին հաճախ հայտնվում էին մաղձոտ կամ պարզապես անտրամաբանական մեկնաբանություններ: Կարծում եմ հիմա որոշ պարզաբանումներ տալու ժամանակն է: Ես դա կանեմ կետ առ կետ եւ եթե հարցեր մնան, պատրաստ եմ դրանց նույնպես պատասխանել:

1. Այո, ես ստացել եմ Հայաստանն արտասահմանում ներկայացնելու առաջարկ:

2. Առաջարկն ուղղված է ինձ անձնապես, ոչ թե Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Սա կուսակցության հետ համագործակցելու կամ ինչ որ նոր դաշինք կազմելու առաջարկ չէ: Կրկնում եմ՝ առաջարկն արված է ինձ անձնապես եւ իմ կողմից եղել է ընդունելի: Բնականաբար, սակայն հարցը ներկայացրել եմ կուսակցությանը եւ կուսակցությունը եւս տվել է իր համաձայնությունը:

3. Ինձ համար այս առաջարկության մեջ արտառոց որեւէ բան չկա: Ես արդեն իսկ վերջին երեք տարիներին աշխատում եմ արտաքին հարաբերությունների ասպարեզում, մինչեւ վերջերս ղեկավարելով Հայաստանի Խորհրդարանի պատվիրակությունը Եվրանեսթ Պառլամենտական Վեհաժողովում, իսկ ներկայումս հանդիսանալով այդ միջազգային կառույցի փոխնախագահ: Ես նախկինում էլ ակտիվորեն ներգրավված եմ եղել խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում, 2000-ականների սկզբին դառնալով ՆԱՏՕ-ի ԽՎ-ում առաջին պատվիրակության ղեկավարը, հետագայում ղեկավարելով մեր պատվիրակությունը ԵԱՀԿ ԽՎ-ում եւ հանդիսանալով հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ: Սակայն շեշտում եմ հատկապես վերջին երեք տարիները, քանի որ Հայաստանի եվրոինտեգրացման քաղաքականության պայմաններում Եվրանեսթի աշխատանքը դարձել է ամենօրյա լիարժեք դիվանագիտական աշխատանք: Եվ չնայած բավականին ոչ նպաստավոր պայմաններին, որ ստեղծվել են մեզ համար ՎՈՒԱՄ երկրների պատվիրակությունների կողմից, մեր պատվիրակությունը, մինչեւ այժմ արձանագրել է լուրջ հաջողություններ: Սխալվում են նրանք, ովքեր կարծում են թե խորհրդարանական դիվանագիտությունը տրամագծորեն տարբերվում է պաշտոնական դիվանագիտությունից: Ըստ էության այս երկուսը ընթանում են զուգահեռաբար եւ չնայած մասնավոր առանձնահատկություններին նույն գործի տարբեր ճակատներն են ու չեն կարող միմյանց հակասել: Այլ կերպ կարող են կարծել մասնավորապես նրանք, ում համար միջազգային բեմերը Հայաստանում սեփական անկարողությունը քողարկող եւ երկրի վրա ցեխ լցնող ելույթների ասպարեզ է միայն: Ես դրանց թվին չեմ պատկանում:

4. Արված առաջարկն ունի գործնական բնույթ եւ չի հանդիսանում իմ քաղաքական հայացքների փոփոխությունների հետեւանք, հետեւաբար չի կարող դառնալ նմանատիպ փոփոխության պատճառ: Մյուս կողմից այս առաջարկն անողը վստահորեն քաջատեղյակ է եղել իմ հայացքներին եւ իր համար եւս խնդիր չի առաջացել: Նշանակում է, որ այս հարցում չի լինելու հակասություն, առավել եւս դիրքորոշումները վերանայելու խնդիր:

– Սակայն որոշ լրատվամիջոցներ այն կարծիքն են հայտնում, որ ձեր նշանակումը կարող է Դաշնակցության քաղաքական ուղեգծի փոփոխության մասին վկայել

