Եվրոպայի Հայ Դատի հանձնախմումբը պատմական է համարում Եվրոպահայության երրրորդ համագումարը

737086(1)Եվրոպահայության երրրորդ համագումարը ծառայեց իր նպատակներին և արդարացրեց բոլոր սպասելիքները։ Ամփոփելով համագումարի արդյունքները՝ նշել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը։ «Համագումարը կարող ենք պատմական համարել այն առումով, որ Բրյուսելում և հատկապես Եվրախորհրդարանի մեջ մեկտեղված Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կրոնական և հասարակական-քաղաքական ներկայացուցիչները իրենց վճռականությունը հայտնեցին ի շահ Հայաստանի զարգացման, Արցախի ճանաչման և Սփյուռքի գոյատևման սրբազան առաքելության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նա։

Համագումարի երկու օրերին ՀՀ Ազգային ժողովի նախագահը, Արցախի Հանրապետության նախագահը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը և համագումարի ավելի քան 170 մասնակիցներն ակտիվորեն քննարկել են օրակարգային բոլոր հարցերը և լուծումներ փնտրել դրանց համար։ Հայաստանի ԱԺ նախագահը առաջնահերթ կարևորել է ազգային անվտանգության հարցը՝ նշելով որ Արցախի Հանրապետության անվտանգությունը ևս կախված է Հայաստանի անվտանգությունից։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նկատել է, որ եվրոպահայությունը մեծ դերակատարում ունի Արցախի ճանաչման գործում։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ անընդհատ փոփոխվող աշխարհում անհրաժեշտ է շտկումներ անել Սփյուռք-Արցախ հարաբերությունների մեջ։ Արամ Վեհափառն առաջնային է համարել Ցեղասպանության ճանաչման, հատուցման և հայ ժողովրդի պահանջատիրության հարցերը։ Նա կարևորել է հայերի միասնականությունը այդ նպատակների իրագործման համար։

Համագումարի ընթացքում ԵՀԴՀ նախագահ Գասպար Կարապետյանը ընթերցել է սիրիահայերի շտապ օգնության կենտրոնական մարմնի նամակը՝ ուղղված համագումարի մասնակիցներին, որտեղ նրանք կոչ էին արել օգնության ձեռք մեկնել սիրիահայ համայնքին։ Նա հորդորել է Սփյուքի հայ գաղութների ներկայացուցիչներին՝ իրենց երկրները վերադառնալիս՝ զարկ տալ սիրիահայերի օժանդկության ծրագրերին։

Համագումարին քննարկվել են նաև Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին անհրաժետ քաղաքական քայլերը և կազմակերպվող միջոցառումները։ Ներկայացվել է Ծիծեռնակաբերդի ընդլայնման ծրագիրը, առաջարկվել է ստեղծել Ցեղասպանությանը վերաբերող պաշտոնական կայքեր։

Հոկտեմբերի 14-15-ին ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի (ԵՀԴՅ) նախաձեռնությամբ անցկացվեց Եվրոպահայության երրորդ համագումարը։ Առաջին համագումարն անցկացվել էր 2004 թվականին, երկրորդը՝ 2007-ին։ Երկու օրերի ընթացքում սփյուռքահայ քաղաքագետները, մասնագետներն ու պատգամավորները, Եվրոպայի տարբեր հայկական գաղութների ներկայացուցիչները քննարկեցին Հայաստան-Եվրոպա հարաբերությունները, Եվրոպայի հայկական գաղութների դժվարություններն ու դրանց դիմագրավումը, Ցեղասպանության հատուցման ու պահանջատիրության հարցերը, ինչպես նաև Արցախի առնչվող մի շարք հարցեր:

armenpress.am

Տպել Տպել