Վրիժառու բազուկը՝ Միսաք Թոռլաքյան

Nemesis_misak_torlakian20-րդ դարի սկզբում Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայի մյուս հայաշատ վայրերում հայ ազգաբնակչության նկատմամբ կիրառված ոճրագործությունը վարակիչ եղավ նաեւ Ադրբեջանի իրենց ցեղակիցների համար: Նրանք կազմակերպեցին Բաքվի, Շուշիի եւ այլ վայրերի հայ ազգաբնակչության կոտորածներ: «Մուսավաթ» կուսակցության պարագլուխները չէին էլ թաքցնում իրենց հրեշավոր նպատակները, ինչպես արել էին իթթիհատականները` կազմակերպելով հայերի ցեղասպանություն:

Եվ ահա, հայկական ցեղասպանությունները կազմակերպող եւ իրականացնող երիտթուրք պարագլուխներին պատժելու նպատակով ՀՅԴ-ի կողմից 1919թ. հոկտեմբերին ստեղծված Պատասխանատու մարմնի Շահան Նաթալու գլխավորած «Նեմեսիսի» սեւ ցուցակում տեղ գտան նաեւ մուսավաթական Ադրբեջանի պանթուրքիստ պարագլուխների անունները` Աղաեւ, Թոփչիբաշեւ, Հուսեյնզադե, Խոյսկի, Ջիվանշիր, Ղասիմբեկով…
Պատասխանատու մարմնին անդամագրվել էին ամենաքաջ, ամենահանդուգն հայորդիները (Սողոմոն Թեհլիրյան, Արշավիր Շիրակյան, Արամ Երկանյան, Միսաք Թոռլաքյան …), որոնք էլ սկսեցին ի կատար ածել Հայոց ցեղասպանությունը կազմակերպող եւ իրականացնող թուրք եւ ադրբեջանցի (թաթար) ոճրագործների նկատմամբ որոշված արդարահատույց գործողությունները: Մուսավաթիստ ոճրագործներին վերացնելու առաջնությունը պատկանում է կարինցի Արամ Երկանյանին (1900-1934): 1919թ. հոկտեմբերին Թիֆլիսի Երեւանյան հրապարակում նա գնդակահարեց Ադրբեջանի ռազմական նախարար Ղասիմբեկովին, այնուհետեւ գնդապետ Սարաֆովին, իսկ 1920թ. հունիսի 19-ին` Բաքվի եւ Շուշիի հայկական կոտորածների կազմակերպիչ, Ադրբեջանի վարչապետ` Խոյսկուն, նրա գործակից Մահմեդովին եւ նրանց թիկնապահին:

Երբ Սողոմոն Թեհլիրյանը 1921թ. մարտի 15-ին Բեռլինում գնդակահարեց ամենամեծ ոճրագործին` Թալեաթին, Պատասխանատու մարմինը հանձնարարեց «Նեմեսիս» գործողության մասնակիցներինՙ արագացնել արդարահատույց գործողությունները մյուս ոճրագործների նկատմամբ:

1921թ. Կ.Պոլիսը գտնվում էր դաշնակից պետություններ Ֆրանսիայի եւ Անգլիայի հսկողության ներքո եւ «Մուսավաթի» պարագլուխները ազատ ելումուտ էին անում որպես Ադրբեջանը ներկայացնող տարբեր պաշտոնյաներ: Նրանց նկատմամբ արդարահատույց գործողություն կատարելու համար Պատասխանատու մարմինը հանձնարարել էր տրապիզոնցի Միսաք Թոռլաքյանին եւ իր ընկերներին:

Այդ օրերին Կ.Պոլիսում էր գտնվում պանիսլամիզմի հայտնի գաղափարախոս եւ հայկական ջարդերը գովաբանող ու խրախուսող Ահմեդ Աղաեւը: Հայ վրիժառուները նրան հետապնդում էին, երբ լուր են ստանում, թե Կ. Պոլիս է ժամանել նաեւ Ադրբեջանի Թալեաթը` Բեհբութ խան Ջիվանշիրը: Նրա` Կ. Պոլիս գալով առժամանակ մոռացվեց Աղաեւը:

ՎԱՍՏԱԿԱԾ ՀԱՆԳԻՍՏ
ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ ԵՎ ՄԻՍԱՔ ԹՈՌԼԱՔՅԱՆ

