Ինչո՞ւ Է ԱՄՆը Խառնուել Իրար

ամերիկացիՆոյեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական այցով կը ժամանեն տարածաշրջան: Նրանց նպատակն է նախապատրաստել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարաւոր հանդիպումը գոնէ 2014թ. սկզբներին կամ, առնուազն, պարզել դրա հետ կապուած կողմերի տրամադրուածութիւնը: Եւ չնայած դրան՝ երկու օր առաջ անակնկալ կերպով Ադրբեջան այցելեց ՄԽ ամերիկացի համանախագահ æէյմս Ուորլիքը, ով Բաքւում հանդիպում ունեցաւ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ո՛չ Ուորլիքը, ո՛չ էլ պաշտօնական Բաքուն, սակայն, այդպէս էլ չպարզաբանեցին համանախագահի այցի նպատակները, եւ գոնէ արարողակարգային մակարդակով չներկայացրին կայացած հանդիպման մանրամասները: Սակայն ինքնին հանդիպման շուրջ նման խորհրդաւորութեան ֆոնը խօսում է այն մասին, որ Ուորլիքը Բաքու էր ժամանել առանձնայատուկ առաքելութեամբ: Դրա մասին էր խօսում նաեւ այն փաստը, որ նրա օրակարգում Հայաստան այցելելը նախատեսուած չէր:

ԱՄՆ համանախագահի այցը հետաքրքրական է դառնում դրան նախորդած մի քանի իրադարձութիւնների խորապատկերին. նախ՝ այն տեղի ունեցաւ Ադրբեջանում կայացած նախագահական ընտրութիւններից գրեթէ անմիջապէս յետոյ: Ինչպէս յայտնի է, պաշտօնական Վաշինգտոնը միանշանակ հակաժողովրդավարական ճանաչեց Ադրբեջանում կայացած ընտրութիւնները, ինչն իսկական հիսիտերիա առաջացրեց Բաքւում: Ամերիկեան չափազանց կոշտ գնահատականների պատճառով այդ երկու երկրների յարաբերութիւններում որոշակի լարուածութիւն էր առաջացել, որը արագ հարթելու խնդիրն ունէին թէ՛ Վաշինգտոնում, եւ թէ Բաքւում: Դրա անհրաժեշտութիւնը յատկապէս Վաշինգտոնի համար այս փուլում կարեւոր է՝ յատկապէս ռուսական եւ իրանական գործօններով պայմանաւորուած:

Նախ՝ միջազգային պատժամիջոցները վերացնելու նպատակով միջուկային ծրագրերն աւելի թափանցիկ դարձնելու՝ Թեհրանից վերջին շրջանում անընդհատ Արեւմուտքին յղուող ուղերձները եւ այդ շրջանակներում մեկնարկած ժնեւեան »Իրան-Վեցնեակ« ձեւաչափով ընթացող բանակցութիւնները բոլորովին նոր հեռանկարներ են բացում իրանական ճգնաժամի յաղթահարման առումով, ինչը խոստանում է բոլորովին նոր իրավիճակ ստեղծել Մերձաւոր Արեւելքում, որն իր ուղղակի արտացոլումը կ՛ունենայ նաեւ Հարաւային Կովկասում:

Միւս կողմից Ադրբեջանն ամէն ինչ անում է՝ Արեւմուտքին ու յատկապէս ԱՄՆին ցոյց տալու համար, թէ ինչպիսի գերմարդկային ջանքեր ու կամք է դրսեւորում Մաքսային միութիւն մտնելու հետ կապուած իր նկատմամբ կիրառուող ռուսական ճնշումները յաղթահարելու ուղղութեամբ: Ալիեւի վարչակարգը ակնյայտօրէն քաղաքականցնում է Մոսկուայում անօրինական միգրանտների դէմ սկսուած արշաւը, մեծ անկարգութիւնների տեղիք տուած սպանութեան մէջ մեղադրուող Օրհան Զէյնալովի ձերբակալութիւնը՝ Արեւմուտքի համար իր անփոխարինելութիւնը ցուցադրելու նպատակով: Դրա միջոցով փորձ է արւում Արեւմուտքի շահերի վրայ խաղալով օրակարգից ընդհանրապէս հանել Ալիեւի ինքնահռչակման անօրինականութեան կամ ոչ լեգիտիմութեան խնդիրը:

Փորձելով իր վրայ վերցնել հարաւկովկասեան տարածաշրջանում հակառուսական հիմնական պատուարի կարգավիճակը՝ Բաքուն, անկասկած, աւելի հետաքրքիր է դառնում Վաշինգտոնի համար յատկապէս այն մտավախութեան պատճառով, որ ամերիկա-իրանական յարաբերութիւններում սկսուած լարուածութեան տեղատուութիւնը կարող է Մոսկուային դրդել՝ կտրուկ միջոցների դիմելու Հարաւային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու համար, որը կարող է արտայայտուել, օրինակ, ԼՂ հակամարտութեան շփման գծում փոքրիկ, բայց արիւնալի ռազմական սադրանք հրահրելու միջոցով: Իսկ դրան արդէն կարող է հետեւել շփման գօտում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի (քանակակազմի-Խմբ.) տեղակայումը, ինչով գրեթէ կ՛աւարտուի ողջ տարածաշրջանը Մոսկուայի կողմից »սեփականացնելու« գործընթացը:

Դա, ի դէպ, ոչ թէ զուտ ռուսական կոպալային (մահակային-Խմբ.) քաղաքականութեան հերթական քմահաճոյքի կամ ամբիցիաների (փառասիրութեան-Խմբ.) խնդիր է, այլ՝ ադրբեջանական եւ իրանական էներգետիկ ռեսուրսների համատեղամբ ռուսական խողովակաշերերին այլընտրանք դարձող նոր կոմունիկացիոն նախագծերի իրականացման հնարաւորութիւնները չէզոքացնելուն ուղղուած ստրատեգիական նպատակադրում:

Իսկ Վաշինգոնում դրա հետ կապուած մտավախութիւնները հիմնաւորւում են յատկապէս Հայաստանի պատճառով: Հրաժարուելով եւրաինտեգրացիայից եւ ԵՄի հետ ասոցացման քաղաքականութիւնից՝ Երեւանը, փաստացի, Արեւմուտքի համար դարձաւ շատ աւելի քիչ վերահսկելի: Բացի դրանից, նախ՝ Պուտինին ուղղուած Զօրի Բալայեանի յայտնի բաց նամակի հրապարակմամբ, յետոյ նաեւ՝ ռազմաքաղաքական փորձագէտ Հայկ Քոթանջեանի կողմից դրա հիմնական գաղափարները ՄԽ համանախագահող երկրների դեսպաններին փոխանցելու նախաձեռնութեամբ Երեւանը ոչ միայն Ռուսաստանին գրեթէ ուղղակիօրէն հրաւիրում է տարածաշրջան, այլեւ ողջ միջազգային հանրութեանը ցոյց է տալիս, որ դէմ չի լինի, եթէ Մոսկուան որոշի վերջնականապէս հաստատուել հակամարտութեան գօտում եւ այն, ըստ էութեան, դարձնել իրենը կամ իր ներքին խնդիրը:

Այս ամէնը Վաշինգտոնին ստիպում է արագ քայլեր ձեռնարկել՝ ապահովագրելու համար հարաւկովկասեան թիկունքը: Դրա հետ կապուած միւս ռիսկը Ադրբեջանի կողմից պատերազմը վերսկսելու իրատեսականութեան մակարդակի բարձրացումն է՝ Ադրբեջանի նախագահական ընտրութիւններից յետոյ:

Ի դէպ՝ այս հարցում իր տրամադրուածութիւնը Բաքուն արտայայտեց օրերս շփման գծում ԵԱՀԿ կողմից իրականացուող հրադադարի ռեժիմի պահպանման հերթական մշտադիտարկման ժամանակ միտումնաւոր կրակահերթ թողնելով: Դրանով Բաքուն հասկացրեց, որ կարող է գալ մի պահ, երբ իր նկատմամբ միջազգային հանրութեան կողմից կիրառուող զսպաշապիկը ալյեւս դառնայ անպիտան:

Այդ ուղերձը, ի դէպ, շատ լաւ հասկացան բոլորը, ինչով պայմանաւորուած էր այդ միջադէպի կապակցութեամբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ ընդգծուած յոռետեսական տոն ունեցող յայտարարութեան տարածումը: Իսկ դա անելու լաւագոյն միջոցը ուղղակիօրէն Ադրբեջանի իշխանութիւնների հետ յարաբերութիւնների վերաթարմացումն է՝ օգտագործելով յատկապէս ԼՂ հիմնահարցը: Դրա համար Ուորլիքի դերակատարութիւնը դառնում է առանցքային: Թերեւս հէնց նրա միջոցով է Վաշինգտոնը փորձում ճշգրտումներ կատարել Ադրբեջանի հետ յարաբերութիւններում եւ ձգտում ինչ որ իմաստով փոխել ԼՂ հակամարտութեան կարգաւորման պրոցեսի տրամաբանութիւնը՝ նախաձեռնողականութիւնն իր ձեռքը վերցնելու միջոցով:
Այն փաստը, որ Ուորլիքը Ադրբեջան է այցելում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այցի նախօրէին, թոյլ է տալիս ենթադրելու, որ բոլոր դէպքերում ԱՄՆում նոր առաջարկներ են պատրաստւում՝ հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացը վերակենդանացնելու, գուցէ բոլորովին ուրիշ հուն տեղափոխելու համար: Իսկ քանի որ մադրիդեան փաստաթուղթը, որի մոդիֆիկացմանը (ձեւափոխումին-Խմբ.) կարող է ուղղուած լինել ամերիկեան նախաձեռնողականութիւնը, ներկայ պահին տորպեդահարում է (կը քայքայէ-Խմբ.) Ադրբեջանը, բնական է, որ հիմնական պատասխաններն այս մասով Ուորլիքը պէտք է փնտռէր հէնց Բաքւում:

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

asbarez.com
24/10/2013

Տպել Տպել