Էլ ե՞րբ պիտի կառավարությունը լսի հասարակության կարծիքը, եթե ոչ նման կարևոր հարցերում

armenԱզգային ժողովը քննարկում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու՝ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ օրակարգում ներառված հարցը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ այս նախաձեռնությունը շատ լավ օրինակ է, թե ինչպես կարելի է կարևոր հարցերի շուրջ կամք դրսևորել, միասնական ջանք գործադրել և դրա մասին համատեղ հայտարարությամբ հանդես գալ:

«Ինձ համար բացարձակապես անհասկանալի է մեծամասնության պահվածքը. հարցը քննարկելու այլ պլատֆորմ, քան հիմա է, դժվար էր պատկերացնել: Մենք պարզ բան ենք ասում՝ մեկ տարի հետաձգենք, նստենք, իրար հետ քննարկենք: Լուրջ պրոցես ենք սկսում, կարող են ի հայտ գալ նոր իրավիճակներ, որոնց լուծումը պետք է տեղի ունենա ժողովրդի հետ, հակառակ դեպքում` սա կարող է ընդվզումների ալիք բարձրացնել»,- ասաց նա:

Ռուստամյանի խոսքով՝ իշխանությունը չի ուզում լսել ընդդիմությանը, հասարակությանը, անցկացնել հանրաքվե, բացահայտել հասարակության կարծիքը: Պատգամավորը հարց է ուղղում, թե էլ ե՞րբ պիտի կառավարությունը լսի հասարակության կարծիքը, եթե ոչ նման կարևոր հարցերում: Նրա համոզմամբ՝ սա հանգեցնում է ԱԺ-ի դերի նսեմացմանը:

«Սա օտարածին արժեհամակարգի ներդրում է նշանակում: Մենք ինչպե՞ս ենք դաստիարակում մեր սերունդներին. մինչ օրս դաստիարակել ենք’ զավակի պարտքն է հարգել ծնողին, խնամել ծերության ժամանակ, հիմա ասում ենք՝ ամեն մեկն իր գլխի ճարը պիտի տեսնի, մտածի իր մասին: Այսինքն` ասում ենք՝ դու գնա, գլխիդ ճարը տես, ամեն մեկս մեր հոգսերը թողնենք մեզ վրա»,- ասաց նա:

Ռուստամյանի խոսքով’ ուրիշ երկրներին օրինակ պետք չէ բերել, այլ երկրներում սոցիալական նման գերլարված վիճակ գոյություն չունի: 70 տոկոս աղքատության դեպքում, ըստ պատգամավորի, այս համակարգի ներդրումը կեղեքիչ վաշխառուական մոտեցում է: Նրա համոզմամբ՝ սա արժեհամակարգի փլուզում է, մեր ավանդական՝ պապերի արժեհամակարգի, սերունդների համերաշխության խախտում է, հիմա մենք դրանից հրաժարվում ենք, սերունդների մեջ պառակտում ենք մտցնում, հայրեր-որդիների խնդիր առաջացնում, ընդ որում՝ Սահմանադրության կոպիտ խախտմամբ, որում ամրագրված է՝ չափահաս մարդիկ պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ ծնողների նկատմամբ, ստեղծում ենք սոցիալական իրավունքների նվազեցման նախադեպ:

«Մարդն իր գլուխը չի կարողանում պահել, դու ասում ես` հետ գցի: Որտեղի՞ց: Տվե՞լ ես դու իրեն էդ հնարավորությունը: Հա, Ֆրանսիայում էդ հնարավորությունը կա, բայց հայկական իրականության մեջ չի կարելի խոսել այդ մասին: Հարգելի’ իշխանություններ, եկեք, նստենք, այս խնդիրները քննարկենք, և էն ժողովրդին, որը պիտի էս ամեն ինչը իր ուսերի վրա կրի, հարց տանք՝ ուզու՞մ ես դա»,- ասաց նա:

Ռուստամյանը նշեց, որ հակառակ պարագայում ավելի կամրագրեն, որ այս իշխանությունները կապ չունեն ժողովրդի հետ:

Տպել Տպել