ՀՅԴ-ն «Մենք ապրելու ենք մեր երկրում» արտագաղթի տեմպերի նվազեցման ծրագիր է մշակել

Արծվիկ1ԱԺ-ում այսօր հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացել է կուսակցության առաջիկա կոնկետ քայլերը՝ միտված արտագաղթի կասեցմանը։ Նա տեղեկացրել է, որ այդ նպատակով ՀՅԴ-ն ծրագիր է մշակել։
Պատգմավորի հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ։

“Այս կամ այն ժողովրդին սպանել պետք չէ, նախ սպանեք ազգի հավատը, և նա կդադարի վերարտադրվելուց:
Փաթ Բյուքենեն` ԱՄՆ երեք նախագահների ավագ խորհրդական

Հայաստանի առջև ներկայումս ծառացած խոշորագույն մարտահրավերն ազգային անվտանգության սպառնալիքի վերաճած արտագաղթն է: Վերլուծություններն ու հարցումները փաստում են, որ երկրից հեռանալ ցանկացողների թիվը չափազանց մեծ է: Երկրում ստեղծվել է մի վիճակ, երբ, չկարողանալով ինքնադրսևորվել, շատերը փոխում են իրենց տեսակը կամ, իրենց և սերունդների ապագայի անորոշությունից դրդված, լքում են հայրենիքը: Այլ կերպ ասած՝ հասարակության տեսակը փոխակերպվում է:

Վերլուծությունները փաստում են, որ արտագաղթի հիմնական պատճառներն են աշխատանք և բավարար ապրուստ չունենալը, արդարության ու ապագայի նկատմամբ հավատի բացակայությունը: Անտարակույս, երկրի բազմաբնույթ խնդիրների ամբողջական և համապարփակ լուծումների հիմքը ազգային մտածողություն ունեցող նոր որակի քաղաքական վերնախավի ձևավորումն է։ Վստահ ենք, որ արմատական բարեփոխումներ նախատեսող ՀՅԴ յոթ առաջնահերթ գործողություններ առաջարկող պլատֆորմը կձևավորի այդ վիճակը, ինչը նաև նշանակում է, որ դրանց անհրաժեշտությունը պետք է լիարժեք ընկալելի ու գործադրելի դառնան քաղաքական իշխանության, ընդդիմության և հասարակության բոլոր շերտերի կողմից: Թեև սա պահանջում է տևական ժամանակ, սակայն օր առաջ պետք է հասարակական ամենալայն շրջանակների համախմբման միջոցով գործադրել նպատակային քաղաքականություն՝ երկրում ձևավորելու քաղաքացու կյանքի, ազատության և սեփականության անձեռնամխելի իրավունքների երաշխավորման համակարգ: Այդ դեպքում հեռանալու որոշումը մարդիկ կփոխեն երկրում արժանապատիվ ապրելու որոշման: Այլ կերպ ասած կվերականգվի մարդկանց հավատը:

Ահա թե ինչու ՀՅԴ-ն ձեռնամուխ է եղել “Մենք ապրելու ենք մեր երկրում” արտագաղթի տեմպերի նվազեցման ծրագրի մշակմանը: Մեր կարծիքով, անհրաժեշտ է տասնմեկ ուղղություններով ձեռնարկել գործողություններ, որոնք ներառում են շուրջ 95 կոնկրետ քայլեր: Առաջիկա օրերին ծրագիրը մամուլի ասուլիսի միջոցով առավել մանրամասը կներկայացվի: Ծրագրի գործադրման մեջ պատասխանատվություն պետք է ստանձնեն ընդդիմությունն ու քաղաքական իշխանությունները, զանգվածային լրատվության միջոցները, քաղաքացիական հասարակությունը, հասարակական-քաղաքական հատվածը, եկեղեցին, Սփյուռքի ազդեցիկ շրջանակաները, մտավորականությունը և հատկապես երիտասարդությունը: Ծրագրի արդյունավետ գործադրման երաշխիքը հասարակության լայն համախոհությունը, պահանջների բյուրեղացումն ու կազմակերպվածությունն է, ինչն ապահովելու նպատակով նշված բոլոր հասցեատերերի հետ, կարճ ժամանակահատվածում, իրականացվելու են ծրագրային գործողությունների և դրանց ճանապարհային քարտեզի քննարկումներ: Լայն համաձայնությամբ ձևավորված ամբողջական ծրագրի գործադրմանը խոչընդոտող կամ դիմադրող ցանկացած արգելք` համախմբված հասարակության կողմից գնահատվելով որպես անկախ պետականության սպառնալիք, պետք է վերացվի, սահմանադրությամբ չարգելված ցանկացած գործողության միջոցով:

Հայրենակիցներ, Պահի լրջությունը պահանջում է. մեկտեղել բոլորիս ուժերը, ցուցաբերել կամք և վճռականություն, ձեռնարկել գործողություններ` վերականգնելու ապագայի նկատմամբ հավատը, նվազեցնելու արտագաղթի տեմպերը, հիմքեր ստեղծելու ներգաղթի կազմակերպման և պետականության հզորացման համար”:

yerkirmedia.am

Տպել Տպել