Սողոմոն Թեհլերյան  Միսակ Թոռլաքյան

Սողոմոն Թեհլերյան
Միսակ Թոռլաքյան

1921թ. հունիսին Բեհբութ խան Ջիվանշիրը ժամանել էր Կ.Պոլիս` իբրեւ բոլշեւիկյան Ռուսաստանի առեւտրական ներկայացուցիչ: Թերեւս այդ պատրվակով էր Բաքվից մեկնել հայ ազգաբնակչությունից թալանած հարստությունը դուրս հանելու համար: Կ. Պոլսում նրան առաջինը տեսել էր Աբրահամ Գյուլխանդանյանը (ՀՅԴ-ի նշանավոր գործիչ), որը դեռեւս Բաքվից անձամբ էր ճանաչում Ջիվանշիրին:

Այս լուրը ստանալուն պես սկսվեց նրա հետապնդումը: Գործը հանձնարարվեց թուրքերի դեմ մղած մարտերի բովով անցած տրապիզոնցի երեք երիտասարդների` Երվանդ Ֆունդուքյանին, Հարություն Հարությունյանին, Միսաք Թոռլաքյանին: Առաջին երկուսը պետք է կատարեին միայն հետապնդումը, իսկ հարվածը հասցներ Միսաք Թոռլաքյանը: Սկզբնական շրջանում հետապնդմանը մասնակցել է նաեւ Հրաչ Փափազյանը: Շուտով հայտնաբերվել է, որ ոճրագործը բնակվում է «Բերա Փալաս» շքեղ հյուրանոցում: Իր տրամադրության տակ ուներ երկու ինքնաշարժ: Հետապնդումները ցույց տվեցին, որ Ջիվանշիրը չունի հյուրանոցից դուրս ու ներս անելու որոշակի ժամեր: Նա հյուրանոցից դուրս էր գալիս շտապելով, նստում ինքնաշարժը եւ հեռանում: Դա էր պատճառը, որ դժվար էր առանձին գտնել եւ հարմար պահին խփել: Նրա Կ. Պոլիս ժամանելուց անցել էր արդեն մեկ շաբաթ, սակայն որեւէ արտառոց բան տեղի չէր ունեցել:

Հուլիսի 18-ի երեկոյան նրան սպասարկող երկու ինքնաշարժն էլ կանգ առան հյուրանոցի դռան առջեւ: Նրանցից դուրս եկան Ջիվանշիրը, էլի մի քանի հոգի եւ մտան հյուրանոց: Քիչ անց բոլորը միասին դուրս եկան հյուրանոցից եւ մտան մոտակա «Փըթի Շանի» պարտեզը, ուր բացօթյա թատրոն կար, եւ տեղ զբաղեցրին բուֆետի մոտ` պատվիրելով խորտիկներ: Արդարահատույց գործողության հարմար պահը եկել էր, ուստի Հարությունը շտապեց հեռանալ: Միսաքը եւ Երվանդը այդ պահին նույնպես մտան պարտեզ, որը լի էր բազմությամբ: Շարժվելը դժվար էր, ուստի հնարավոր չեղավ առաջանալ եւ ոճրագործին խփել նստած տեղը: Վրիժառուն ստիպված էր սպասել մուտքի դռան մոտ, մինչեւ նրանց դուրս գալը: Երկար սպասելուց հետո մարդկանց բազմությունը սկսեց խառնիխուռն ելնել պարտեզից…

«Ջիվանշիրը դուրս եկավ եւ անցավ մեր առջեւից, – հիշում է Միսաք Թոռլաքյանը:- Ամբոխի խմբվածության պատճառով չկարողացա հասնել եւ զարկել, կլինեին անմեղ զոհեր: Նա գնում էր դեպի հյուրանոց: Ճանապարհի երկու կողմերում բազմաթիվ ինքնաշարժներ էին կանգնած: Մտածեցի, որ մարդկանց բազմության միջով չպիտի կարողանամ հասնել նրան, ուստի ինքնաշարժների միջեւ գտնվող մեկ ոտնաչափ ճանապարհով արագ-արագ մոտեցա: Երբ մոտենում էի, նկատեցի, որ գլուխը շրջեց եւ սկսեց շուրջը նայել, ապա նորից շարունակեց ճանապարհը: Կասկածեցի, որ կարող է խուսափել եւ հեռանալ, ուստի արագ կարողացա հասնել ու, մինչ կմտներ հյուրանոց, քաշեցի ատրճանակս եւ փոխանակ խփեի գլխին, փողը դեմ տվեցի կողքին եւ կրակեցի: Ուրիշ կերպ չկարողացա. ինքը բարձրահասակ էր, ես` կարճ, հետեւս ինքնաշարժ կար, կողքը` բազմություն, ազատ շարժվելու հնարավորություն չունեի: Առաջին հարվածից չընկավ, ընդհակառակը, ուղղվեց եւ կարողացավ երկու ձեռքերս ամուր բռնել: Ձեռքերս բռնելը շատ լավ եղավ ինձ համար, որովհետեւ դարձավ դեմքով դեպի ինձ, կուրծքըՙ առաջս: Այս անգամ երկու գնդակ արձակեցի ուղղակի կրծքին, եւ նա վայր ընկավ:

