Մեր ճանապարհը դեպի Եվրոպա, չպետք է անցնի արեւելաեվրոպական մայրաքաղաքներով

vahanԱկնհայտ էր, որ Մաքսային միությանը միանալու մասի ՀՀ նախագահի հայտարարությունը իրավիճակային լուծում էր. այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Աժ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննեսյանը:

Նա ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ մինչ այդ երկար տարիներ եվրոպական ինտեգրացիայի պրոցեսը մեր հասարակության մեջ չի առաջացրել դժգոհություն, տարակուսանք, կամ ինչ-որ հակադրություն, որ հեռանկարային առումով եվրոպական ինտեգրացիայի քաղաքականությունը ճիշտ էր, ճիշտ է, եւ չպետք է կորչի: Ամբողջ խնդիրն այն է, պարզաբանեց Վահան Հովհաննեսյանը, որ արեւելյան գործընկերների ինտեգրացման մեջ դերակատարը հիմնականում Արեւելյան Եվրոպան, այսինքն` Եվրոպայի այն հատվածն է, որը բոլորովին նոր` մի քանի տարի է, ինչ միացել է Եվրամիությանը:

Բուն Արեւմտյան եվրոպան, որը ինքն է ստեղծել է ԵՄ-ն, մշակել ժողովրդավարական կուրսը, պրոցեդուրաները, ամբողջ Եվրամիության դեմքը` արեւելյան գործընկերության քաղաքականության մեջ ունեցել է մինիմալ դերակատարություն: Բանախոսը պարզաբանեց, որ այս երկրների մոտ, բնականաբար, հակառուսականությունը հստակ ուրվագծված է` պատմական հանգամանքներից ելնելով, ուստի Ռուսաստանը, հատկապես Հայաստանի հետ տարվող աշխատանքների առումով, պրոցեսին վերաբերվել է նախանձով, խանդով, եւ արդյունքը բոլորին հայտնի է:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այնտեղ, ինչպես ներկայացրեց Վահան Հովհաննեսյանը, ակնհայտ է կայսերության` նեոկայսերական նոր ալիքը: Բանախոսը պատմական էքսկուրս կատարելով ռուսական կայսերապաշտության պրոցեսներին, նշեց, որ Ռուսաստանն այժմ ձեռնարկում է նեոկայսերական պրոյեկտ:

«Լուրջ կասկածներ ունեմ, թե դա կհաջողվի, որովհետեւ նույնպես կառուցված է հակադրությունների վրա: Եվ ահա այստեղ ես համարում եմ, որ մենք պետք է գնանք եվրաինտեգրացիայի ճանապարհով` հասկանալով սիտուացիոն լուծման կարեւորությունը, անհրաժեշտությունը, անխուսափելիությունը, անշրջելիությունը եւ այլն»,- բացատրեց Վահան Հովհաննեսյանը` շեշտելով, որ սա նշանակում է` մենք պետք է հասկանանք, որ նեոկայսերական պրոյեկտի անհաջողության պարագայում պետք է ունենանք ելքեր` այժմ արդեն պետք է իմանանք, թե ինչին պետք է պատրաստ լինենք:

Ինչ վերաբերում է մեր երկրի արտաքին հարաբերություններին, ապա մեր ճանապարհը դեպի Եվրոպա, դեպի Բրյուսել, չպետք է անցնի արեւելաեվրոպական մայրաքաղաքներով:

«Այսօր ավելի ու ավելի է կարեւորվում ուղղակի կապը հայաստանի եւ Հին Եվրոպայի դերակատար պետությունների միջեւ` Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Բենիլյուքսի երկրներ: Սրանք են այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական թիրախները. ուղղակի, անմիջական կապերով մենք պետք է վերականգնենք ու չկորցնենք այն ամբողջ պոտենցիալը, որ այս կամ այն ուղղությամբ կուտակվել է: Այս երեկու ուղղություններով, ես կարծում եմ, Հայաստանը պետք է աշխատի, եւ այս ուղղությունների վրա աշխատանքն այն ասպարեզն է, որտեղ իշխանության ու ընդդիմության ջանքերը կարող են համատեղվել»,- իրեն արված իվանագիտական աշխատանքի առաջարկին համաձայնություն տալու մոտիվացիան ներկայացրեց ՀՅԴ-ական պատգամավորը:

Վահան Հովհաննեսյանն անդրադարձավ խոսացություններին, թե իրեն նշանակել են Գերմանիայում ՀՀ դեսպան ու նշեց, որ երկրի անվանում չի նշվել, այլ ինքն իր հարցազրույցում նշել է, որ իրեն առաջարկ է արվել մեր երկիրը ներկայացնել արտասահմանում, առաջարկն իր եւ իր կուսակցության համար ընդունելի է եղել, որովհետեւ տեսնում են ապագա արտաքին հարաբերություները` դիվանագիտական աշխատանքն այն ուրվագծի մեջ, որը ներկայացվեց: Իսկ թե երբ կնշանակվի եւ կամ որ երկիր, հայտնի չեն նաեւ իրեն:

