Ինչին արժանի ենք, դա էլ ստանում ենք

Արմեն1Հարցազրույց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ

-Երեկ Վիլնյուսում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև համատեղ հայտարարություն, ըստ որի` Եվրոպական Միությունն ու Հայաստանն ունեն սերտ կապեր և վերահաստատում են իրենց հանձնառությունը` զարգացնել և ամրապնդել Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը: Ինչպե՞ս եք գնահատում համատեղ այս հայտարարությունը:

-Մեզ համար համատեղ այս հայտարարությունը միանշանակ սպասելի էր: Մինչև հայտարարության ընդունելը մեր գնահատականն այն էր, որ սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո խոսել ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման մասին` տեղին չէ, որովհետև այն անհամատեղելի է Մաքսային միությանն անդամակցելու ու հետագայում Եվրասիական միության անդամակցության գործընթացը սկսելու` Հայաստանի քաղաքական որոշումներին: Միանգամայն հավանական էր, որ կընդունվեր նման հայտարարություն, որը կարձանագրեր ստեղծված իրավիճակը, որը միաժամանակ տեղ կթողներ` հետագայում Եվրամիության հետ շարունակելու համագործակցել` ստեղծված նոր պայմաններով: Հայտարարությունը մեկ բան հստակ նշում է` կա նոր հանձնառությունների դաշտ, որը չէր համապատասխանում նախկին հանձնառություններին: Համատեղ հայտարարությունն արծարծում է նաև Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, ինչը հայտարարության տողատակում երևում է: Կարծում եմ` հայտարարությունը հիմք է տալիս ասելու, որ առնվազն բարեփոխումների ընթացքը Հայաստանը ԵՄ-ի հետ պետք է շարունակի, բացի դրանից, խնդիր է դրվում անդրադառնալու երկկողմ հարաբերությունների հիմքին, այն թարմացվում է, և, բնականաբար, կարդիականացվի գործողությունների նոր ծրագիր: Եվ պետք է արձանագրել` ստեղծված վիճակում գտնվել է կոմպրոմիսային լուծում:

– Ասացիք, որ հայտարարության տողատակում արծարծվում է այն, որ Հայաստանը փոխում է իր քաղաքական վեկտորը: Փաստորեն Եվրոպան ընդունո՞ւմ է, որ այս մենամարտում հաղթեց Ռուսաստանը:

– Հաղթանակի մասին չէ խոսքը… Եվրոպան վաղուց է հայտարարել` մենք կհարգենք ցանկացած որոշում, և սրանով իրենք արձանագրում են, որ Հայաստանը` որպես ինքնիշխան երկիր (այսպես է ընկալվում այն Եվրամիության կողմից), իրավունք ունի որոշել իր ճակատագիրը: Եվ սա հարգանքի արձանագրումն է:

– Պարոն Ռուստամյան, Հայաստանը մինչ այժմ էլ համագործակցում էր Եվրոպայի հետ` առանց այս փաստաթղթի գոյության: Սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո, փաստորեն, վտանգվա՞ծ էր ԵՄ-ՀՀ համագործակցությունը, և կա՞ր կարիք համագործակցության շարունակությունն ամրագրելու:

– Նախկին ելակետային գործընկերության համաձայնագիրն արդեն իսկ նվազագույն հարթակն էր, որը գոյություն ուներ, և դրանից պակաս համաձայնություն, չեմ կարծում, որ կարձանագրվեր, որովհետև դա կնշանակեր` հարաբերությունների խզում: Պարզապես առաջացել են նոր խնդիրներ, որոնց լուծման համար Եվրոպան պատրաստակամություն հայտնեց արդիականացնել նոր փուլ, և ավելի բովանդակային կամ խորքային, դետալացված փաստաթղթի ակնկալիքն իմաստ չուներ: Խոսել Ասոցացման մասի՞ն… իրենք հենց սա են նշում` Ասոցացման մասին այլևս խոսք լինել չի կարող, և իրենք գիտեն` որտե՞ղ է անհամատեղելիությունը, գիտեն, որ Մաքսային միության և Ասոցացման համաձայնագրի խաղի կանոնները տարբեր են` միմյանց չեն համապատասխանում, և Եվրոպան չի պատրաստվում փոխել իր կանոնները` հանուն համատեղելիության: Մենք ենք մտնում այդ կազմակերպության մեջ ու սեփական կանոններով «ուրիշի ընտանիք» մտնել չենք կարող: Եվրոպան, այո, հարգում է մեր որոշումը, բայց չի փոխի իր կանոնները` շարունակելու համար այն տրամաբանությունը, որը մինչ այդ կար: Պետք է փաստել, որ Արևելյան գործընկերության ծրագիրը, եթե չասենք` տապալված է, ապա չի կայացել, որովհետև երկու երկրները չեն ապահովում Եվրոպայի համար ամբողջական արևելյան գործընկերության ամբողջությունը:

