Անցեալ շաբաթւայ ընթացքում (կիրակի, սեպտեմբերի 22-ին) Գերմանիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրութիւններ:
Գերմանիայի Ֆեդերալ կամ դաշնային մակարդակի խորհրդարանը ունի 598 աթոռ, ընտրութիւններին մասնակցում են կուսակցութիւններ եւ մեծամասնութիւն շահած կուսակցութեան ղեկավարը, ղեկավարում է նաեւ երկիրը: Այս ընտրութիւններում երրորդ անգամը լինելով մեծամասնութեան վստահութիւնը շահեց Անգելլա Մերկէլը եւ նրա կուսակցութիւնը` ՙԴեմոկրատ-Քրիստոնեայ՚ կուսակցութիւնը (CDU-ն), համեմատած նախկին շրջանների ընտրութիւնների այս անգամ շահեց քւէների 40 տոկոսը: Ամէն դէպքում այս յօդւածում նպատակ չունենք քննելու Գերմանիայի ընտրութիւնները: Այս ընտրութիւնների հետաքրքիր բաժինը մեզ հայերիս համար կարող է լինել Գերմանիայի թուրքերի ընտրութեան մասնակցութեան հարցը եւ այն, որ նրանք, այսինքն թուրքերը Գերմանիայում սկսել են քաղաքական կեանքում աւելի գործունեայ դառնալ եւ իրենց աւելի են մասնակից համարում Գերմանիայի ներքին քաղաքական ու հասարակական հարցերում:
Գերմանիան ունի շուրջ 81 միլիոն բնակչութիւն, որից 12 %-ը բնիկ գերմանացիներ չեն, այլ` դրսից ներգաղթածներ, ներգաղթած 12 տոկոսից` 4-5% թուրքեր են, որոնք 1960-ականների սկզբներին Թուրքիայից գաղթել են Գերմանիա մեծ մասամբ աշխատելու ու դրանց թիւը մեծամասամբ բանւոր ու գիւղացի դասակարգ է կազմել: Այժմ Գերմանիայի թուրքական համայնքի թիւը շուրջ երեք միլիոն է կազմում, որոնք միայն բանւորներ չեն, նրանց յաջորդող սերունդները զարգացել ու կրթւել են Գերմանիայում: Գերմանիայի թուրքական համայնքը ամենաուժեղներից է: Նրանք թէ° քանակական, եւ թէ° որակական աճ են արձանագրել Գերմանիայում, այնպէս որ այս տարի կայացած Գերմանիայի խորհրդարանական ընտրութիւններում 11 թուրք մուտք գործեց Բունդեսթագ (Ֆեդերալ խորհրդարան), որպէս պատգամաւոր (նախկին շրջանում 5 պատգամաւոր էր):
Ընտրութիւններում արդէն նշեցի, յաղթած կուսակցութիւնն էր Դեմոկրատ-քրիստոնեայ կուսակցութիւնը, որը խորհրդարանում ունի մէկ թուրք պատգամաւոր:
Երկրորդ կուսակցութիւնը խորհրդարանում Սոցիալ-դեմոկրատ կուսակցութիւնն է, որը խորհրդարան է ներկայացրել հինգ թուրք պատգամաւոր:
Միւս կուսակցութիւններն են` Կանաչների կուսակցութիւնը` երեք թուրք պատգամաւորով եւ Ձախերի (գերմաներէնով Դի Լինք) կուսակցութիւնը` երկու թուրք պատգամաւորով: Նշենք, որ այս Ձախ կուսակցութիւնը համակրում է նաեւ Թուրքիայի քրդական PKK կուսակցութեանը:
Գերմանիայի երեք միլիոնանոց թուրք համայնքի անդամների շուրջ 800 հազարը իրաւասու էին մասնակցելու քւէարկութեանը (որովհետեւ ընդունել են գերմանական քաղաքացիութիւն), համայնքն ունի բազմաթիւ մշակութային եւ մարզական կենտրոններ, որոնք շաբաթներ շարունակ շատ ուժեղ քարոզչութեամբ էին զբաղւում երկրի բոլոր քաղաքներում (բայց, յատկապէս Բեռլինում եւ Միւնխէնում), որպէսզի թուրքերը անցնեն խորհրդարան: Գնալով` թուրքերի ազդեցութիւնը աւելանում է Գերմանիայում, չնայած այն իրողութեանը, որ ղեկավար Մերկէլը եւ նրա Քրիստոնեայ-դեմոկրատ կուսակցութիւնը համաձայն չէ, որ Թուրքիան Եւրոմիութեան անդամ դառնայ, նրանք նաեւ դէմ են, որ Գերմանիայի թուրքերին շնորհւի երկքաղաքացիութեան իրաւունք (կամ պէտք է ունենան Գերմանիայի անցագիր կամ եթէ ոչ Թուրքիայի):
Նշենք, որ Գերմանիայում էլ գոյութիւն ունի հայկական համայնք, որն ունի հին անցեալ` 19-րդ դարում է այն կազմւել, բայց, գլխաւորաբար, հայ համայնքը ձեւաւորւել է հիմնականում Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ:
Գերմանիայի հայկական համայնքի թիւը շուրջ 60 հազար է կազմում:
ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ







