ՀՅԴ խմբակցությունը Գեւորգ Կոստանյանի հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումների հարցը

Արմեն1ԱԺ ՀՅԴ խմբակցության հետ եւս ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի հանդիպումն ավարտվել է։

Ինչպես տեղեկացրել է խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, իրենք քննարկմանն անդրադարձել են սահմանադրական բարեփոխումների խնդրին՝ հաշվի առնելով նաեւ, որ Կոստանյանը ՀՀ նախագահի կողմից ձեւավորված հանձնաժողովի անդամ է։

Դաշնակցությունը բարձրացրել է խորհրդարանական կառավարման անցնելու հարցը եւ ցանկացել լսել դատախազի թեկնածուի տեսակետը։ Վերջինս հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերին չի անդրադարձել, նշելով, որ դրանք առայժմ գաղտնի են։ Սակայն Կոստանյանը վստահեցրել է, որ “փոփոխությունների կարկինը շատ մեծ է բացված”։

Դաշնակցականները քննարկմանն անդրադարձել են նաեւ Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործին։ Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպին անդրադառնալ չեն հասցրել, բայց դեռ առջեւում քառօրյայի քննարկումն է։

Արմեն Ռուստամյանը նշեց, որ ընդհանուր առմամբ, իրենց տպավորությունը Կոստանյանի հետ քննարկումնից դրական է։ Ինքն էլ նրան ճանաչում է դեռ ԵԽԽՎ-ից ու դրական է տրամադրված։ Ինչպե՞ս կքվեարկի ՀՅԴ խմբակցությունը Կոստանյանի թեկնածության հարցում, դեռ որոշված չէ։

Տպել Տպել