Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայ-ամերիկյան տնտեսական կապերի զարգացմանը նվիրված կլոր-սեղան քննարկում է հրավիրել

aramՏնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի ամենամյա հանդիպմանն ընդառաջ` Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը նախօրեին հրավիրել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը նվիրված կլոր-սեղան քննարկում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, հանդիպումը եղել է բազմակողմանի և կառուցողական մտքերի փոխանակում` Հայաստանի, Արցախի և ամերիկահայ համայնքի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում բազմաբնույթ փորձ ունեցող շահագրգիռ կողմերի միջև:

«Մեզ համար հաճելի էր բաց քննարկում հրավիրել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա կարգավիճակի ​​և ապագա ուղղությունների վերաբերյալ, որը երկու կողմերի կողմից բնութագրվել է կառուցողական փոխանակում տարբեր տեսակետների տեր, սակայն ազգային և ժողովրդավարական ընդհանուր ձգտումներ ունեցող մարդկանց միջև»,- ասել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի նիստում քննարկվել է երկու երկրների հարաբերություններին առնչվող խնդիրների լայն շրջանակ, հատուկ ուշադրության կենտրոնում կլինի առևտրի և ներդրումների մակարդակի բարձրացման հարցը: Ըստ Համփարյանի` հոկտեմբերին ակնկալվում է հիմնականում օգնության վրա հիմնված հայ-ամերիկյան հարաբերությունները բարձրացնել նոր հարթակի վրա` քննարկման դնելով մի շարք կոնկրետ ուղղություններ. առևտրի ընդլայնում, նոր ներդրումներ և լավ աշխատատեղեր, «որոնք հույս և հնարավորություններ կստեղծեն երկու ժողովուրդների համար»:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը երկար տարիներ ջանացել է, որպեսզի ԱՄՆ-ի առաջնահերթություների մեջ ընդգրկվի նաև հայ-ամերիկյան տնտեսական կապերի ընդլայնումը, որը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, կամրապնդի հայ և ամերիկացի ժողովուրդների երկարամյա բարեկամությանը, կօգնի վնասազերծել թուրք-ադրբեջանական շրջափակման ազդեցությունը, և որ ամենակարևորն է, Հայաստանի համար կստեղծվեն ռազմավարական հնարավորություններ տարածաշրջանում իր տնտեսական և անվտանգության քաղաքականությունը կազմակերպելու հարցում:

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խումբը ձևավորվել է 2000 թվականին և երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը խորացնելու, առևտրին ու ներդրումներին վերաբերող հարցերը քննարկելու, Հայաստանի ֆինանսական ու շուկայական բարեփոխումներն առաջ մղելու և Հայաստանի հեռանկարային տնտեսական զարգացման համար ԱՄՆ օժանդակության ոլորտները վեր հանելու հարթակ է:

Տպել Տպել