Վահան Հովհաննիսյանի դեսպան նշանակվելու կապակցությամբ խնդիրներ չկան

vahan5Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի` Գերմանիայում դեսպան նշանակելու հետ կապված խնդիրների եւ ձգձգման մասին խոսակցություններն ու մամուլում տպագրվող հոդվածներն իրականությանը չեն համապատասխանում:

Դա նորմալ գործընթաց է եւ շատ հաճախ են նման հարցերի շուրջ քննարկումները ձգվում: Գերմանիայի դեսպանատան շենքի վերաբացման կապակցությամբ լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը` հավելելով, որ հարցի կապակցությամբ խնդիրներ չկան:

Նրա խոսքով` որոշումների կայացման համար անհրաժեշտ է երկար ժամանակ, և այդտեղ զարմանալու եւ արտասովոր ոչինչ չկա:

«Դեսպանների նշանակման կարգի մասին կարող եմ ասել, որ ագրեմանի գալու կամ ուղարկելու մասին հրապարակավ կամ մամուլում չի քննարկվում: Դա սխալ ձեւ է: Չի էլ հայտնվում` ագրեման ուզել ենք կամ չենք ուզել: Երբ համապատասխան կարգով որոշում ընդունվի եւ բոլոր գործընթացները հստակեցվեն, կոնկրետ նշանակումների վերաբերյալ համապատասխան հաղորդագրություն կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հարցի վերաբերյալ նման կարծիք հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Թեպետ պաշտոնական որեւէ հայտարարություն կամ որոշում չկա, սակայն արդեն 3 ամիս լուրեր են շրջանառվում, որ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը նշանակվելու է դեսպան Գերմանիայում:

Ըստ շրջանառվող լուրերի, Վահան Հովհաննիսյանի ագրեմանի ուշացման պատճառը Լեւոն Տեր-Պետրոսյանի երբեմնի հայտարարությունն է, թե ՀՅԴ-ն ահաբեկչական կառույց է: Ըստ մամուլի, գերմանական կողմն ուսումնասիրում է «31»-ի գործը, որտեղ ներգրավված է եղել նաեւ Հովհաննիսյանը:

armenpress.am
22/11/2013

Տպել Տպել