Գլենդելահայերը Օբամայից հստակ քայլեր են պահանջել Հայոց ցեղասպանության որբուհիների գորգը ցուցադրելու համար

gorgՄիացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի Գլենդեյլ կատարած այցի առնչությամբ նոյեմբերի 26-ին հրավիրվել է հատուկ ասուլիս, որով կոչ էր արվել ցուցադրության ներկայացնել Հայոց ցեղասպանության որբերի գորգը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ Արևելյան շրջանի հանձնախմբից, ասուլիսի մասնակիցները հստակ քայլեր են պահանջել Սպիտակ տնից:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ազգային խորհրդի անդամ Րաֆֆի Համփարյանը վարչակազմից պահանջել է վերջ տալ պատմական արժեք ներկայացնող գորգը «բանտարկության» մեջ պահելու քաղաքականությանը՝ նման քայլը որակելով «արտասովոր վերաբերմունք ամերիկյան պատմության մասնիկը հանդիսացող նման կարևոր առարկայի նկատմամբ»:

Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը խոսել է ԱՄՆ պատմության մեջ Հայոց ցեղասպանության որբերի գորգի դերակատության և այն մշտական ցուցադրության տրամադրելու անհրաժեշտության մասին:

«Գորգը հայ-ամերիկյան ժողովուրդների ընկերությունը խորհրդանշող գթասիրտ քայլ էր: Այն ամերիկյան պատմության մասն է կազմում: Եվ այն պահեստում կողպած պահելը ոչ միայն վիրավորական է արվեստի այս գեղեցիկ գործը տքնաջան աշխատանքով գործած հայ որբուհիների նրկատմամբ, այլև ամոթալի փորձ ցեղասպանությունը ժխտող Անկարայի պահանջով քողարկելու ամերիկյան պատմության հպարտ էջերից մեկը»,- նշել է Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Ասուլիսին հայտարարությամբ հանդես է եկել նաև ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը` նշելով, որ Հայոց ցեղասպանության գորգը ոչ միայն իր պատմության ամենամութ ժամանակաշրջանում հայ ժողովրդի ցուցաբերած ճկունության խորհրդանիշ է, այլև 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 հայերի նյութական վկայությունը: «Ես մտադիր եմ գորգին նվիրված միջոցառում հյուրընկալել Կապիտոլիումի բլրում` լույս սփռելով ամերիկյան դիվանագետների և բարեգործական ընկերությունների` ցեղասպանության զոհերի վրա ուշադրություն հրավիրելու և օգնություն տրամադրելու ջանքերի վրա: Ես կոչ կանեմ կառավարությանը թույլատրել գորգի ցուցադրությունն այդ միջոցառմանը և հույս ունեմ դրական պատասխան ստանալ»,- իր որոշման մասին վերահաստատել է կոնգրեսականը:

Ասուլիսի ժամանակ ելույթներ են ունեցել նաև Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախումբի ատենապետ Նորա Հովսեփյանը և Գլենդեյլի քաղաքապետարանի խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը:

Ասուլիսի ավարտին ներկաները ստորագրել են նամակ, որով ողջունել են նախագահ Օբամայի այցը՝ միաժամանակ պահանջելով գորգը ցուցադրելու թույլտվություն շնորհել: Նամակը ստորագրել են Գլենդեյլի կրթական միացյալ վարչության փոխնախագահ Նաիրի Նահապետյանը, Գլենդեյլի համայնքային քոլեջի հոգաբարձության փոխնախագահ դոկտոր Վահե Փիրումյանը և ՀՕՄ-ի, ՀՄԸՄ-ի, ՀԵԴ-ի, Հայ ուսանողների միացյալ միության, Հայկական գորգի միության, Միացյալ երիտասարդ հայերի և Հայ տարեցների միության ներկայացուցիչները:

armenpress.am

Տպել Տպել