Վահան Հովհաննիսյան. Զիջումները պետք է համարժեք լինեն


ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի հարցազրույցը «Հայոց Աշխարհ»-ին

-Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երեւան։ Կարծես նախատեսվում է, որ նոր առաջարկներ կներկայացվեն։ Միաժամանակ օրերս Սերբիայից հանրաքվեով անջատվեց Չեռնոգորիան։ Սա կարո՞ղ է դրական ազդեցություն թողնել մեր հիմնախնդրի լուծման հարցում։

-Անշուշտ, միայն մի տարբերություն պիտի հաշվի առնենք. Չեռնոգորիան ազատ եւ ժողովրդավարական հանրաքվեի ճանապարհով անջատվեց ժողովրդավարական Սերբիայից։ Եւ չնայած միայն 55 տոկոսը կողմ քվեարկեց անջատվելու օգտին, սակայն Սերբիան ճանաչեց հանրաքվեի արդյունքները։ Ադրբեջանը, ցավոք, այդպիսի երկիր չէ եւ առ այսօր չի ճանաչում 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղում անցկացրած հանրաքվեի արդյունքները, որի ժամանակ ԼՂ բնակչության բացարձակ մեծամասնություն կազմող հայերը 90-ից ավելի տոկոսով քվեարկեցին ԽՍՀՄ-ի եւ Ադրբեջանի կազմից դուրս գալու օգտին։ Չեռնոգորիայում տեղի ունեցածը միայն ցույց է տալիս, որ վիճելի տարածքներում հանրաքվեի ճանապարհով ազգերի ինքնորոշումը աստիճանաբար դառնում է միջազգային պրակտիկայի մաս։ Ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղը այս գործընթացում առաջին ծիծեռնակներից մեկն էր։ 1991-ին մեր կողմից որդեգրված եւ հեղափոխական թվացող որոշումը ներկայումս դառնում է օրինաչափություն միջազգային կյանքում։

-Ըստ ձեզ, հայկական կողմը բանակցային գործընթացում պետք է պահանջի ճանաչե՞լ 1991-ի հանրաքվեի արդյունքները, թե՞ համաձայն լինի նոր հանրաքվեի անցկացման։

-Երկուսն էլ ընդունելի են, այն իմաստով, որ նոր հանրաքվեի անցկացման դեպքում միայն կհաստատագրվի նախկինում Լեռնային Ղարաբաղի հայության կողմից ընդունված նախկին որոշումը։ Այստեղ կարեւորն այն է, որ ունենանք հետեւյալ երաշխիքը. 1991-ի կամ նոր հանրաքվեի արդյունքները կարժանանան ճանաչման միջազգային հանրության կողմից։ Այդ դեպքում Ադրբեջանի ճանաչելու հարցը կարգավորման գործընթացում այնքան վճռորոշ նշանակություն չի ունենա։

-Նոր հանրաքվե անցկացնելու հարցը արծարծելիս շատ է խոսվում դրա ժամկետների հնարավոր հետաձգման մասին։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։

-Այ, սա արդեն իսկապես անընդունելի է։ Կարգավորման գործընթացին մասնակից կողմերը պետք է հաշվի առնեն, որ նոր հանրաքվեի անցկացմանը համաձայնելն արդեն իսկ լուրջ զիջում է հայկական կողմից։ Ուստի դրա անցկացման ժամկետի հետաձգումը, ասենք, 10-15 տարով, ընդունելի չէ։ Մանավանդ որ այդ գործընթացում հասկանալի չէ, թե ինչ է զիջում Ադրբեջանը։ Կարծում եմ՝ մեր դիվանագիտության կողմից այս հարցը պետք է շեշտադրվի, որովհետեւ նոր հանրաքվեի համաձայնելուց հետո նրա ժամկետի հետաձգումը փաստորեն հայկական կողմից կրկնակի զիջում է ենթադրում։

-Ինչպիսի՞ն եք տեսնում Ադրբեջանի կողմից զիջումների իրագործումը։

-Այդ զիջումները կարող են լինել հայկական կողմի կատարած քայլերին ոչ սիմետրիկ, բայց արդյունքները պիտի լինեն համարժեք։

-Ասենք՝ եթե հայկական կողմը զիջում է մեկ շրջան Ղարաբաղի անվտանգության գոտուց, փոխարենն ի՞նչ պիտի ստանա։

-Ընդհանրապես որեւէ շրջանի դիմաց ամենաճիշտ փոխհատուցումը այլ շրջան ստանալն է։ Սա կարող է կատակ թվալ, բայց իրականությունը հետեւյալն է. եթե Ադրբեջանը համարում է, որ ինքը տարածքներ է կորցրել, ապա նույնը համարելու իրավունք ունի նաեւ ԼՂՀ-ն։ Տարածքների հետ կապված խնդիրների քննարկումը պետք է ընթանա այս հարթության վրա։

– Նկատի ունեք Գետաշենը, Շահումյանը…

– Այո՛։ Այսինքն՝ պետք է տեսնել, թե մյուս կողմը կատարված զիջման դիմաց ի՞նչ է պատրաստ զիջելու։ Իմ տպավորությամբ, այս հարցերը բանակցային գործընթացում դեռեւս այնքան հստակեցված չեն։ Բայց նույնիսկ հստակեցվելու դեպքում հանրաքվեի հետաձգումը բոլոր դեպքերում անընդունելի եմ համարում։

ՊՐՈԲԼԵՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԵՋ Է

«Հայկական կողմը՝ թե՛ Հայաստանը, թե՛ ԼՂՀ-ն, բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է փոխզիջումների։ Պրոբլեմը Ադրբեջանի մեջ է։ Հայաստանին միակողմանի զիջումներ պարտադրելու որեւէ ճնշում, չեմ կարծում, թե արդյունք կտա։ Ազգային կարեւոր խնդիրներում չենք կարող գնալ այնպիսի զիջումների, որոնք կվտանգեն հիմնախնդրի լուծման առումով մեր ունեցած ձեռքբերումները։ Ճնշման դեպքում բնականաբար պիտի համախմբենք մեր ողջ հասարակության եւ ողջ հայության ներուժը»- համոզված է Վահան Հովհաննիսյանը։

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ օրաթերթ
Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Տպել Տպել