Առաջիկա ժողովում փոփոխությունները չեն բացառվում

Աղվան «Դուք այդ գրածները լո՞ւրջ եք ընդունում»,- այսպես արձագանքեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` լսելով մեր այն հարցը, թե արդյոք ՀՅԴ-ում խմորումներ կա՞ն, ինչպես գրվում է մամուլում: Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի, ՀՅԴ-ն պատրաստվում է լուրջ փոփոխություններ կատարել ղեկավար մարմնի կազմում` դուրս թողնել ՀՅԴ իշխանական վերնախավից «անցանկալի» անդամներին:

Սակայն, Աղվան Վարդանյանի խոսքով, այս լուրերը միայն «միամտություն են», անտեղյակության արդյունք: ԱԺ ՀՅԴ-ական պատգամավորը չբացառեց, որ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, Դաշնակցության ղեկավար կազմում հնարավոր են փոփոխություններ, բայց հորդորեց դրանք դիտել այլ տեսանկյունից. «Դաշնակցությունը այն միակ քաղաքական կուսակցությունն է Հայաստանում, որը երկու տարին մեկ բարձրագույն ժողով է անում: Երկու տարին մեկ մեզ մոտ քննարկումներ են լինում, ուղեգծի ճշտում, նոր ընտրություններ: Առաջիկա ժողովում, բնականաբար, կլինեն փոփոխություններ: Եթե նայեք, թե այս տարիների ընթացքում ինչպիսի փոփոխություններ է կրել մեր ղեկավար կազմը, վստահ եմ, որ այլևս այս հարցը չեք տա: Անշուշտ, չի բացառվում, որ լինեն փոփոխություններ, կազմը համալրվի… այստեղ որևէ արտառոց բան չկա` կուսակցական բնական աշխատանք է»:

Ինչ վերաբերում է լուրերին, թե առաջիկայում էլ դաշնակցական Հրայր Կարապետյանն է Սանկտ Պետերբուրգում հյուպատոս նշանակվելու, Աղվան Վարդանյանը հորդորեց հարցն ուղղել Հ. Կարապետյանին: Մեր այն հարցին, թե արդյոք սա չի՞ նշանակում, որ Դաշնակցությունն իշխանության հետ համագործակցության եզրեր է փնտրում գոնե արտաքին քաղաքականության մասով, և պաշտոններ ստանալով` դադարում է ընդդիմություն լինելուց, ՀՅԴ-ական պատգամավորը նկատեց. «Ինչքան ուզում են` թող ասեն, ինչ ուզում են` թող ասեն` Դաշնակցությունն ընդդիմադիր կուսակցություն է: Բոլոր մնացած բաները արհեստածին են, մտացածին են, իրականության հետ առնչվող հիմք չունեն: Պարոն Հովհաննիսյանը մանրամասն մեկնաբանել է, խոսել է իր դեսպան նշանակվելու մասին, բացատրել է»:

Հետաքրքրվեցինք` եթե Հրայր Կարապետյանի հյուպատոս նշանակվելու լուրերն էլ հաստատվեն, ինչպես եղավ Վահան Հովհաննիսյանի պարագայում, Դաշնակցության քաղաքականության վրա այդ հանգամանքները հետք չե՞ն թողնի: «Միլիոն անգամ ասել ենք` բնականաբար, չի ազդի դա մեզ վրա: Հատկապես դրսում, պետության շահերից ելնելով` Դաշնակցության կառույցները մշտապես համագործակցել են դեսպանատների հետ, արտաքին քաղաքականությամբ զբաղվող կառույցների: Դաշնակցությունն` իր բնույթով, իր աշխարհասփյուռ կառույցով, տարբերվում է սովորական, այլ քաղաքական ուժերից: Մեկընդմիշտ հիշեք` Դաշնակցությունն այն քաղաքական ուժն է, որը սկզբունքներից ելնելով` որոշեց ու դուրս եկավ կոալիցիայից. նման բան ՀՀ պատմության մեջ չի եղել ու դժվար էլ լինի: Սա պետք է բավարար լինի այս խոսակցությանը վերջ տալու համար: Այո, գիտեմ, կան տասնյակ-հազարավոր մարդիկ, որոնք իրենց էշն են քշելու, ինչքան էլ մենք ասենք, բայց դրանից մեզ ոչ տաք է լինում, ոչ սառը: Նորմալ է»,- պատասխանեց նա:

Աղվան Վարդանյանը նաև ընդգծեց, թե «համագործակցել» բառը սխալ է ընտրված, որովհետև իրենք, իր համոզմամբ` «աջակցում ենք իշխանությանը ՀՀ արտաքին քաղաքականության հարցում այն ուղղություններով, որտեղ մեր կարիքը զգացվում է, որտեղ մենք օգտակար կլինենք, որովհետև սա մեր երկիրն է, մեր պետությունը»:

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

168.am

Տպել Տպել