Լոնդոնում նշել են ՀՅ Դաշնակցության օրը

L1Նոյեմբերի 30-ին Լոնդոնի Գրինֆորդ Թաուն Հոլ համերգասրահում տեղի է ունեցել ՀՅԴ 123-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցել են Մեծ Բրիտանիայի հայ համայնքի համար աննախադեպ թվով’ 500-ից ավելի մեր հայրենակիցներ:

Միջոցառման համերգային մասն անց է կացրել հայտնի երգիչ Ռազմիկ Ամյանը:

Ստորև ներկայացնում ենք Հայկ Հովհաննիսյանի կողմից հավաքվածներին փոխանցված շրջանի ՀՅԴ կոմիտեի խոսքը.london

«Գերաշնորհ Սրբազան Հայր,
Մեծ Բրիտանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչ
պարոն Արա Մարգարյան,
Բրիտանահայ համայնքային խորհրդի ատենապետ պարոն Արա Փալամուդյան,
Հարգելի հայրենակիցներ,
Սիրելի ընկերներ,

Ինձ համար գերագույն պատիվ է Ձեզ ողջունել այս միջոցառմանը’ նվիրված Հայ Յեղափոխական Դաշնակցության 123-ամյակին և ՀՅԴ հիմանդիր հայր Սիմոն Զավարյանի մահվան 100-ամյա տարելիցին:

Իռլանդացի հանճարեղ թատերագիր Ջորջ Բերնարդ Շոուն ասել է.

«Առողջ ժողովուրդն ուշադրություն չի դարձնում իր ազգությանը, ճիշտ այնպես ինչպես առողջ մարդը չի նկատում իր ոսկորները։ Բայց եթե հարվածես նրա ազգային արժանապատվությանը, նա այլևս ոչնչի մասին չի մտածի բացի այդ արժանապատվությունը վերականգնելուց»։

Հավանաբար, հենց այսպիսի մտքերով էին առաջնորդվում Բերնարդ Շոուի հայ սերնդակիցները՝ Քրիստափոր Միքայելյանը, Ստեփան Զորյանը, Սիմոն Զավարյանը, երբ 1890թ. հիմնադրում էին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ գիտակցելով որ ազատություն և վերամիավորում նախընտրող ժողովրդին անհրաժեշտ է նոր ռազմական, քաղաքական և մտավորական առաջնորդող վերնաախավ։ Նրանք հաջողությամբ համախմբեցին այդ վերնախավը, որը կարողացավ գրեթե անհնարին պայմաններում’ արյունալի պատերազմից և ցեղասպանությունից հետո անկախություն նվաճել, հիմք դնելով հայկական պետականությանը, որը դրսևորվեց Հայաստանի Առաջին Հանրապետության կարճատև, բայց շատ առումներով օրինակելի գոյությամբ։

Բնականոն պատմական զարգացում ապրած ժողովուրդների վերնախավերը իրենց արմատներն ունեն ասպետական դասի մեջ։ Պատահական չէ, որ դարեր շարունակ օտար կայսերական լծի տակ գտնվող հայ ժողովրդի վերակենդանացող վերնախավը պետք է հենց ասպետական-մարտական բնույթ կրեր; պատահական չէ, որ մինչ օրս ՀՅԴ-ն թե’ հայ հասարակաության մեջ, թե’ օտարների կողմից ըկալվում է ոչ միայն որպես քաղաքական կուսակցություն, այլև որպես մարտունակ ուժ՝ ընդունակ լուծելու հայ ժողովրդի առջև կանգնած տարբեր խնդիրներ:

