Թուրքիան սարսափ է ապրում, որ Եգիպտոսը կարող է ճանաչել Ցեղասպանությունը

g_imageԹուրքիան սարսափ է ապրում, որ Եգիպտոսը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Երբ Թուրքիայի վարչապետ Էրդողանն իր սահմանն անցավ Եգիպտոսի հանդեպ և հայտարարեց, որ Եգիպտոսում ոչ թե հեղափոխություն է, այլ հեղաշրջում, Եգիպտոսն ակնարկեց, որ կարող է ընդունել Հայոց ցեղասպանությունը: Եվ դա համընկնում է եգիպտացի ժողովրդի ցանկությունների հետ,- «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Եգիպտոսից ժամանած լրագրողական խմբի անդամ Ալաա Էլ Տինը` անդրադառնալով հարցին, թե որքանով է արդարացի, երբ Եգիպտոսում Ցեղասպանության հարցը բարձրացնում են միայն այն ժամանակ, երբ սրվում են հարաբերությունները Թուրքիայի հետ:

Ըստ եգիպտացի անկախ լրագրող Ահմէդ էլ Ֆարրայի, թեեւ Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ հարաբերությունները բարեկամական են եւ երկար ժամանակ է ինչ հայ համայնքը ապրում է Եգիպտոսում, սակայն մինչ այդ իրենց երկրում չեն իմացել Ցեղասպանության մասին, սակայն այդ հայտարարությունից հետո ժողովուրդը սկսել է հետաքրքրվել եւ այժմ էլ ընդհանուր կարծիք է ձևավորվել եգիպտական հասարակության մեջ, որ պետական մակարդակով ճանաչվի Հայոց ցեղասպանությունը: 1379672812-42

Եվ այդ պահանջով արդեն փաստաբանների խումբը` հայ համայնքի հետ համագործակցությամբ դիմել են եգիպտական արդարադատությանը: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին եւ դիտարկմանը, թե մահմեդական երկրներն այդ հարցում ունեն հակահայկական դիրքորոշում, միջազգայնագետ, լրագրող Հազեմ էլ Մալլահն ասաց, որ Եգիպտոսի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ԼՂ հարցը պետք է կարգավորվի միջազգային օրենքներին համապատասխան՝ բացառապես խաղաղ ճանապարհով եւ ոչ մի կրոնական խնդիր այդտեղ չեն տեսնում: Ինչպես հայտարարեցին` եկել են ամրապնդելու Եգիպտոսի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները եւ տեղեկացնելու, որ հայ համայնքին Եգիպտոսում վտանգ չի սպառնում, նաեւ ասելու համար, որ այն, ինչ տեղի է ունենում Եգիպտոսում, հեղափոխություն է, այլ ոչ թե հեղաշրջում:

Նշենք, որ Եգիպտոսից ժամանած լրագրողական խմբի այցելությունն իրականացվում է Եգիպտոսի Հայ Դատի հանձնախմբի, Եգիպտոսի հայ համայնքի եւ Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանատան կողմից:

Տպել Տպել