– Որոշ լրատվամիջոցներ սխալվում են , ինչպես դա շատ հաճախ է պատահում: Դա արվում է միտումնավոր՝ հանրությանը ապակողմնորոշելու համար, իբրեւ թե հարցը թյուրըմբռնման արդյունք է՝ չեմ ուզում քննարկել: Բայց բոլորը գիտեն՝ Դաշնակցության քաղաքական ուղեգիծը չի որոշվում նրա անդամների կամ նույնիսկ ղեկավարների աշխատանքի վայրով, զբաղեցրած պաշտոնով եւ այլն: Ես չեմ կարծում որ իմ կամ մեկ այլ դաշնակցական պատասխանատուի քննադատական ելույթը մեր կոալիցիայում եղած ժամանակ եւ հիմա շատ է տարբերվում իր բովանդակությամբ: Ով չի հավատում, կարող է համեմատել: Մենք նույնն ենք կոալիցիայում կամ դրանից դուրս, ընդդիմության շարքերում կամ դրանից դուրս: Մեր նպատակները չեն փոխվում: Ուրեմն այս կամ այն դաշնակցականի կողմից, նույնիսկ եթե ղեկավար է, անհատապես պետական աշխատանք ստանձնելը կուսակցությանը բացարձակապես չի կաշկանդում եթե այդ աշխատանքն իր բնույթով համընկնում է այն ասպարեզին ուր կուսակցության համագործակցությունը պետական կառույցների հետ հիմնված է կուսակցության որոշումների եւ հայեցակարգի վրա եւ ունի ավանդական բնույթ: Գաղտնիք չէ, որ արտաքին հարաբերությունների ասպարեզում մեր կուսակցությունը միշտ էլ համագործակցել է Հայաստանի իշխանությունների հետ այն բոլոր հարցերում, որտեղ համատեղ աշխատանքը, հայկական շահերի ապահովման առումով, ավելի մեծ արդյունք է խոստացել: Դա ճիշտ է բոլոր ժամանակների համար: Այդպես էր նույնիսկ ԼՏՊ-ի իշխանության օրոք, երբ կուսակցությունը Հայաստանում հալածված էր, բայց իր պարտքը Հայաստանի նորանկախ պետականության առջեւ կատարում էր արտերկրում: Այսօր էլ շատ արձանագրված հաջողություններ արդյունք են ՀՅԴ Հայ դատի գրասենյակների ու հայ դիվանագետների համագործակցության: Հայաստանի իրական շահերի պաշտպանության հարցում որեւէ առաջարկ մենք երբեք չենք մերժել, հատկապես երբ երկիրը կանգնած է լուրջ փորձությունների առջեւ :

– Բայց չէ որ կան նաեւ հակասություններ: Դաշնակցությունը միշտ անհամաձայնություն է հայտնել հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Պահանջել է նույնիսկ արտգործ նախարար Էդուարդ Նալբանդյանի հրաժարականը: Ինչպե՞ս եք պատրաստվում նրա հետ աշխատել:

– Իհարկե հակասություններ , նույնիսկ լուրջ հակադրություններ գոյություն ունեին եւ հիմա էլ ունեն: Միայն ձեր մատնանշած հարցը չէ կան նաեւ այլ խնդիրներ՝ օրինակ Արցախի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության պայմանագիր կնքելու հարցը եւ այլն: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, պետք չէ մոռանալ, որ մեր կուսակցությունը եւ մեր քաղաքական գծի կողմնակիցները, որ թե՛ Սփյուռքում թե՛ Հայաստանում, կազմում էին մեր հասարակության մեծամասնությունը՝ հիմնականում հասան իրենց նպատակին: Հիշեք Սահմանադրական Դատարանի որոշումը: Եվ կրկնում եմ, Դաշնակցության լիդերներից մեկի աշխատանքը դիվանագիտական ասպարեզում ոչ մի կերպ չի կաշկանդում կուսակցությանը: Դիվանագետի աշխատանքն իհարկե ենթադրում է որոշակի էթիկայի կանոններով թելադրված սահմանափակումներ , բայց դա նորմալ երեւույթ է : Իսկ հայ-թուրքական արձանագրությունների սնանկությունը հենց Թուրքիայի եւ նրա դաշնակիցների պահվածքով բոլորին հասկանալի դարձավ:

– Եւս մեկ հարց այլ ասպարեզից՝ ճի՞շտ են այն լուրերը, որ Դուք գեղարվեստական գիրք եք գրել:

– Այո:

– Դա ինչ է, վե՞պ:

– Այո, բայց այդ մասին եկեք խոսենք մեկ ուրիշ անգամ:

Հարցազրույցը` yerkir.am-ի

03/09/2013

Տպել Տպել