Ինչո՞ւ են նվազել օտարերկրյա ներդրումները

ԱրծվիկՀրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսության մեջ իրականացվող օտարերկրյա ներդրումները նվազել են 62,1 տոկոսով: 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում իրականացվել 1 155,1 մլն դոլարի ներդրում, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 62,1 տոկոսով:

«Սա, իսկապես, մտահոգիչ փաստ է, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ երկրում իրականացվող, այսպես կոչված՝ բարեփոխումները հակառակ ազդեցությունն ունեն»,- Tert.am-ի հետ զրույցում գնահատելով հրապարակված տվյալները՝ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ դրա հիմնական պատճառն այն է, որ ներդրումային ոլորտի պաշտպանության համակարգը Հայաստանում չափազանց ցածր մակարդակի է՝ անվստահություն, պաշտպանվածության նկատմամբ հոռետեսական մոտեցումներ և, ի վերջո, դրական սպասումների փոխանցումը բացասական սպասումների տիրույթ:

«Այս ամենը նշանակում է, որ կառավարությունը, ի վերջո, պետք է գիտակցի, որ ադմինիստրատիվ մեթոդներով հնարավոր չէ երկրում իրականացնել բարեփոխումներ, եթե դրանք հիմնված չեն հասարակության ստվար զանգվածների վստահության, հավատի և համոզվածության վրա»,- եզրակացրեց ԱԺ պատգամավորը:

tert.am

Տպել Տպել