Հայաստանի քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ լուծելու Ադրբեջանի հայերի խնդիրները

armen 3Ադրբեջանահայ փախստականները պետք է գրանցվեն որպես սուբյեկտ:

Այս մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ադրբեջանահայերի խնդիրները քննարկելու ժամանակ:

Նրա խոսքով՝ ադրբեջանահայերի մեջ պետք է համընդհանուր համաձայնություն տիրի:

«Նրանց խնդիրները լուծելու համար գոյություն ունի դիվանագիտություն՝ լինի խորհրդարանական, թե ազգաին: Պետք է հասնել նրան, որ հայ փախստականների խնդիրները պաշտոնական բանակցությունների մի մաս դառնան»,-ընդգծել է Ռուստամյանը, հավելելով, որ պետք է համաձայնեցնել այդ ամենի իրականացման մարտավարությունը: Քաղաքական ուժերը, ինչպես պատգամավորն է ընդգծել, պետք է միավորվեն, որպեսզի միասնական թիմ, միասնական ճակատ ստեղծեն:

«Կցանկանայի, որպեսզի ներկայիս առաջին հանդիպումը հետագա ակտիվ գործողությունների սկիզբ դառնա՝ կապված այս խնդրի հետ: Անկախ ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, կան հարցեր, որոնք վերաբերում են մարդկանց կենսական իրավունքներին եւ այդ իրավունքները պետք է պաշտպանվեն»,-ընդգծել է Ռուստամյանը:

Նրա կարծիքով՝ պետք է ստեղծել մի մարմին, որը պատասխանատվություն կրի բոլոր ադրբեջանահայերի խնդիրները բարձրաձայնելու եւ լուծումներ գտնելու համար: «Ճիշտ կլինի համաձայնեցնել բոլոր հարցերը, մշակել ընդհանուր ռազմավարություն եւ առաջ շարժվել»,-ասել է ՀՅԴ ներկայացուցիչը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է պետական աջակցություն:

news.am

Տպել Տպել