Միայնակ Թուրքիա

169021Անցնող մի քանի տարիների ընթացքում Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնը մեծ վերիվայրումներ է ունեցել. ներկայումս Թուրքիան իր վարած քաղաքականութիւններով անհանգստութիւն է ստեղծում շրջանում եւ իր հարեւան երկրների մօտ:

Թուրք իշխանաւորները իրենց երկրի արտաքին քաղաքականութեան գլխաւոր սկզբունքն էին որոշել «զրօ խնդիր՝ հարեւանների հետ» . այժմ մի քանի տարի անց իրականութիւնն այլ բան է պարզում: Թուրքիան բացի այն, որ չի կարողացել իրականացնել զրօ խնդիր (կամ ոչ մի խնդիր եւ դժւարութիւն չունենալ հարեւան երկրների հետ) իր այդ քաղաքականութիւնը շրջանի երկրների հետ, այլ աւելի են բարդացել նրա հարցերը հարեւան երկրների, շրջանի արաբական երկրների, ինչու ոչ նաեւ Արեւմուտքի հետ: Վերջին ամիսներում «Գեզի»՚ զբօսայգու ցուցարարներին տեռորիստ եւ դրսի խաղալիք անւանելով՝ խաղաղ ցուցարարներին ոստիկանութեան ուժով, արցունքաբեր գազերով ու բիրտ միջոցներով ճնշելը յուսահատեցրեց նրանց, ովքեր միշտ դրական էին արտայայտւում Թուրքիայի ներկայ կառավարութեան մասին, որ այդ երկրում ժողովրդավարութեան զարգացման համար մեծ քայլեր են վերցւում, այդ շարքում նաեւ Եւրոմիութիւնը, սակայն ցուցարարներին անմարդկային ձեւով ճնշելը պատճառ դարձաւ, որ Եւրոմիութիւնը Թուրքիայի անդամակցութեան օրակարգով տարւող բանակցութիւնները յետաձգի մի քանի ամսով (բանակցութիւնները Թուրքիայի եւ Եւրոմիութեան միջեւ պէտք է տեղի ունենային հոկտեմբերին):

Մխիթարական չէ վիճակը նաեւ Արաբական աշխարհում եւ տարածաշրջանում: Էրդողանը մեղադրում է Իսրայէլին՝ Եգիպտոսում պետական հարւած հասցնելու ամբաստանութեամ. իբրթէ Իսրայէլը պատճառ դարձաւ Մուրսիի կառավարութեան անկմանը: Էրդողանը նաեւ քննադատում է Սաուդական Արաբիային, Յորդանանին եւ Միացեալ Էմիրութիւններին, որ հովանաւորում են Եգիպտոսի ներկայ կառավարութեանը առանց այդ էլ վատ վիճակում է գտնւում Թուրքիայի յարաբերութիւնըª Արաբական աշխարհի հետ՝ Սիրիայի ներկայ կառավարութեան ընդդիմադիրներին օգնելու պատճառով եւ Արեւմուտքի շահերը Միջին Արեւելքում պաշտպանելու համար:

2009-ին վարչապետ Էրդողանը իր ճառերից մէկում նշում է, թէ. ՙՄենք այլեւս թշնամի երկրներով շրջապատւած երկիր չենք՚: Թուրքիան իր հարեւան երկրներից շատերի հետ թշնամական յարաբերութիւններ ունենալուց յետոյ՝ թւում էր, թէ փոխել է իր քաղաքականութիւնը, իբրթէ փորձում էր հաշտարարի դեր խաղալ տարածաշրջանի հակամարտութիւնները լուծելու մէջ: Փորձում էր Օբամային Թուրքիան ներկայացնել որպէս օրինակելի երկիր՝ Իսլամական աշխարհում: Սակայն, Իսրայէլ-Թուրքիա յարաբերութիւնների խզւելը, Եգիպտոսի հարցում Թուրքիայի կողմից Իսրայէլին մեղադրելը զայրացրեց Օբամային, այնպէս որ՝ վերջապէս G-20 երկրների գագաթաժողովում Օբաման չցանկացաւ առանձին հանդիպում ունենալ Էրդողանի հետ: Սիրիայի հակամարտութեան մէջ Թուրքիայի դերը եւ Պաղեստինեան հարցում, փաստօրէն, որեւէ դրական քայլի չդիմելը ապացուցեց, որ Թուրքիան շատ էլ խաղաղարար դեր չունի տարածաշրջանում, բացի այն, որ զայրոյթ է պատճառում շրջանի երկրներին:

Օգոստոսին Սոմալիում ահաբեկչութիւն իրագործւեց այդ երկրի մայրաքաղաք Մուգադիշոյում Թուրքիայի դեսպանատան դիւանագէտների կացարանի վրայ, սեպտեմբերին հրթիռային յարձակման ենթարկւեց Իրաքում Մուսուլում Թուրքիայի ընդհանուր հիւպատոսարանը, դարձեալ օգսոստոսին էր, որ Լիբանանում պատանդ էին վերցւել Թուրքիայի երկու օդաչուներ:

Մայիսին Սիրիայի սահմանի մօտ Թուրքիայի Հաթայ նահանգում երկու աւտոմեքենաների պայթիւնի հետեւանքով՝ զոհւեցին 50-ից աւելի թուրքեր:

Այս բոլորը ապացոյցն են Թուրքիայի վարած արտաքին քաղաքականութեան հետեւանքների, որի պատճառով՝ Թուրքիան գնալով մեկուսացւում է շրջանի երկրների ու ժողովուրդների կողմից:

alikonline.ir

Տպել Տպել