Արցախի անկախությանը նվիրված 5-օրյա միջոցառումները Երեւանում լուրջ արձագանք են գտել

07.09.13-9059arts-hyusՀյուսիսային պողոտայում Արցախի անկախությանը նվիրված 5-օրյա միջոցառումների շարքի ամփոփումն է: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին Եռաբլուրից մեկնարկած երթին հաջորդեցին համերգը, լուսանկարչական ցուցահանդեսը, ֆիլմերի ցուցադրությունը, հանդիպում-քննարկումները: Ազգային երգի ձայնը նորից մարդկանց հավաքում է Հյուսիսային պողոտայում:

Վերջին ամփոփիչ հանդիպումն “Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը Հայ Դատի աշխատանքներում” խորագրով է: ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հանդիպումը սկսում է Ղարաբաղյան շարժման ծննդով ու Արցախի անկախության միջազգային ճանաչման համար մինչ օրս շարունակվող պայքարով: Հիշեցնում է` մասնակի ճանաչում առանձին նահանգների ու հեղինակավոր անձանց կողմից եղել են: Սրանք թեեւ իրավական ուժ չունեն, բայց հասարակական կարծիք են ձեւավորում: Ղարաբաղյան շարժման նպատակն ի սկզբանե Հայաստանին միացումն էր: Դեպի այդ նպատակն է տանում նաեւ անկախության ճանաչման գործընթացը` վստահ է Կիրո Մանոյանը:

“Ճանաչում չի նշանակում, որ բոլոր պետությունները կամ պետությունների կեսը կամ 20 պետություն պետք է ճանաչի, ինչ-որ թվով պետություններ պետք է ճանաչեն: Ճանաչումից հետո 2 անկախ պետությունները` ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն միասին կարող են համաձայնել միանալ, եւ դա ոչ մեկի գործը չէ, այլ 2 պատությունների”,- ասաց Մանոյանը:

Միջոցառմանը միանում են պատահական անցորդներ: Ներկաներից շատերն այս օրերին ոչ մի հանդիպում բաց չեն թողել: Նախաձեռնողները գոհունակությամբ շեշտում են` միջոցառումների այս շարքի հանդեպ մարդկանց դրսեւորած հետաքրքրությունը մեծ էր:

“Այսօր 5-րդ օրն է, արդեն եզրագծին են հասնում միջոցառումները եւ արձագանքները մեծ են: Ամենից ոգեւորիչը, որ հասարակ ժողովուրդն անտարբեր չի անցնում ո՛չ այս լուսանկարների, ո՛չ միջոցառումների կողքով”,- ասաց ՀՅԴ ԳՄ հասարակայնության եւ լրատվության հետ կապերի պատասխանատու Գայանե Մանուկյանը։

“Անհրաժեշտ են էս կարգի միջոցառումները, որպեսզի մեր ժողովուրդը հասկանա, թե 25 տարում ինչ է կատարվել Արցախում, որպեսզի ավելի լավ ճանաչի, ավելի լավ տեսնի իր անցյալն ու համապատասխան հետեւություններ անի, թե սրանից հետո ինչպես շարժվի առաջ”,- նշեց Եսայի Հարությունյանը։:

Հանդիպում-քննարկումից հետո ռեժիսոր, մեր գործընկեր Ջիվան Ավետիսյանի “Ընդհատված մանկություն” ֆիլմի ցուցադրությունն է: Ֆիլմն արցախյան պատերազմի ժամանակ գերի ընկած հայ աղջկա պատմությունն է:

Տպել Տպել