Դիվանագիտական աշխատանքի առաջակը չմերժելուց հետո մամուլում հնչած արձագանքներին անդրադառնալով էլ բանախոսը նշեց, որ դրանց մի մասը պարզապես չիմացության, օրենքները չիմանալու հետ են կապված: Նա բերեց «դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի օրինակը, որով դիվանագիտական աշխատանք է դիտարկվում նաեւ ներկայացուցիչների աշխատանքը եւ բոլոր տեսակի պատվիրակությունների աշխատանքները: Այսինքն` այն տեսակի աշխատանք, որն ի վերջո ընդդիմադիր շատ պատգամավորներ կատարել կամ կատարում են: Բայց կա նաեւ անդրադարձների երրորդ կատեգորիան, շեշտեց Վահան Հովհաննեսյանը. Սա արդեն հոգեվիճակին է վերաբերում: Մեր երկրում դեռ չի ամրապնդվել պետությունն ու իշխանությունը տարանջատելու ունակությունը: Այս հոգեվիճակը, ինչպես ներկայացրեց բանախոսը, գալիս է այն հանագամանքից, որ մեր հասարակության մեջ կա «Որքան վատ` այնքան լավ» մոտեցումը:

«Այսինքն` բոլոր ոլորտներում այնքան վատ լինի, որ ակնհայտ դառնա այս իշխանությունների ապիկարությունը: Ի միջի այլոց, այդ ապիկարությունը ակնհայտ դարձնելու համար որեւէ հավելյալ վատացումներ պետք չեն: Մենք պահանջել ենք այսօրվա իշանության ամբողջական հրաժարականը, այսօրվա իշանությանը դեմ ենք, պահանջել ենք կառավարության հրաժարականը` նշանակո՞ւմ է դա արդյոք, որ կառավարական բոլոր գործակալություններում, նախարարություններում կամ այլ մարմիններում աշխատող դաշնակցականները կամ այլ ընդդիմադիրնեը պետք է դոշները պատռած դուրս գան իրենց հիմնարկներից, բարձրանան սարերն ու ֆիդային դառնան. Կարծում եմ, որ այդ մոտեցումը քաղաքակիրթ մոտեցում չէ: ՀՅԴ-ի համար «որքան վատ` այնքան լավ» սկզբունքը չի գործել երբեք` նույնիսկ բոլշեւիկյան իշխանության ժամանակ»,- իր ասածները պարզաբանեց բանախոսը:

Լրագրողների հարցին, թե` եթե իրեն նշանակեն դեսպան ու ի հայտ գան տեսակետների տարբերություններ ղեկավարության հետ, ապա ինչպե՞ս կվարվի, Վահան Հովհաննեսյանը պատասխանեց, որ համագործակցել չի նշանակում նույնանալ, իր տեսակետները հայ-թուրքական արձանագրությունների ու ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ չեն փոխվել: Իսկ իշխանության այն ներկայացուցիչները, ովքեր իրեն դիվանագիտայկան աշխատանքի անցնելու առաջարկ են արել, շատ լավ գիտեն իր տեսակետների ու դրանց անփոփոխության մասին: Հայ-թուրքակայն հարաբերությունների վերաբերյալ էլ ՀՅԴ տեսակետները չեն փոխվել, բայց, ինչպես նշեց Հովհաննեսյանը, որոշակիորեն փոխվել են իշխանությունների մոտեցումները` ՀՅԴ ճնշումների ներքո: Նա ավելացրեց, որ եթե ՀՅԴ-ն տեսնում է, որ երկիրը վտանգի առջեւ է, իրենք չեն կարող ձեռքները ծալած նստել ու ասել` թող կործանվի, որ ապացուցվի` իրենք ճիշտ էին:

Ինչ վերաբերում է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ աշխատելուն, որի հրաժարականը պահանջում էր ՀՅԴ-ն, Վահան Հովհաննեսյանը նշեց, թե 2015 թվականին ընդառաջ, երբ թուրքական գործոնը եվրոպայում գնալով առավել նկատելի ու սպառալից է դառնում, գործունեության հիմնական սկզբունքը ակնհայտ է: Բայց քանի որ ամեն ինչն հնարավոր է, եւ կարող են լինել նաեւ անհամատեղելի տեսակետներ ու մոտեցումներ, ապա ինքը, ինչպես եղել է, օրինակ` ԱԺ փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու դեպքում, կարող է հանգիստ հրաժարական տալ: Վահան Հովհաննեսյանը հավաստիացրեց, որ ապագայում իր` դեսպանի պաշտոնի հավանական նշանակումը ամենեւին չի նշանակի, թե ՀՅԴ-ն դանդաղորեն կամ որեւէ այլ կերպ միանում է իշխանությանը:

«ՀՅԴ-իշխանություններ հարաբերությունների մեջ ցանկացած փոփոխություն կարող է պայմանաֆվորված լինել իշխանության քաղաքական փոփոեխություններով: Որովհետեւ մենք երբեք չենք փոխվել, ասել ենք նույնը` կոալիցիայի մեջ ու կոալիցիցայից դուրս»,- հստակեցրեց Վահան Հովհաննեսյանը:

Վահան Հովհաննեսյանի բոլոր պարզաբանումները կարող եք դիտել այստեղ`

Տպել Տպել