ՀՅԴ երիտասարդականի հանդիպումները

foto 1ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը տեղեկացնում է, որ ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչները, թուականիս հոկտեմբերի 14-ին, Բրիւսէլում հանդիպումներ ունեցան Միջազգային Ֆալկոն Շարժում-Ընկերվարական Միջազգայնական Դաստիարակչական կազմակերպութեան (International Falcon Movement-Socialist International Educational) և, Եւրոպական ընկերվարական երիտասարդներ (Young European Socialists) կազմակերպութիւնների ղեկավարութեան հետ, վերջիններիս գրասենեակներում։

ՀՅԴ Երիտասարդականն անդամակցում է վերոյիշեալ կազմակերպութիւններին։

Միջազգային Ֆալկոն Շարժման պատասխանատուների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկուեցին ՀՅԴ Երիտասարդականի անդամակցութեան կարգավիճակի բարձրացման, տարբեր աշխատանքների շուրջ համագործակցութեան, ինչպէս նաև Շարժման ժողովներից մէկը Երևանում կազմակերպելու ՀՅԴ Երիտասարդականի պատրաստակամութան մասին։

Քննարկուեց Արցախի երեխաների հնարաւոր մասնակցութեան հարցը Ֆալկոնի նախաձեռնութեամբ կազմակերպուող ամենամեայ ամառնային ճամբարներին։ Վերջինս լաւ առիթ է կարող հանդիսանալ Արցախի երեխաների համար ճանապարհորդելու, նոր մարդկանց ճանաչելու, նրանց Արցախի պատմութեանն ու մշակոյթին և արցախցուն ծանօթացնելու համար։

Հանդիպման աւարտին համաձայնութիւն կայացաւ շարունակել քննարկումներն արծարծուած նիւթերի շուրջ և սերտացնել համագործակցութիւնը։

Նշենք, որ ՀՅԴ Երիտասարդականը Միջազգային Ֆալկոն Շարժման ամենամեծ գործընկերն է տարածաշրջանում։

Նոյն օրը ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչները հանդիպում ունեցան Եւրոպական ընկերվարական երիտասարդների ղեկավարութեան հետ։

Քննարկուեցին երկկողմ յարաբերութիւնների խորացման, ՀՅԴ Երիտասարդականի անդամակցութեան կարգավիճակի բարձրացման, ԵԸԵ-ի աշխատանքներից մէկը Երևանում հիւրընկալելու ՀՅԴ Երիտասարդականի պատրաստակամութեան մասին։

ԵԸԵ-ի պատասխանատուները ցանկութիւն յայտնեցին, որ ՀՅԴ Երիտասարդականը, որպէս ընկերվարական թեքում ունեցող և ժողովրդավարական արժէքներ դաւանող երիտասարդական կազմակերպութիւն, աւելի շատ ներկայութիւն ունենայ ԵԸԵ-ի կազմակերպած միջոցառումներում։

Հարկ է նշել, որ երկու կազմակերպութիւնների պատասխանատուներին տրուեցին ՀՅԴ Երիտասարդականի մասին բրուշիւրներ և Հայոց ցեղասպանութեան և Արցախի հիմնահարցի հետ կապուած գրքեր։

Երկու հանդիպումները կայացան ջերմ մթնոլորտում։

ՀՅԴ Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ
18.Հոկտեմբեր.2013 թ.

Տպել Տպել