Ժողովուրդը այդ պահին խուճապի մատնվեց. յուրաքանչյուր ոք փորձում էր մի տեղ գտնել մտնելու, թաքնվել ինքնաշարժների կողքը, որպեսզի գնդակ չդիպչի: Ընկերս` Երվանդ Ֆունդուքյանը, առաջին կրակոցից հետո արդեն մեկնել էր` ավարտած համարելով իր գործը: Ինձ համար ճամփա բացվեց, եւ ես ազատ սկսեցի քայլել դեպի «Բերա Փալաս» հյուրանոցի անկյունի փողոցը, որտեղից առաջ գնալով` կարող էի մտնել թուրքական հին գերեզմանոց եւ անհետանալ: Փողոցի անկյունում կանգնած էին երկու թուրք ոստիկան, որոնք անմիջապես փախան, երբ ձեռքս ատրճանակ տեսան:

Այդ պահին ականջիս հասավ Ջիվանշիրի ձայնը, որը բղավում եւ օգնություն էր կանչում: Գիշերվա ժամը մեկի մոտ էր: Մեջս կասկած առաջացավ, որ մեռած չէ, վերադառնամ, որ վերջացնեմ: Հետ դարձա դեպի ոճրագործը: Երբ մոտեցա, շուրջը հավաքվել էին մոտ 20-30 մարդ: Ատրճանակը ձեռքիս տեսնելով` բոլորն էլ հետ քաշվեցին: Մոտեցա եւ գետնին փռված Ջիվանշիրի գլխին գնդակ տվեցի: Մեկ գնդակ էլ պարպեցի կրծքին, ապա նայեցի շուրջս եւ տեսա 4-5 ոստիկան` ատրճանակը ձեռքերին, որոնք փակել էին փողոցի այն անկյունը, որտեղից կարող էի փախուստ տալ: Այդ ճանապարհով ազատվելը անհնար էր, ուստի կտրեցի փողոցը եւ փորձեցի անցնել դեպի Բերա: Ինքնաշարժները խիտ առ խիտ շարված էին «Բերա Փալասի» մոտից մինչեւ «Փըթի Շան»: Սրանց արանքում նկատեցի մի բաց ինքնաշարժ, որի մեջ պառկած էին մարդիկ: Երբ այդ ինքնաշարժի վրայով թռա, որ անցնեմ մյուս կողմը, ընկա պառկած մարդկանց վրա, եւ տակավին ոտքերս գետնին չհասած` չորս հոգի ինձ բռնեցին: Բռնողներից մեկը Ջիվանշիրի եղբայրն էր` Ջումշուդը, որը ամուր բռնեց մեջքս: Մի գնդակ պարպեցի նրա վրա, որը աչքի վերի ոսկորները փշրեց եւ անցավ, սակայն նա չընկավ, թեեւ արյունլվա էր, մեջքս բաց չթողեց: Եթե բաց թողած լիներ, մյուս երեքին էլ կսատկացնեի, քանի որ ատրճանակիս մեջ մնացել էր չորս փամփուշտ: Ատրճանակս լիցքավորելու հնարավորություն այլեւս չունեի, ուստի հաշտվեցի հանձնվելու գաղափարին: Թեքվեցի, բազուկս դրի ինքնաշարժի կողքին, օդ կրակեցի եւ սպասեցի: Այդ պահին մի թուրք ոստիկան մոտեցավ, բռնեց ձախ ձեռքս եւ ուզում էր ատրճանակս խլել, ասացի.

