Չեմ ուզում մեր իշխանությունների մեջ դավաճաններ տեսնել

Արծվիկ «Ես չեմ ուզում մեր իշխանությունների մեջ դավաճաններ տեսնել: Որպես ընդդիմություն ես քննադատում եմ իշխանությունների ծրագրերը, սակայն չեմ ցանկանում իշխանությունների մեջ տեսնել մարդկանց, ովքեր կանխամտածված դատարկում են երկիրը»,-այսօր, հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «ՀՀ-ում արտագաղթի նվազեցմանն ուղղված քաղաքականության բարելավում» թեմայով հանրային քննարկումների արդյունքներին հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

«Արտագաղթը համարվում է այսօրվա Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիք և արտագաղթի դադարեցման ուղղությամբ պետք է իրականացնել կոնկրետ քայլեր: Այս խնդրի լուծումը պետք է դիտարկել որպես ազգային պլատֆորմ»,-շեշտել է պատգամավորը:

Նա նշել է, որ արտագաղթի հաղթահարման ուղիներ փնտրելու գործում պետք է ներգրավվեն բոլոր քաղաքական ուժերը՝ իշխանությունը, ընդդիմությունը, այլընտրանքը, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները և Հայ Առաքելական եկեկեցին. «Մարդիկ արտագաղթում են Հայաստանից աշխատանքի բացակայության, արժանի վարձատրություն չունենալու, արդարադատության նկատմամբ հասարակության մոտ հավատի բացակայության, ինչպես նաև ապագայի նկատմամբ անորոշության առկայության պատճառով: Բոլորին պետք է միավորի ոչ թե միմյանց դեմ չարությունը, այլ խնդիրները միասնական, համախմբած լուծելու ցանկությունը: Մենք պետք է մեր դրական հատկությունների վրա կառուցենք մենք ծրագրերը և լուծենք երկրի առջև ծառացած խնդիրները»:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ ՀՅԴ-ի առաջարկած «Մենք ապրելու ենք մեր երկրում» արտագաղթի նվազեցման ծրագրի մի շարք առաջարկներ արդեն իսկ ներառվում են կառավարության ծրագրերի մեջ, հատկապես գյուղատնտեսության ոլորտում ՀՅԴ-ի արված առաջարկությունը. «Մեր ծրագրի մեջ ներառված են արդար վարձատրության համակարգի ներդրումը, ինչպես նաև անդրադարձ է կատարվում նվազագույն աշխատավարձի խնդրին: Արտաղագթի նվազեցման համար պետք է հասարակության մեջ հավատը վերականգնել ապագայի նկատմամբ, ինչպես նաև վարել ճիշտ կադրային քաղաքականություն: Մենք մեր ծրագրում կարևորում ենք աշխատատեղերի ստեղծման ծրագիրը և պահանջում կառավարությունից հրապարակել աշխատատեղերի ստեղծման «ճանապարհային քարտեզ: Կարծում ենք Կառավարության հայտարարված 100.000 աշխատատեղերի ստեղծումը բավարար չէ»:

Տպել Տպել