Պարզունակ է այն մոտեցումն, ըստ որի ՀՅԴ-ն պետք է գործ ունենա միայն արտաքին վտանգների հետ։ Թուրքական ժխտողականություն, ադրբեջանական ագրեսիվ քաղաքականություն, շրջափակում, գոյատևում արևելք-արևմուտք աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում՝ սրանք բոլորը լուծելի խնդիրներ են, բայց լուծելի են միայն ու միայն վերականգնված դիմադրողականությամբ ազգի համար, որի վերնախավն ընդունակ կլինի համազգային խնդիրների շուրջ միավորել երկրագնդի երեսին ապրող յուրաքանչյուր հայի։ Այո, ազգերն ինչպես կենդանի օրգանիզմները, ունեն ներքին դիմադրողականության, ինքնապահպանության մեխանիզմ: Իր գործունեության տասնամյակների ընթացքում ՀՅԴ-ն զգալիորեն վերականգնել է այս մեխանիզմը, սակայն, ցավոք, լիովին վերականգնված այն համարել չենք կարող մինչ օրս:

Թյուր է նաև այն կարծիքը, թե ժամանակակից աշխհարում, գլոբալիզացիայի հեղեղային ուժերն աշխարհասփյուռ հայությանը թույլ չեն տա համախմբվել ազգային խնդիրների շուրջ։ Ես պնդում եմ հակառակը’ հենց գլոբալիզացիայի պայմաններում մենք ձեռք ենք բերել յուրահատուկ առավելություն։ Գիտելիքի և միջազգային ցանցերի վրա հիմնված համաշխարհային տնտեսություն, հեռավորությունը և ժամանակը վերացնող ինֆորմացիոն դաշտ – ավելացրեք սրան աշխարհի բոլոր անկյուններում գերազանց դիրքերի հասած և իր առաջադեմ երիտասարդությամբ աչքի ընկնող մեր սփյուռքը, ինչպես նաև ՀՅԴ կառույցների համաշխարհային կոորդինացման դարավոր փորձը, և կտեսնեք մեր ազգի դերը միջազգային բեմում նոր մակարդակի բարձրացնելու աննախադեպ հնարավորություն։

Ժամանակակից աշխարհում հաղթանակի գրավական են ոչ այնքան բանակներն ու դիվանագետները, որքան ինֆորմացիան ու տնտեսությունը: Չլինելով մինչ այս ուղղակիորեն ընդգրկված տնտեսական բնագավառում’ մենք պետք է պատրաստ լինենք սերտորեն համագործակցել համապատասխան գործարար կառույցների և անհատների հետ: Ցանկացած հայկական կառույց, որն ազգի համախմբումը ազգային շահերի շուրջ դնում է որպես իր նպատակ, մեզ համար բնական դաշնակից է և կարող է ակնկալել մեր լիակատար աջակցությունը։

Ի դեպ, հենց այս’ առաջադեմ, գաղափարների լույսի ներքո է առավել նկատելի դառնում Սիմոն Զավարյանի փայլուն հեռատեսությունը: Լինելով տնտեսագետ, նա դեռևս Ցարական ղեկավար մարմիններում աշխատելիս մշակել է Արևելյան Հայաստանի տնտեսության ազատականացման բազմաթիվ ծրագրեր, բեղմանվոր գործունեություն ծավալել որպես Ազատամարտ, Դրոշակ և Առաջ թերթերի խմբագիր, եղել երիտասարդ սերնդի ճիշտ դաստիարակության գործի նվիրյալ: Նրա ողջ գործունեության հիմքում ընկած է եղել հավատքը հայ ժողովրդի առաջադեմ քաղաքակրթական կոչման, հավաքական կամքի ու կազմակերպված ուժի հանդեպ:

Տրամաբանական կլինի եթե խոսքս ավարտեմ նույն հեղինակից մեջբերումով։ «Խոհեմ մարդիք հարմարվում են աշխահին» ասել է Բերնարդ Շոուն, “ոչ խոհեմները՝ համառորեն փորձում են աշխարհն իրենց հարմարեցնել։ Հետևաբար, մարդկության ամբողջ առաջընթացը կախված է անխոհեմներից։” Հայրենակիցներ, չանջատվելով ժամանակակից աշխարհի իրականությունից, մնանք համարձակ մեր նպատակների և երազանքերի մեջ, մնանք հավատարիմ մեջքիս հետևում պատկերված երեք մեծերի գործին, այն է՝ կերտել արժանապատիվ հայրենիք և առողջ ազգ։

Տպել Տպել