Ֆրենկ Փալոնն Օբամային կոչ է արել ցուցադրության հանել Հայոց ցեղասպանության որբերի գործած գորգը

Ֆրենկ Փալոնեն

Ֆրենկ Փալոնեն

ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը նախագահ Օբամային կոչ է արել չեղյալ հայտարարել վերջերս կայացրած որոշումը եւ Հայոց ցեղասպանության որբերի գործած գորգը ցուցադրելու թույլտվություն տալ:

Սպիտակ տուն ուղարկած նամակում Փալոնը նշել է, որ Միացյալ Նահանգները չպետք է թույլ տա, որ Թուրքիան թելադրի իրենց՝ արդյո՞ք պատմական այս արժեքն արժանի է ցուցադրման, թե՞՝ ոչ:

«Բառերով դժվար է փոխանցել տագնապը, որ պատմական եւ մշակութային այս ժառանգությունը, որը Միացյալ Նահանգների ժողովրդի անունից ընդունել է նախագահ Քուլիջը, կարող է պահվել փակ դռների հետեւում՝ հագուրդ տալով պատմական կոնկրետ փաստերը հանրային քննարկման առարկա չդարձնելու՝ Թուրքիայի ցանկության»,- նախագահ Օբամային ուղղված նամակում գրել է Փալոնը:

Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆն ու Դեվիդ Վալադաոն նույնանման կոչով դիմել են կոնգրեսական իրենց գործընկերներին:

Հայ որբերի գործած գորգն ԱՄՆ-ի նախկին նախագահ Քալվին Քուլիջին է նվիրաբերվել՝ որպես Հայոց ցեղասպանության ժամանակ ԱՄՆ-ի ցուցաբերած մարդասիրական օժանդակության համար երախտիքի նշան:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին` նշելով, որ այս ամենը ողբերգական վկայությունն է Օբամայի վարչակազմի հնազանդության Անկարայի վարած մոլեգին և ոչ բանական ժխտողական քաղաքականության, և որ Սպիտակ տունն այժմ թույլ է տալիս օտար կառավարությանը թելադրել, թե ԱՄՆ-ին պատկանող և ամերիկյան պատմությանը մասը կազմող որ արվեստի գործը կարելի է ցուցադրել Սմիթսոնյան ինստիտուտում, որը` ոչ:

Տպել Տպել