«Ժողովրդավարացման փաթեթ»

169021Թուրքիայում դարեր շարունակ ապրել, գոյատեւել եւ իրենց պատմութիւնն ու մշակոյթն են կերտել բազմաթիւ ազգեր ու կրօնական համայնքներ: 1923 թւականից այսինքն Թուրքիայի Հանրապետութեան հիմնումից մինչ այսօր, Թուրքիայում մէկը միւսին յաջորդող իշխանութիւնները բոլորն էլ հերքել ու հալածել են այլազգիներին ու կրօնական համայնքներին:

Քանի որ Թուրքիայի Հանրապետութեան հիմունքներից մէկը եղել է ապակրօնականութիւնը (աշխարիկ հիմքը), այդ երկրում կրօնական փոքրամասնութիւնները, որոնցից ամենախոշորագոյնն են ալեւիները, միշտ հալածվել են, իսկ նրանց կրօնական ազատութիւնները ոտնատակ են արվել:

Քանի որ Հանրապետութիւնը հիմնւեց ազգային հիմունքների վրայ եւ հանրապետութեան հիմնադիր Մուսթաֆա Քեմալը, գտնում էր, որ պէտք է երկիրը ի մի բերել ու միասնական դարձնել մէկ ազգով, ուստի այդ երկրում բոլորին կոչեցին թուրք: Օրինակ քուրդերը անւանւում էին լեռնային թուրքեր ու նրանք ազատ չէին իրենց ազգային ինքնութիւնը պաշտօնապէս դրսեւորելու եւ պահպանելու գործում: Բացառութիւն էին հայերը, հրեաները եւ յոյները, որոնք ըստ Լօզանի դաշնագրի, Թուրքիայում ունէին ազգային/էթնիկ փոքրամասնութեան կարգավիճակ:
Ամէն դէպքում տասնամեակներ շարունակ իշխանութիւնների հերքումներն ու հալածանքները մի կողմից եւ փոքրամասնութիւնների պահանջատիրութիւնները միւս կողմից Թուրքիայից ստեղծեցին ոչ-ժողովրդավար բռնապետական մի վարչակարգ:

Այժմ Թուրքիան փորձում է միանալ Եւրոպային, եւ փորձում է իրեն օրինակելի երկիր ցույց տալ իսլամական երկրների մօտ եւ միւս կողմից էլ ձգտում է աշխարհում ներկայանալ որպէս զարգացած երկիր եւ պէտք է կարողանայ իր ներքին հարցերը յատկապէս երկրի տարբեր ազգութիւնների ու կրօնական դաւանանքների հետ լուծել:
20-րդ դարում, Թուրքիայի ամենակարեւոր եւ տագնապալի խնդիրներից է եղել քրդերի հարցը: Մէկ դար է, որ թուրք իշխանաւորները փորձում են լուծել քրդական հարցը եւ այլ փոքրամասնութիւնների հետ կապւած հարցեր:

* * *
Անցեալ շաբաթւայ ընթացքում, երկուշաբթի, սեպտ. 30-ին, Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մի ընդարձակ մամլոյ ասուլիսում, ուր հրաւիրւել էին զանգւածային լրատւութեան եւ մամուլի աշխատակիցներ, (բայց ոչ բոլորը) փորձեց իբր թէ վերջակէտ դնել այդ երկրի ոչ-ժողովրդավար կարգերին եւ սկիզբ դնել մի երկար ճանապարհի, մի ճանապարհ, որի վերջը ըստ մասնագէտների ու վերլուծաբանների շատ պարզ չէ, թէ ուր պէտք է հասնի: Էրդողանը ներկայացրեց. «Ժողովրդավարացման փաթեթը»՝ մի փաթեթ կամ ծրագիր, որը ըստ իրեն պէտք է երկրի ապագան ողողի ժողովրդավարութեամբ, Թուրքիայում հաստատի ժողովրդավարական կարգեր: Էրդողանի այդ արտայայտութիւնները մամլոյ ասուլիսում սփռւում էին Թուրքիայով մէկ, բոլոր հեռուստաալիքներով, ու նաեւ արտասահմանում՝ թուրքերէն, արաբերէն, անգլերէն, ռուսերէն, բոսներէն, խորւաթերէն, սերբերէն եւ քրդական քուրմանջի եւ սուրանի լեզուներով: Այս բոլոր իրադարձութիւնները փորձ էին Էրդողանի համար ցոյց տալու իր ուժն ու կամքը Թուրքիայում եւ թերեւս տարածաշրջանում:

Բայց ինչ է այդ «Ժողովրդավարացման փաթեթը» իրենից ներկայացնում, որը 11 տարւայ աշխատանքի արդիւնք է եւ այդքան սպասւած էր Թուրքիայում:

Փաթեթը հիմնականում ներկայացւած էր քրդերի համար, չնայած որ քրդերը ու քուրդ քաղաքական դէմքերը այդքան էլ գոհ չմնացին այդ փաթեթից:

«Ժողովրդավարացման փաթեթը» բաղկացած է 28 կէտերից: Այդ կէտերից գլխաւորները կարելի է գնահատել որպէս առաջխաղաց այդ երկրի քաղաքական եւ հասարակական կեանքում, բայց որոշ կէտեր էլ դեռ պարզ չէ թէ ինչ են ներկայացնում իրենցից:

Փաթեթի կարեւոր կէտերը հետեւեալներն են. ( կանդրադառնանք ստորեւ համառօտ կերպով).

1- Թուրքիայի տարրական դպրոցների աշակերտութիւնը ամէն առաւօտ դպրոցում երդւում է (մի տեսակ աղօթք), որ սկսւում է հետեւալ նախադասութիւնով՝ «Ես թուրք եմ…», ըստ այս փաթեթի՝ վերացւեց այդ երդումը դպրոցներից (տասնեակ տարիներ Թուրքիայի դպրոցականները կազմւած տարբեր ազգութիւններից՝ քուրդ, ալեւի, հրեայ, հայ… ուրանում էին իրենց ազգային ինքնութիւնը եւ երդւում էին, որ «թուրք» են):

2- Մասնաւոր (ոչ-պետական) դպրոցներում արտօնւում է մայրենի լեզւի ուսուցումը: Սա հիմնականում ներկայացւել է քրդերի համար, քանի որ քուրդ երեխաները տասնեակ տարիներ դպրոցներում զրկւած են եղել մայրենի լեզւից:

Սակայն քրդերը շատ էլ գոհ չեն այս կէտից, նրանք պահանջում էին, որ քրդական դպրոցներում առարկաները դասաւանդւեն քրդերէնով ու նաեւ պետական դպրոցներում էլ քրդերէնը հնարաւոր լինի դասաւանդել: Միայն մասնաւոր դպրոցներում քրդերէն դասաւանդելը նշանակում է, որ քուրդ երեխան իր մայրենի լեզուն սովորելու համար պէտք է վճարի՝ այն դէպքում, երբ թուրք երեխան առանց վճարման, պետական դպրոցում ուսանում է իր մայրենի թրքերէն լեզուն եւ սա արդէն իսկ խտրականութիւն է:

3- Ընտրութիւնների ժամանակ, տարւող քաղաքական քարոզչութիւնը կարելի է իրականացնել նաեւ այլ լեզուներով (գրաւոր եւ բանաւոր), մինչ այժմ միայն թուրքերէն լեզւով էր հնարաւոր քարոզչութիւն իրականացնել եւ արգելւած էին այլ լեզուները: Սա եւս իրականացւել է քրդերին գոհացում տալու համար:

4- Հագուստի վերաբերեալ՝ վերանում են սահմանափակումները: Մինչ այժմ կանայք ովքեր գլխաշոր էին գործածում (այսինքն կարելի է ասել Թուրքիայի կանանց 50 տոկոսը) արտօնւած չէին աշխատելու պետական եւ պաշտօնական հաստատութիւններում, արդէն վերացաւ այդ արգելքը ի բացառեալ ոստիկանութեան բանակի եւ դատական ուժերում աշխատողների: Սա եւս ուրախութիւն եւ գոհունակութիւն պատճառեց իսլամականներին՝ որոնք համակրում են Էրդողանին: Բայց այս հարցը լուրջ խնդիրներ կարող է ստեղծել հանրապետութեան մօտեցումների ու աշխարհայեացքի մէջ, քանի որ Թուրքիան լայիք եւ սեքուլար կարգեր ունի, կրօնը առանձնացած է քաղաքականութիւնից եւ կրօնը տեղ չունի երկրի քաղաքական ու հասարակական կեանքում:

5- Թուրքիայում խորհրդարանական ընտրութիւնները իրականացւում են համամասնական կարգով եւ թեկնածուները առնւազն պէտք է շահեն քւէարկողների 10 տոկոսը, որը տարիներ բողոքների ու պայքարների առիթ է տւել այդ երկրի քաղաքական կեանքում՝ կուսակցութիւնների միջեւ եւ գլխաւորաբար քրդական կուսակցութիւնների համար: Փաթեթում նշւած է, թէ պէտք է իջնի այդ 10 տոկոսի սահմանումը՝ հաւանաբար հասնելով 7-ի կամ 5-ի եւ մօտենայ եւրոպական նորմերին: Այս հարցը Եւրոպայի կողմից միշտ Թուրքիայի ուշադրութեանն էր յանձնւում: Եւրոպայի անդամ դառնալու համար Թուրքիան պէտք է իջեցնի այդ 10 տոկոսի սահմանումը: Ամէն դէպքում այս կէտը դեռ վերջնական չէ եւ պէտք է քննարկւի խորհրդարանում:

6- Ռոմաները թւով շուրջ 500.000 ազգային համայնք են Թուրքիայում, մնացած բիւզանդիայի ժամանակաշրջանից: Նրանք հալածւած են եւ զուրկ որեւէ իրաւական կարգավիճակից, տասնեակ տարիներ հալածւել են Թուրքիայում եւ համարեա անհետացման սեմին են: Ըստ այս փաթեթի՝ Ռոմաների կացութիւնն ու կարգավիճակը կարգի բերելու եւ նրանց իրաւունքները վերականգնելու համար, կառավարութիւնը հիմնելու է մի հաստատութիւն, բայց մանրամասնութիւնները դեռ յայտնի չեն թէ ո՞վ կամ ո՞ր նախարարութիւնը պէտք է վերահասու լինի եւ ինչպէս:

7- Պետութեան կողմից գրաււած ասորի համայնքի «Մօր Գաբրիէլ» վանքը եւ վանքապատկան հողատարածքները վերադարձնելու են ասորի համայնքին: Նշենք, որ ասորիներն էլ տարիներ շարունակ հալածւել են Թուրքիայում, որը մեծ բողոքի առիթ է ստեղծել Եւրոպական Մարդու իրաւունքների ատեանի կողմից:

8- Պայքար է տարւելու խնտրականութեան եւ ատելութեան պատճառով գործւած ոճրագործութիւնների դէմ (Հրանտ Դինքի սպանութիւնը կոչւում է ատելութեան ոճրագործութիւն): Եթէ ոճրագործութիւն տեղի ունենայ կրօնական կամ ազգային խտրականութիւնների կամ ատելութիւնների հիման վրայ պատիժները աւելի խիստ են լինելու, թեեւ մանրամասնութիւնները դեռ յայտնի չեն: Ատելութիւնն ու խտրականութիւնը վերացնելու ուղղութեամբ հարկ է որ քրէական թիւ 301 յօդւածը վերանայ: Ըստ այդ յօդւածի մեծ յանցանք է թուրքին կամ թրքութեանը վարկաբեկելը:
* * *
Սպասւում էր, որ փաթեթում նաեւ անդրադարձ լինի ալեւի համայնքի պահանջներին ու նրանց կրօնական ազատութիւններ շնորհելուն, բայց ոչ մի խօսք: Ալեւիները իրենց կրօնական արարողութիւնները կատարում են ջեմ էւի ներում, որոնք, ըստ կառավարութեան անօրինական է:

Նաեւ սպասւում էր, որ Փաթեթում ներկայացւի Յոյն ուղղափառ եկեղեցու դպրեվանք Հալքի սեմինարի վերաբացման հարցը, որը եւս անպատասխան մնաց: Հալքի սեմինարին գտնւում է Մարմարա ծովում, Ստամբուլի մօտ գտնւող Փրինսեն կղզում: Հիմնւած է 1844 թւականին՝ Ուղղափառ եկեղեցու աստւածաբանական գլխաւոր դպրոցն է, որը փակւեց 1971 թ.-ին, պետութեան կողմից, Թուրքիայի յոյն համայնքի, Յունաստանի եւ Եւրոպայի կարեւոր խնդիրներից ու հարցերից մէկն է, որը նրանք ունեն Թուրքիայի հետ:

«Ժողովրդավարացման փաթեթում» ոչ մի խօսք հայերի մասին կամ մամուլի ու խօսքի ազատութեան մասին: Նեկայումս Թուրքիան միակ երկիրն է, որ մեծ թւով թղթակից ու լրագրող ունի իր բանտերում:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Տպել Տպել