Բակո Սահակյանն ու Հոլանդիայի Հայ դատի հանձնախումբը հանդիպել են Հոլանդիայի խորհրդարանի ԱՀՄՀ անդամների հետ

19.10.13-7864bakoՀոլանդիայի խորհրդարանի Արտաքին Հարաբերությունների Մշտական Հանձնաժողովի անդամները հանդիպել են Արցախի Հանրապետության ղեկավարության եւ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի անդամներից կազմված պատվիրակությանը:

Հանդիպումը կայացել է Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանգմանալից ներկայացրել է Արցախի հանրապետության այսօրվա վիճակը: Խոսակցության շեշտը հիմնականում դրված է եղել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անհրաժեշտության եւ Արցախի ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության վրա:

Մասնավորապես նշվել է, որ միջազգայնորեն ճանաչված չլինելով հանդերձ, Արցախի ժողովուրդը կայուն եւ հաստատուն քայլեր է կատարել ժողովրդավար պետություն ստեղծելու գործում:

Խոսվել է նաեւ Արցախի ժողովրդի` եվրոպական արժեքներին հավատարիմ լինելու հաստատակամության եւ եվրոպական չափանիշներով իրավական երկիր կառուցելու նպատակների մասին: Արցախի նախագահը արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Հարի Վան Բոմելին եւ Հոլանդիայի խորհրդարանի մյուս անդամներին հրավիրել է Արցախ` սեփական աչքերով համոզվելու կատարված հայտարարությունների մեջ:

Հանդիպման մասնակից խորհրդարանականներն իրենց հերթին նշել են, որ թե ԼՂՀ նախագահի այցի, թե Արցախի մասին մշտապես տեղեկություններ կփոխանցեն Հոլանդիայի խորհրդարանի մյուս անդամներին` ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի միջոցով:

Հիշեցնենք, որ ԼՂՀ պատվիրակությունը` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, Բրյուսելում է գտնվում` Բրյուսելի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակի կողմից կազմակերպված եվրոպահայության երրորդ խորհրդաժողովին մասնակցելու համար:

Տպել Տպել