Ի գործ, պարոնա’յք

siria«Կիլիկիայի հայոց կաթողիկոսն ասաց, որ հայերը պարտք ունեն կատարելու, պիտի մնան: ՀՅԴ-ն ամպագոռգոռ հայտարարեց, որ պաշտպանելու են հայերին, ո՞ւր են հիմա»,- հարց է հնչեցրել ՀՀ նախկին փոխարտգործնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ խոսելով Սիրիայում և, մասնավորապես, Հալեպում ստեղծված իրավիճակի մասին:

Որպեսզի սիրիահայության ճակատագրով խիստ մտահոգ սույն պարոնն իրեն հանկարծ Կիևյան կամրջից ցած չգցի, հանգստացնենք՝ ասելով, որ Կիլիկիայի հայոց կաթողիկոսն իր նստավայրում է, իսկ ՀՅԴ-ն՝ Սիրիայում և Հալեպում՝ մասնավորապես:

«Պետք էր տագնապ հնչեցնել աշխարհով մեկ»,- սրտակեղեք գոչել է դեսպանը: Կրկին հանգստացնենք ՝ արդեն հնչեցվել է: Ավելին` այս պահին էլ տագնապ է հնչեցվում, դռներ են թակվում, հայտարարություններ են արվում, անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվում:

Պարոն դեսպանը նաև հայտարարել է՝ եթե Ամերիկան հարձակվի, և Ասադը ընկնի, Հալեպում մորթ կկատարվի: Ինչպիսի դիվանագիտական հաշվարկ: Իսկ եթե ԱՄՆ-ը չհարձակվի, և Ասադն էլ չընկնի, Հալեպում մորթ չի՞ կատարվելու: Թե՞ Ասադը կների իրեն ու երկրին այսքան տառապանքներ պարգևած ընդդիմադիրներին, ավելի ճիշտ` վարձկան տեռորիստներին: Ի՞նչ անեն հայերը, որ ակամա դավաճանի պիտակ չստանան Ասադի կողմից: Ի վերջո, Սիրիան այդ հայերի հայրենիքն է, նրանք այդ երկրի քաղաքացիներ են:

Եթե Արման Նավասարդյանն անկեղծ լիներ իր տագնապների մեջ, ապա ոչ թե մամուլի ասուլիս պիտի տար ու Հայաստանում մեղավորներ փնտրեր` Սիրիայի կացության հետ կապված, այլ պիտի հանդես գար Հայաստանի իշխանությունների և Սիրիայում գործող հայկական կազմակերպությունների ջանքերը մեկտեղելու, համակարգելու պահանջներով: Այլապես ի՞նչ է նշանակում նրա հայտարարությունը՝ թե ՀՅԴ-ն միայն ամպագոռգոռ հայտարարություններ էր անում: Նավասարդյանը տեղյակ չէ՞, որ ՀՅԴ-ն՝ սկսած մարդասիրական օգնությունից մինչև հնարավոր միջոցներով համայնքի անվտանգության պաշտպանություն, ամեն ինչ արել ու անում է սիրիահայության համար: Ուրեմն` ինչի՞ համար է պարոն դեսպանի կողմից հրապարակ նետվող այս «մտահոգությունը»:

Համադրելով մեր որոշ լրատվամիջոցների (սրանց ծագումնաբանության մասին խոսել անգամ չենք ուզում) որոշ հրապարակումներ, հեշտությամբ կարելի է նկատել, որ իշխող կուսակցությանն այնքան էլ դուր չի գալիս առանձին դաշնակցական գործիչների դիվանագիտական ցանկալի պաշտոններ (ձևակերպումը ՀՀԿ-ինն է) վստահելու` Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը: ՀՀԿ-ականները հատկապես փոթոթվում են Վահան Հովհաննիսյանին Գերմանիայում ՀՀ դեսպան նշանակելու հեռանկարից: Եվ ահա իրենց կարճ խելքով Նավասարդյանին են մեյդան հանել, որ քննադատեն ՀՅԴ-ին: Ի դեպ, հենց Վահան Հովհաննիսյանն է Սիրիայում սկսված տագնապի առաջին օրերից ղեկավարում ՀՅԴ-ի ծավալած «Օգնիր եղբորդ» լայնածավալ ծրագիրը:

Ի՞նչ կարելի է ասել նրանց և նրանց նավասարդյաններին: Սիրիայում, պարոնա’յք, վիճակն, իրոք, բարդ է: Եվ անթույլատրելի է այդ վիճակի վրա պոլիտիկանություն անելը: Սիրիայի և Հալեպի հայությանը իրական օգնություն է անհրաժեշտ, այլ ոչ թե ձեր անկապ կուրծք ճղելն ու կիսահայրենասիրական ճառերը: Ընդ որում՝ օգնությունը պետք է թե’ այնտեղ, թե’ այստեղ՝ Հայաստանում: Այնպես որ՝ ի գործ, պարոնա’յք, ի գործ:

Էդիկ Անդրեասյան

yerkir.am

Տպել Տպել