Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում չի կարելի որեւէ բան ակնկալել մինչեւ 2015-ը

Kiro-Manoyan_06.09 (1)Եվրախորհրդարանի ներկայացուցիչները զարմացած են Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի անակնկալ որոշումից: Այս մասին այսօր, հոկտեմբերի 18-ին, «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը’ անդրադառնալով եվրոպահայերի երրորդ համագումարի ընթացքում բարձրացված հարցերին:

Սակայն, նրա խոսքով, Եվրախորհրդի ներկայացուցիչների դիրքորոշումն էլ հիասթափեցրել է եվրոպահայերին, ովքեր իրենց հերթին դժգոհել են, որ Եվրախուրհուրդն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել տարբեր առումներով Հայաստանին աջակցելու համար. օրինակ’ տնտեսական:

Ըստ Մանոյանի՝ Եվրամիության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել` ամրապնդելու եվրոպահայերի հետ ունեցած սերտ հարաբերւթյունները:

Մանոյանը կարեւորել է Եվրոպահայերի երրորդ համագումարը, քանի որ այնտեղ արծարծված հարցերն օրակարգային են նաև Հայաստանում. «Նախորդ երկու համագումարները տեղի են ունեցել 2004-ին և 2007-ին, ուստի այս համագումարը խիստ կարևոր էր նաև վեց տարվա լռությունից հետո», – ասել է նա:

Մանոյանը նշել է, որ համագումարի առաջին օրը եղել է ներքին հայկական քննարկում, որը կայացել է Հայ տուն մշակութային կենտրոնում: Երկրորդ օրը քննարկումները տեղի են ունեցել Եվրախորհրդարանի շենքում, որին մասնակցել են նաև եվրոպացի պատգամավորներ: Համագումարի թե առաջին եւ թե երկրորդ օրերին մասնակցել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ նախագահը, փոխվարչապետը, ԱԳ նախարարը:

Համագումարի ժամանակ կրկին մատնանշվել են փոխհատուցման երեք մակարդակները, որոնցում պետք է արծարծվի Հայոց ցեղասպանութեան հարցը: ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատուն հայտնել է, որ առաջին մակարդակը վերաբերում է տարածքային փոխհատուցմանը: Նա նշել է, որ այս տեսանկյունից համագումարի ժամանակ ընդգծվել է հայ-թրքական արձանագրություններից հրաժարվելու անհրաժեշտությունը: Ըստ նրա, նշվել է, որ պետք է նաև նախապատրաստվել միջազգային դատական ատյաններում հարցը ըստ էութեան բարձրացնելու համար: Իբրեւ երկրորդ մակարդակ Մանոյանը նշել է ունեցուածքի հարցը` եկեղեցիների եւ ազգային կառույցների: Իսկ երրորդ մակարդակում արդեն առանձին մարդկանց իրաւունքները եւ փոխհատուցումներն են կազմում: Այս հարցի հետ կապված` ընդգծվել է, որ անհրաժեշտ է հաշվիի առնել իրաւահաջորդների իրաւունքների խախտման անհրաժեշտությունը:

Ըստ Մանոյեանի` Հայաստան- Եւրոպական Միություն հարաբերությունների քննարկման ծիրում կարևորվել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Մանոյանը առանձնացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Բեռնար Ֆասիեի դիրքորոշումը, ով նշել էր, թէ անհրաժեշտ է բանակցութիւններին Ղարաբաղի անմիջական մասնակցությունը, ինչպես նաեւ ընդգծել է, որ համանախագահների կողմից ներկայացված լուծման ծրարը միասնական ծրար է եւ հնարավոր չէ դրանում արծածված հարցերը առանձնացնել:

Համագումարի առաջին օրը քննարկվել են Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված հարցեր, ընդ որում՝ շեշտվել է, որ արդեն ճանաչումից հատուցման խնդրին անցնելու ժամանակն է:

Անդրադարձ է եղել նաեւ այն հարցին, թե եվրոպահայ համայնքները զարգացնելու, կազմակերպելու ինչ մոդել պետք է առաջ քաշեն: Քննարկվել են թուրք-ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունների աշխատանքները Եվրոպայում, դրանց հակադարձելու հնարավորությունները, նշվել է, որ անհրաժեշտ է հնարավորինս համագործակցել հայկական բոլոր կազմակերպությունների հետ: Քննարկվել են նաև Սիրիայի հայության իրավիճակը, Ջավախքի խնդիրները, որտեղ ևս կարևոր դեր է տրվել այս թեմաներով հատուկ խորհրդաժողովի անցկացմանն:

Համագումարի երկրորդ օրը օրակարգային հարցերից են եղել Ցեղասպանությունը և միջազգային իրավունքը: Ներկա են եղել օտար երկրների փորձագետներ, նշվել է, որ Ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ չէ, դրանով կարելի է հասկանալ նաև հատուցում, որի որոշ հնարավորությունների մասին տեսակետներ են արտահայտվել:

Օրակարգում են եղել նաև ԵՄ հետ հարաբերությունները՝ ընդհանրապես, և Հայաստանի հետ՝ մասնավորապես: Այս շրջանակներում անդրադարձ է եղել նաև Արցախի հարցի կարգավորմանը:

Կիրո Մանոյանը գտնում է, որ մինչեւ 100-ամյա տարելիցի լրանալը Թուրքիան չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Նա նշել է, որ Թուրքիան տարելիցին ընդառաջ անպայման քայլեր կանի իր վրա ճնշումները մեղմելու համար, որպեսզի ցույց տա, թե ինչ-որ գործընթաց կա Հայաստանի եւ հայության հետ կապված: «Չեմ կարծում, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կարելի է որեւէ բան ակնկալել մինչեւ 2015-ը` հատկապես հաշվի առնելով այն, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կամ քրդական հարցի առնչությամբ անհրաժեշտ քայլեր չի կատարել, եւ այդ հարցերը իրենց լրումին չի հասցրել»:

Կիրո Մանոյանի խոսքով` Թուրքիան անընդհատ ինչ-որ բաներ ծրագրում եւ նախատեսում է` ե’ւ երկրի ներսում, ե’ւ դրանից դուրս ցույց տալու, թե ինչ -ինչ քայլեր իբր կատարում է, բայց իրականում ոչինչ էլ չի անում:

Անդրադառնալով Զորի Բալայանի նամակին՝ Կիրո Մանոյանն ասել է. «Զորի Բալայանին պետք չէ մեղադրել իր տեսակետը հայտնելու մեջ: Նա այդ տեսակետը 25 տարուց ավելի է ունի և հայտնում է»: Զորի Բալայանը պանթուրքիստական վտանգի դեմ պաշտպանվելու ձեւը գտնում է Հայաստանի ու Արցխի Ռուսաստանի կցորդ լինելուն մեջ, ասաց Մանոյանը։ Սակայն, ըստ նրա` Դաշնակցությունն այդ դիրքորոշումը չի կիսում, փոխարենը համաձայն է Զորի Բալայանի` պանթուրքիստական վտանգի և սպառնալիքների մասին ահազանգին: Մանոյանի կարծիքով` Ռուսատանին պետք է ընդունել որպես մեր ռազմավարական դաշնակցի. «Ռուսաստանը Հայաստանի կարիքն ունի առնվազն այնքան, որքան Հայաստանը` Ռուսաստանի կարիքը»:

Տպել Տպել