Այն ինչ եղավ, ճիշտ ճանապարհ չէ

աղվան1Երեկ Երեւանի կենտրոնում Շանթ Հարությունյանի կազմակերպված «Հեղափոխական պայքարը» վերածվեց բենզինի շշերի հեղափոխության, որն էլ ավարտվեց ձերբակալություններով: Եղան մարդիկ, այդ թվում` ոստիկաններ, որոնց տեղափոխեցին հիվանդանոց:

Շանթ Հարությունյանի «հեղափոխությունը» տարբեր գնահատականների արժանացավ. ոմանք ողջունեցին նրա արարքները, ոմանք էլ նրա քայլերը գնահատեցին որպես արկածախնդրություն, անգամ` խելահեղություն:

Yerkir.am-ը երեկվա դեպքերի վերաբերյալ լսել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կարծիքը:

«Մեր երկրի վերջին տարիների ձեռքբերումներից է քաղաքացիական դիրքորոշում ունեցող, իր իրավունքների, պետության ապագայի համար պայքարող, այս իրավիճակին չհարմարվող, օր օրի ավելացող՝ հատկապես երիտասարդ մարդկանց առկայությունը: Այսօր կացությունը և’ ներքին, և’ արտաքին քաղաքականության մեջ այնպիսին է, որ դժգոհության տարատեսակ դրսևորումներն անխուսափելի են»,- նշեց Վարդանյանը` հավելելով, որ թերևս դրանցից մեկն էլ նոյեմբերի 5-ին մայրաքաղաքի կենտրոնում կատարվածն էր:

Նա ասաց, որ ՀՅԴ-ի համար, սակայն, անհեռանկարային են անկազմակերպ, անընդունելի մեթոդներով այդօրինակ գործողությունները:

«Չբացառելով նաև հնարավոր սադրանքի տարրերը՝ գտնում ենք, որ այդ ճանապարհը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել: Հասարակությունը պետք է ինքնակազմակերպվի և համակարգային բարեփոխումներ պարտադրի իշխանություններին բացառապես սահմանադրական ուղիներով: ՀՅ Դաշնակցությունը այս առումով իր մոտեցումները շարադրել է յոթկետանոց ծրագրի տեսքով: Մենք աշխատել ու աշխատելու ենք այդ ուղղությամբ՝ մշտապես ապավինելով գիտակից, կազմակերպված, պետության ճակատագրով մտահոգ քաղաքացիներին»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը:

yerkir.am

Տպել Տպել