Որպեսզի նման որոշումներ չկայացվեն, պետք է ունենանք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն

Նոյյան տապանՄաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը չի նշանակում, որ Հայաստանը լքել է Եվրոպական վեկտորը եւ վերադարձել՝ Խորհրդային միություն, այս մասին, այսօր, սեպտեմբերի 6-ին, «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Ըստ նրա` ոչ այնքան որոշումն է սխալ, որքան այդ որոշումը կայացնելու ձևը: «Հանրության` այս աստիճան բացասական վերաբերմունքի պատճառը պայմանավորված է նման անսպասելի որոշման մասին անիրազեկությամբ»,- ասել է Մանոյանը: Նա կարծում է, որ այդ որոշումը, հավանաբար, կայացվել է հենց Մոսկվայում, և «գիշերային դիվանագիտության» շարքը դասեց այն:

Նրա խոսքով, սակայն, դա դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ կա’մ եվրոպակական ասոցացմանը, կա’մ Մաքսային միությանը միանալու որոշումը պաշտոնապես օրինականացնելուց հետո էլ գործընթացը շարունակվելու է, շարունակվելու են բանակցությունները: «Հայաստանը փաստաթուղթը ստորագրելու հաջորդ առավոտը դռները չի բացելու, մտնելու կա’մ Ազատ առևտրի գոտի, կա’մ Մաքսային միություն»,- ասել է նա:

Ըստ Մանոյանի կայացված որոշումը չի նշանակում, որ վաղն առավոտյան կամ երկու ամսից մաս ենք կազմելու Մաքսային միությանը:

Քաղաքական գործիչը կարծում է, որ Հայաստանի առջեւ ընտրություն կատարելու որոշում կդրվի: Նա դժգոհությունն է հայտնել, որ երկրի իշխանությունները Հայաստանի մյուս քաղաքական ուժերին այդ որոշմանը չէին նախապատրաստել, նույնն էր իրավիճակը նաեւ Եվրամիության դեպքում: «Եվրամիությանը եւս չէին նախապատրաստել եւ դա կարող էր դժգոհություն պատճառ դառնալ: Ոչ թե որոշումը, այլ որ իրենց տեղյակ չեն պահել այդ մասին: Այդ պարագայում մեր հասարակության մեջ էլ դժգոհության ալիքն ավելի նվազ կլիներ, եթե համապաատասխան աշխատանք տարած լինեին»,- նշել է Կիրո Մանոյանը:

Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը չպետք է խոչընդոտի երկրի ներսում բարեփոխումներին եւ Եվրամիության հետ քաղաքական հասարակական ինտեգրմանը, շեշտել է Կիրո Մանոյանը:

Հարցին, թե Մաքսային միությանը միանալու դեպքում հնարավո՞ր է՝ գազի սակագնի փոփոխման որոշում կայացվի, Կիրո Մանոյանը պատասխանել է. «Հայտարարության մեջ նման բան չկա, ես ինչպե՞ս կարող եմ դա տրամաբանական համարել»:

Դիտարկմանը, թե կարծիք կա, որ ՀՀ իշխանությունների կողմից նման որոշում է կայացվել իշխանությունը պահելու համար, պատասխանել է՝ կա նման կարծիք եւ որ Եվրամիության հետ էլ նման բանակցություններ կային, որոնք հաստատեցին, որ լավ ընտրություններ են կատարվել: Իշխանությունների մեղավորությունը այս հարցում այն է, որ դա արվում է ի հաշիվ պետություն եւ ժողովրդի»:

Նրա խոսքով, կարեւորը այն չէ, թե ռուսները, ղազախները, Եվրամիությունը ինչ կասեն. Մենք պետք է ունենանք ժողովրդի կողմից ընտրված իշխանություններ, որ նման որոշումներ չկայացվեն:

Անդրադառնալով Սիրիայի շուրջ զարգացող իրադարձություններին՝ Կիրո Մոնյանը մտահոգություն է հայտնել, որ Սիրիայի հարեւան երկրները եւս վտանգված են. Տարածաշրջանում կայունության պահպանման խնդիր կա, որովհետեւ, եթե Միացյալ Նահանգների կողմից որեւէ ձեւի հարձակում լինի, դա անկախատեսելի հետեւանքներ է ունենալու տարածաշրջանի համար եւ խոսքը ոչ միայն Սիրիայի մասին է:

«Այդ ապակայունացումը մեզ պետք է մտահոգի: Ինչ վերաբերում է Սիրիայի հայության խնդիրներին, պարզ է, որ նման գործողությունները կմեծացնեն նրանց անվտանգությանն սպառնացող վտանգները»,- հավելել է Կիրո Մանոյանը եւ մտահոգիչ համարել Սիրիայում տեղի ունեցող գործընթացները:

Մեկնաբանելով Արման Նավասարդյանի հայտարարությունը, թե մի շարք հասարակական-քաղաքական ուժեր, այդ թվում` ՀՅԴ-ն, շարունակ հանդես էին գալիս սիրահայությանն ուղղված` տասնամյակների պատմություն և արժեքներ ունեցող համայնքը չկորցնելու, երկիրը չլքելու ամպագոռգոռ կոչերով, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է, որ Դաշնակցությունը երբևէ նման կոչերով հանդես չի եկել, և երբեք ոչ ոք չի պարտադրել սիրիահայությանը լքել Սիրիան, սակայն Դաշնակցությունը միշտ էլ կողմնակից է եղել սիրիահայերի` Հայրենիք տեղափոխվելուն և ամեն կերպ աջակցել է նրանց այդ գործում: Ըստ Մանոյանի` կուսակցությունը նաեւ պարբերաբար նյութական աջակցություն է ցուցաբերել պատերազմի ճիրաններում մնացած համայնքին:

Կիրո Մանոյանը անդրադարձել է նաեւ առանձին դաշնակցական գործիչների արված դիվանագիտական աշխատանքի առաջարկներին: Ըստ նրա` Վահան Հովհաննիսյանը ստացել է եվրոպական երկրներից մեկում ՀՀ դեսպան լինելու առաջարկ և տվել է իր համաձայնությունը: «Այս քայլը շատերը որակեցին սեփական դիրքորոշումները մերժող, շատերն էլ շտապեցին գնահատական տալ` ասելով, թե Դաշնակցությունը ծախվել է»,- ասել է Կիրո Մանոյանը և հավելել, որ «աննորմալ է վաղօրոք նման գնահատականներ տալը», քանի որ շատերը միայն ենթադրություններ են անում, թե Վահան Հովհաննիսյանը դրսում վարելու է ՀՀ իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքականությունը. «Եթե լինեն պարտադրանքներ, ապա ուշ չէ հավաքել իրերն ու հեռանալ երկրից` հրաժարվելով դեսպանի լիազորություններից»:

Տպել Տպել