Կանադացի խորհրդարանականը Արցախում

կանադաԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է մեկօրյա ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին եւ նրան ուղեկցող անձանց։ Այդ մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

«Հաճելի է հանդիպել Կանադայի խորհրդարանի ազդեցիկ դեմքերից ու երկրի քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներից մեկի հետ, ով առանցքային դեր է կատարել դաշնային օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում»,- ողջունելով հյուրերին, ասել է խորհրդարանի նախագահը։ Մեզ համար, նշել է նա, կարեւոր է, որ տարբեր երկրների խորհրդարանների մեր գործընկերները տեղեկացված լինեն Արցախի մասին՝ իրերի վիճակին ականատես լինելով անմիջապես տեղում։ «Միեւնույն ժամանակ, այս կարգի շփումները, կարծում եմ, հեռանկարային նախադրյալ կհանդիսանան մեր երկու խորհրդարանների միջեւ կապերի հաստատման համար»,- նկատել է Ղուլյանը։

Իր հերթին, նշելով, որ իր համար մեծ պատիվ է լինել Լեռնային Ղարաբաղում եւ հանդիպում ունենալ խորհրդարանի նախագահի հետ, կանադացի պատգամավորը հայտնել է, որ այցի նպատակը զուտ ճանաչողական է։ «Ուզում եմ ավելի շատ բան իմանալ ձեր երկրի ու ժողովրդի մասին, որպեսզի այստեղ ստացածս տեղեկությունները հաղորդեմ գործընկերներիս, ու նրանք նույնպես լիարժեք տեղեկացված լինեն Լեռնային Ղարաբաղի մասին»,- ասել է կանադացին։

Կանադացի հյուրին հետաքրքրում էր Արցախի մասին ամեն ինչ՝ սկսած ղարաբաղյան հիմնախնդրից, կարգավորման գործընթացից, երկրում ընտրական համակարգի դրվածքից, խորհրդարանի գործունեությունից, կառուցվածքից, քաղաքական կազմից մինչեւ հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքի ամենատարբեր բնագավառներն ու ոլորտները, որոնց վերաբերյալ ԱԺ նախագահը տվել է համապատասխան պարզաբանումներ։

Հանդիպմանը ներկա էին Կանադայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Ժիրայր Պասմաճյանը տիկնոջ՝ Հասմիկ Պասմաճյանի հետ։

Սեպտեմբերի 23-ին Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը քննարկվել են Արցախ-Կանադա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանը:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է առաջատար ժողովրդավարական պետությունների հետ հարաբերությունների ընդլայնման ու խորացման մեջ եւ այս համատեքստում առանձնակի կարեւորել է Կանադայի հետ փոխգործակցությունը:

Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Կանադայի Հայ Դատի Հանձնաժողովի նախագահ Ժիրայր Բասմաջյանը, պաշտոնատար այլ անձինք:

news.am

Տպել Տպել