– Չփորձես, այլապես շանսատակ կանեմ…

Այսպես լարված մնացել էինք, երբ հասան ֆրանսիացի ոստիկանները եւ վերցրին ատրճանակս: Դրանից հետո սկսվեց ծեծը… Ինձ քարշ տվեցին մինչեւ ոստիկանատուն, որտեղ շարունակվեց ծեծը: Երբ ինձ հասցրեցին ոստիկանապետի սենյակը, վրաս գրեթե հագուստ չէր մնացել: Թուրք ոստիկանապետը շշմած նայում էր մերթ ինձ, մերթ ոստիկաններին: Երբ ֆրանսիացի ոստիկանը բարձրացրեց ձեռքի մահակը, որ հարվածի գլխիս, բռնեց նրա ձեռքը եւ ասաց.

– Սա իմ պաշտոնատեղն է, այստեղ դուք իրավունք չունեք մարդ ծեծելու… Սպանվողը թուրք է, սպանողն էլ հայ, հավանաբար նրանք մեր հպատակներն են, մի՛ խառնվեք այս գործին: Այլեւս ծեծը դադարեց:
Ապա ոստիկանապետը նստեց դիմացս, վերցրեց թուղթ ու գրիչ եւ ասաց.

– Դե՛, տղա՛ս, խոսի՛ր, անունդ ի՞նչ է, որտեղացի՞ ես…

Բոլոր հարցերին ճիշտ պատասխանեցի, բայց երբ հերթը հասավ մանրամասնություններին, հայտնեցի, որ այս վիճակով այլեւս հնարավորություն չունեմ հարցերին պատասխանելու:

Ինձ բանտ տարան: Հաջորդ օրը հարցաքննությունը սկսվեց թարգմանչի միջոցով, որը տեւեց մոտ հինգ ժամ: Հարցրեցին ամեն ինչի մասին, սկսած մանկության օրերից, մինչեւ դեպքի օրը: «Թե ինչու սպանեցիր Ջիվանշիրին» հարցին պատասխանեցի, որ այդ մարդը ամբողջ ընտանիքս ջարդել է տվել Բաքվում, եւ երբ հանդիպեցի իրեն, չկարողացա ինքս ինձ զսպել եւ սպանեցի… Այնուհետեւ ինձ տարան բանտախուց:

Երբ ոստիկանները հարցաքննության արձանագրությունները հանձնեցին անգլիացի բանտապետին, վերջինս դրանք վերցրեց, պատռեց եւ մի հայոյանք էլ տալով ֆրանսիացի քննիչների հասցեին` շպրտեց…

Այն բանտասենյակը, որտեղ ինձ տարան, կային մի քանի բանտարկյալՙ ազգությամբ հրեա, հույն, արաբ, մակեդոնացի, ռուս, որոնք բոլորն էլ մեղադրվում էին մարդասպանության մեջ: Ահա սրանք էին իմ ընկերները անգլիական բանտի մեջ: Առաջին օրվանից բանտարկյալների հետ բարեկամություն հաստատեցի այնքան, որ դրսից ուղարկվող ուտելիքներից ինձ էլ էին բաժին հանում եւ ազատել էին ինձ բանտասենյակը մաքրելու տհաճ պարտականությունից:

Բանտապահների գլխավորը հայ էր` Բարսեղ անունով, որի միջոցով կարողացա լուր ուղարկել ընկերներիս, որոնք ինձ այցելության եկան: Բարսեղի օգնությամբ կարող էի բանտից փախչել եւ ազատվել, սակայն գիտեի, որ դատավարությունը իմ օգտին է լինելու, այդ պատճառով էլ հրաժարվեցի փախչելու մտքից…

Շուտով պետք է սկսվեր դատավարությունը, որից մեկ օր առաջ ինձ տարան մի առանձին սենյակ, ուր դեմս հանեցին Ջիվանշիրի եղբորը` Ջումշուդին, որը վկայեց, որ իր եղբոր սպանողը ես էի: Այնուհետեւ սենյակ բերեցին Ջիվանշիրի ռուս կնոջը, որը ինձ տեսնելուն պես իբր թե ուշաթափվեց: Երբ սթափվեց, ինքն էլ հաստատեց, որ սպանողը ես էի: Իսկ ես չուրացա, որ ես եմ սպանել»:

Դատավարությունը սկսվեց Կ. Պոլսի Հարպիեի նախկին զինվորական դատարանի դահլիճում: Դատական ատյանի նախագահը եւ նրա երկու օգնականները անգլիացիներ էին: Առաջին վկան Ջիվանշիրի եղբայրն էր` Ջումշուդը, որը հաստատեց, որ սպանողը ամբաստանյալն է, որը հրազենով իր աչքն էլ է վնասել, երբ ինքը բռնում էր նրան: Երկրորդ վկան Ջիվանշիրի կինն էր, որը ասաց, թե իր ամուսինը առհասարակ խառնված չէ հայկական կոտորածներին… Մեղադրող կողմից հանդես եկան եւս մի քանի հոգի, որից հետո հարցաքննության կանչվեցին պաշտպանական կողմի վկաները (այդ թվումՙ Երվանդ Օտյանը), որոնք մանրամասն պատմեցին 1918թ. սեպտեմբերին Բաքվում թուրքերի եւ թաթարների` հայերի դեմ սարքած կոտորածների մասին, որոնց կազմակերպիչներն էին Ջիվանշիրը, խան Խոյսկին եւ ուրիշներ: Այդ կոտորածների ժամանակ սպանվեցին ավելի քան 30000 հայեր: Դատավարությունը ունեցավ 40 նիստ եւ տեւեց ավելի քան երկու ամիս: Բոլոր վկաներին հարցաքննելուց հետո դատախազը հրավիրեց նյարդային հիվանդությունների երկու բժշկի, մեկըՙ թուրք, մյուսը` անգլիացի: Թուրք բժիշկ Օսման բեյը հայտնեց, թե ինքը քննել է ամբաստանյալին եւ գտնում է, որ ոչ սպանություն գործած օրը եւ ոչ էլ բժշկական քննության ենթարկված օրը ամբաստանյալը մտային խանգարում չի ունեցել, լուսնոտ էլ չէ, հետեւաբար պատասխանատու է իր գործած հանցանքի համար: Սրան հակառակ անգլիացի բժիշկը հայտնեց, թե երեկ քննել է ամբաստանյալին, մարմնի վրա գտել է սպիներ, նկատել է սրտային նոպաներ, արյան անկանոն շրջանառություն… Փաստեր կան, որ ինքը եղել է լուսնոտ, որի նոպայի ընթացքում առաջացող հուզմունքը կարող էր նրան մղել կատարելու ոճիր, որի համար ինքը պատասխանատու չէ: Պետք է հատկապես նշել, որ Մ. Թոռլաքյանի փաստաբան Հմայակ Խոսրովյանը դատապաշտպանությունը կազմակերպել էր` հիմնվելով երեք գլխավոր փաստերի վրա.

Առաջին. որ Բաքվի հայ ազգաբնակչության ջարդերի գլխավոր պատասխանատուն եղել է Ջիվանշիրը.
Երկրորդ. որ Թոռլաքյանը սպանությունը կատարելու պահին եղել է մտային խանգարման վիճակում.
Երրորդ. որ իր հարազատները կոտորվել են Բաքվում:

Ինչպես երեւում է շարադրվածից, փաստաբան Վ. Խոսրովյանը նպատակահարմար է գտել պաշտպանությունը տանել նույն ձեւով, ինչպես տեղի էր ունեցել Բեռլինում Սողոմոն Թեհլիրյանի դատավարության ժամանակ, երբ դատարանը վերջինիս անմեղ էր ճանաչել:

Դատավճիռը հայտարարելու օրը դատարանի շենքի շուրջը հոծ բազմություն էր հավաքվել: Հավանաբար վախենալով, որ դրսում կարող է խառնակություն ծագել, դատավորը հայտնեց, թե դատավարության թղթածրարը ուղարկվելու է Լոնդոն, որտեղից պետք է ստացվի դատավճիռը: Երկու շաբաթ անցՙ 1921թ. հոկտեմբերի 6-ին ստացվեց դատավճիռը, որում գրված էր.

«Ամբաստանյալը հանցավոր է սպանության համար, սակայն ատյանը գտնում է, որ նա պատասխանատվություն չի կրում իր գործած հանցանքի համար, քանի որ այն կատարելու պահին ունեցել է մտային խանգարում»:
Միսաք Թոռլաքյանը ազատ է արձակվել, բայց աքսորվել է Հունաստան: Հունաստանից նա անցնում է Ռումինիա, որտեղ մնացել է մինչեւ 1941թ.:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին Մ. Թոռլաքյանը Դրոյի հետ բազմաթիվ հայերի է փրկել գերությունից: Պատերազմի ավարտից հետո հայտնվում է Շտուտգարտում եւ այնտեղ մնում մինչեւ 1951թ.: Այնուհետեւ մեկնում է ԱՄՆ, որտեղ էլ մահանում է 1968 թվի նոյեմբերի 12-ին:


nakhshkaryan.blogspot.com

Տպել Տպել