Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ամենամյա ճաշկերույթի գլխավոր բանախոսն է Ջոն Էվանսը

jonՀայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի նախկին ատակարգ և լիազոր դեսպան Ջոն Մարշալ Էվանսը ելույթով հանդես կգա Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ամենամյա ճաշկերույթի ժամանակ: «Արմենպրես»-ի հաղոդմամբ` ճաշկերույթը տեղի կունենա նոյեմբերի 10-ին:

Ջոն Էվանսը հայտնի է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ իր սկզբունքային դիրքորոշմամբ: 2004-2006 թթ. Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Էվանսը հետ է կանչվել ԱՄՆ կառավարության կողմից նախքան իր դիվանագիտական առաքելության երեք տարին լրանալը. նախկին դեսպանը 2005 թվականին, համարելով, որ արդեն ժամանակն է իրերը կոչել իրենց անուններով, 1915 -1923 թվականներին Օսմանյան կայսրության կազմակերպած հայերի կոտորածներն անվանել էր Ցեղասպանություն: «Այսօր ես կանվանեմ այն Ցեղասպանություն»,-ասել էր նա Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ 2005թ. փետրվարի 19-ին:

Էվանսը շարունակում է հանդես գալ ցեղասպանության մասին ելույթներով և կոչ է անում բոլորին առերեսվել պատմության ծանր խնդիրներին:

«2005-ի փետրվարին Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելուց հետո… ես վերադարձա Հայաստան, որպես դեսպան, սակայն ինձնից պահանջել էին հայտարարություն անել, որը տպավորություն կստեղծեր, թե այն, ինչ ես ասել էի, տեղին չէր»,- նշել է Միացյալ Նահանգների նախկին դեսպանը` այս տարվա ապրիլին ԱՄՆ Ֆրեզնո նահանգում կայացած Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի միջոցառուման առթիվ: «Ցեղասպանություն եզրը ժամանակին «ոչ պատշաճ» էր դիտվում, իսկ Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարված դեպքերին անդրադառնալը տաբու էր, անգամ չէր կարելի քննարկել… Դա պետք էր փոխել, նույնիսկ եթե ես զրկվեի իմ աշխատանքից»,- նշել է Ջոն Էվանսը:

1,5 միլիոն հայերի կոտորածից գրեթե մեկ դար անց ԱՄՆ կառավարությունը 1915 -1923 թվականներին Օսմանյան կայսրության կազմակերպած էթնիկ զտումները դեռևս չի որակել «ցեղասպանություն»:

armenpress.am

Տպել Տպել