– Դուք ընդունո՞ւմ եք, որ Հայաստանի իշխանությունը հաջողություն գրանցեց արտաքին քաղաքականության հարցում` իրականացնելով «և-և» քաղաքականությունը:

– Մասամբ` ընդունում ենք: Ասոցացման համաձայնագիրը, որը նախատեսվում էր, չի արվել, և սա փաստ է: Բայց կա նաև այն, որ կապերը Եվրամիության հետ չխզվեցին, և իրենք կարող են համարել, որ «և-և» քաղաքականություն է: Ժամանակին ես ասել եմ, որ իրենք կներկայացնեն սա` որպես մեծագույն հաղթանակ, այն դեպքում, երբ Ասոցացման համաձայնագրի իմաստով «և-և» չկա: Բայց այո, կա այն, որ մենք չենք խզել մեր կապերը Եվրամիության հետ, ինչը ես համարում եմ դրական, կարևոր ձեռքբերում, ինչի հարցում նպաստեց Ուկրաինայի որոշումը, որը հայտարարեց, թե չեն տեսնում Ռուսաստանի հետ կապերի խզման այլընտրանք: Եթե Ուկրաինան չի տեսնում այդ այլընտրանքը` մենք ի՞նչ այլընտրանք կարող ենք ունենալ… Դրա համար, մենք համարում ենք, որ եթե չկա այլընտրանք, պետք է ամրապնդենք այն` ինչ ունենք: Եվ սա եղավ այն ճիշտ մոտեցումը, որը մեզ իրավիճակից քիչ կորուստներով դուրս բերեց:

– Փաստորեն, Հայաստանը ոչ ձախողվեց, ոչ էլ շահե՞ց:

– Չէ, ձախողված չենք: Չեմ կարծում, թե ընդունված հայտարարությունը Ռուսաստանի կամ Մաքսային միության հետ մեր հարաբերությունների վրա կազդի, կպարտադրի, որ մենք հրաժարվենք դրանից: Եվ հիմա ժամանակն է, որ մենք դիվանագիտական մեծ հմտություն գործի դնենք` չկորցնելու ազգային շահերից բխող նվաճումները: Այս քայլը եղածն ամրապնդելու տրամաբանությանն է միտված: Հիմա Ուկրաինայի նման պետությունը չկարողացավ այլընտրանք գտնել, բա մե՞նք… Եվրոպան էլ գիտի` ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այն տրամաբանությունը, որը բոլոր պետություններին կապել էր Մոսկվային, այդ կապերը շատ երկրներին այդպես էլ չհաջողվեց փոխհատուցել, չհաջողվեց դրանց այլընտրանք գտնել, և նրանք, ովքեր մնացին կապերի մեջ, կախվածության տակ շարունակելու են ամրապնդել այդ կապերը, որովհետև ուրիշ այլընտրանք չառաջացավ:

– 3.5 տարվա բանակցություններից հետո Հայաստանն, ըստ Ձեզ, արժանի՞ էր հենց նման` համատեղ հայտարարության ընդունման:

– Այո, ինչին արժանի ենք, դա էլ ստանում ենք: Ինչին իրականում ձգտում ես` դա էլ ստանում ես, սա է աստվածաշնչյան իրականությունը: Դատարկ կուռքի ես ձգտում` դատարկ ես մնում, ձգտում ես իրական ճշմարտության` իրական ճշմարտություն ես որդեգրում: Ինչ ցանես, այդ էլ կհնձես, սա է իրականությունը, և իշխանությունները սա պետք է հասկանան: Հաճախ նրանք հենց այս մոլորության մեջ են, և երբ այդ հրամայականը չի երևում, իրենց թվում է, թե չի էլ երևալու, բայց այդպես չէ: Ժամանակը իր օրինաչափություններով հանձնում է քեզ կոնկրետ իրավիճակի, երբ ստիպված ես լինում տեսնել արածներիդ արդյունքները բաց աչքով:

– Սոցիալական ցանցերում քննադատություններ էին հնչում, թե նախագահի մակարդակով պատվիրակությունը մեկնեց Վիլնյուս` կես էջանոց հայտարարության հետևից: Դուք արդարացված համարո՞ւմ եք, որ համատեղ հայտարարություն ստորագրելու համար Սերժ Սարգսյանը մեկնեց:

– Այո. փաստաթուղթը ստեղծված իրավիճակում հնարավոր լավագույն ձեռքբերումն էր: Դրա համար, իհարկե, արժեր գնալ…

– Այսինքն` այս փաստաթո՞ւղթն էլ կարող էր չլինել:

-Իհարկե:

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

168.am

Տպել Տպել