Երեք հարց ԱԳ նախարարին` Մաքսային միության անդամակցութան որոշման մասին

Armen5 ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում Մաքսային միությանը միանալու վերաբերյալ դռնփակ նիստից դժգոհ էր, քանի, որ նրա խոսքով, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հստակ չի պատասխանել հարցերին:

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ պատգամավորը նշեց, որ Մաքսային միության անդամակցութան որոշման մասին երեք հարց է ուղղել նախարարին. առաջին հարցը վերաբերում էր Ղարաբաղի անվտանգությանը: Ի պատասխան նախարարը վստահեցրել է, որ Մաքսային միությանը միանալու որոշումից Ղարաբաղը չի տուժի: Երկրորդ հարցը վերաբերել է մեր պարտավորություններին: «Նախարարն ընդունեց, որ պարտավորություններ կան և ծավալը տարբեր է, բայց այդպես էլ պարզ չդարձավ արդյո՞ք հաշվարկը կատարվել է և հետագայում արդյո՞ք մեզ նորից չեն ասելու, որ դուք չեք համապատասխանում հիմա էլ առևտրային համաշխարհային կազմակերպությանը»,- նկատեց Ռուստամյանը:

Իսկ երրորդ հարցը վերաբերել է նրան, թե արդյո՞ք Եվրասիական միությունը քաղաքական միավոր դառնալու պարագայում նորից չի ստիպի վերանայել Վիլնյուսում ստորագրած համաձայնագիրը: Էդուարդ Նալբանդյանն այս հարցին ընդհանրապես չի պատասխանել: Հարցին, թե արդյո՞ք ԱԳ նախարարը խոսել է Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա գործած ճնշումների մասին, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Պարոն Նալբանդյանը հավաստիացնում է, որ որևէ ճնշում չի եղել և այդ հայտարարությունները, որը կատարվել են, այդքան էլ անսպասելի չեն եղել:

Այստեղ կարելի է համաձայնվել, որովհետև հանրության առաջ հանրապետության նախագահը հանդես է եկել, որ մենք չենք ստացել հրավեր, որպեսզի քննարկենք, բայց դեմ չենք, որ այդ գործընթացի մեջ մտնենք: Դա իսկապես եղել է»: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորը նշեց, որ երբ ԱԳ նախարարին հարցրել են, թե ինչու 4 տարի բանակցելուց հետո որոշեցին անդամակցել այս անգամ Մաքսային միությանը, Էդուարդ Նալբանդյանը պատասխանել է, որ որևէ նոր բան չի եղել, որը կարող էր ցնցում առաջացնել:

«Ասում է, որ մենք բազմիցս հանդիպել ենք եվրոպացիների հետ, նրանք երբեք չեն ասել, որ ձեր մոտեցումները մեր համար ընդունելի չեն՝ կապված Մաքսային միության անդամակցելու հետ: Նախարարի խոսքով եվրոպացիներին տեղյակ են պահել, որ գոյութուն ունի Մաքսային միության գործընթաց»: Արմեն Ռուստամյանը հայտնում է, որ տեղյակ չէ, թե ինչ ձևով են բանակցությունները տարվել, բայց Ղարաբաղի հարցում պետք է հստակ լիներ մեր պատասխանը: «Ես դրա համար առաջին հարցը հենց դա ձևակերպեցի` Ղարաբաղը որ տեղում է լինելու, եթե Ղարաբաղը լինելու է Մաքսային միության, այնուհետև Եվրասիական միության այս գործընթացի մեջ, ապա ես երկու ձեռքով կողմ եմ և որևէ մի հայ չի կարող ասել ինչու եվրոպայից հրաժարվեցինք եկանք այստեղ»,-նշեց Ա. Ռուստամյանը՝ ավելացնելով, որ մեր կենսական հարցն այսօր Ղարաբաղը պահելն է և նրա անվտանգության հարցն է:

Նալբանդյանը Ռուստամյանին վստահեցրել է, որ ԼՂ-ն Մաքսային միությունից չի տուժելու

armenԱյսօր խորհրդարանում Մաքսային միության անդամակցության հարցի շուրջ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած փակ հանդիպումից հետո ընդդիմադիր պատգամավորները դժգոհեցին, որ նախարարից չեն ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Ի տարբերություն մյուս պատգամավորների՝ դաշնակցական Արմեն Ռուստամյանը չթաքցրեց, թե ինչ հարցեր է ուղղել նախարարին և ինչ պատասխաններ է ստացել։

Հարցերից մեկը վերաբերել է Լեռնային Ղարաբաղին, մասնավորապես, Ռուստամյանը հարցրել է, թե որտե՞ղ է լինելու Լեռնային Ղարաբաղը այս գործընթացներում։

Արտգործնախարարը վստահեցրել է, թե Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելուց Ղարաբաղը չի տուժի։

Ի դեպ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ռուստամյանը Եվրամիության Ասոցացման համաձայնագրից Լեռնային Ղարաբաղին առնչվող մի հայտարարություն արեց՝ ասելով, թե Ասոցացման համաձայնագրի հետ կապված շատ հստակ պահանջ էր դրվելու՝ սահման դնել Հայաստանի և Ղարաբաղի միջև։ Նկատենք, սակայն, որ Ռուստամյանի այս հայտարարության շուրջ որևէ պաշտոնական հաստատում առայժմ չկա։

«Ես առաջին հարցը հենց դա ձևակերպեցի՝ Ղարաբաղը որտե՞ղ է լինելու այս պրոցեսում։ Եթե Ղարաբաղը լինելու է Մաքսային միության, և այնուհետև Եվրասիական միության այս գործընթացի մեջ, ես երկու ձեռքով կողմ եմ, և որևէ մի հայ չի կարող ասել՝ «ինչո՞ւ Եվրոպայից հրաժարվեցիք, եկաք այստեղ»։

Մեր կենսական հարցը այսօր Ղարաբաղը պահելն է, որը մեր անվտանգության հարցն է։ Եթե Ղարաբաղը այս պրոցեսի մեջ ընդունվում է, ընկալվում է, ուրեմն ես այդ գործընթացին կողմ եմ»,- ասաց Ռուստամյանը՝ շարունակելով.- «Ես գիտեմ, որ ԵՄ Ասոցացման համաձայնագրի հետ կապված շատ հստակ պահանջ էր դրվելու, որ պետք է սահման դրվի Հայաստանի և Ղարաբաղի միջև, այսինքն մաքսակետ պետք է դրվի։ Այս պատասխանը, որը պարոն Նալբանդյանը հնչեցրեց, որ դրանից չի տուժելու Ղարաբաղը, հուսով եմ՝ ենթադրում է, որ այսպիսի մաքսակետ Մաքսային միությունը չի պահանջի։ Սա տարբերություն է»:

azatutyun.am

Տպել Տպել