ՀՅԴ երիտասարդականի հանդիպումները Տիգրանակերտում շարունակւում են

երիտէՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը տեղեկացնում է, որ Թուրքիայի քրդամէտ Խաղաղութիւն և ժողովրդավարութիւն կուսակցութեան Երիտասարդական խորհրդի հրաւէրով Տիգրանակերտում (Ամեդ, Դիարբեքիր) է գտնւում ՀՅԴ Երիտասարդականի պատուիրակութիւնը։

Պատուիրակութեան անդամներն են Ռուբէն Ճանպազեանը և Սարգիս Տեկիրմենճեանը` Հայաստանից։
Նոյեմբերի 30-ին տեղ է ունեցել Երիտասարդական խորհրդի անդրանիկ խորհրդաժողովը, որտեղ ելոյթ են ունեցել ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչները։

Ստորև ներկայացնում ենք ելոյթի տեքստը։

Դեկտեմբերի 1-ին, ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչները հրաւիրեալ այլ կազմակերպութինների ներկայացուցիչների հետ միասին մասնակցել են Խաղաղութիւն և ժողովրդավարութիւն կուսակցութեան Երիտասարդական խորհրդի կազմակերպած կլոր-սեղանին, որտեղ քննարկուել են ընկերվարութեան և երիտասարդութեան հետ կապուած հարցեր։

Տեղի են ունեցել նաև երկկողմանի հանդիպումներ։

Յիշեցնում ենք, որ անցնող ամիսներում երկու հանդիպումներ են տեղի ունեցել ՀՅԴաշնակցութեան և Խաղաղութիւն և ժողովրդավարութիւն կուսակցութիւնների բարձրաստիճան պատուիրակութիւնների միջև։ Առաջինը` հոկտեմբերի 29-ին Ուաշինկթոնում և երկրորդը` նոյեմբերի 12-ին Պոլսում։

Երիտասարդականի մակարդակում սա առաջին հանդիպումն էր։

Խաղաղութիւն և ժողովրդավարութիւն կուսակցութիւնը Թուրքիայի խորհրդարանում ներկայացուած միակ կուսակցութիւնն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանութիւնը։ Այն հիմնադրուել է 2008 թ. և դիտորդի կարգավիճակով անդամակցում է Ընկերվար-Միջազգայնականին (Socialist-Internatioanal)։

ՀՅԴ Բիւրոյի
Երիտասարդական գրասենեակ
03.Դեկտ.2013 թ.

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչների ելոյթը`
Թուրքիայի Խաղաղութիւն և ժողովրդավարութիւն կուսակցութեան
Երիտասարդական խորհրդի անդրանիկ խորհրդաժողովում

Սիրելի՛ ընկերուհիներ և ընկերներ,

Առաջին հերթին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան երիտասարդական և ուսանողական միութիւնների անունից ողջունում ենք Խաղաղութիւն և ժողովրդավարութիւն կուսակցութեան Երիտասարդական խորհրդի անդրանիկ այս խորհրդաժողովը։ Մեծ պատիւ է մեզ համար լինել այստեղ` Ամեդում, Տիգրանակերտում, մի քաղաք, որն աշխարհասփիւռ հայ ժողովրդի համար ունի պատմական խոր և մեծ նշանակութիւն։

20-րդ դարի սկզբին Օսմանեան կայսրութիւնը կազմակերպեց և իրագործեց Հայոց ցեղասպանութիւնը, որին զոհ գնացին մէկ ու կէս միլիոն հայեր։ Մի ցեղասպանութիւն, որ Թուրքիայի նորաստեղծ պետութիւնը շարունակեց ու երբէք չընդունեց, մի ցեղասպանութիւն, որի հետևանքով տեղահանուեց և սփիւռքացաւ հայ ժողովրդի մի ստուար զանգուած։ Այս տարիների ընթացքում էր նաև, որ հայ-քրդական պատմութեան տխրագոյն էջերը գրուեցին։

Երբ Հայոց ցեղասպանութիւնը շարունակւում էր Արևմտահայաստանի մէջ, Մայիս 28 1918 թ. Հայոց ազգային խորհուրդը յայտարարեց Հայաստանի առաջին Հանրապետութեան անկախութիւնը, որպէսզի հայ ժողովուրդը ապրի ազատ և անկախ իր սեփական հայրենիքի մէջ։

ՀՅԴաշնակցութեան ղեկվարած` Հայաստանի առաջին Հանրապետութեան տարիներին, քրդական բնակչութեանը տրուեցին քաղաքական և ընկերային ամբողջական իրաւունքներ. Հայաստանի Ազգային ժողովում իբրև պատգամաւոր ընտրուեց մի քուրդ ներկայացուցիչ, հայոց բանակը ունեցաւ քուրդ սպաներ, որոնք կազմակերպեցին ու կազմաւորեցին քրդական կամաւորական գնդեր, այլ բնագաւառների մէջ քուրդ բնակիչներին տրուեց ազատութիւն և լայն իրաւասութիւններ։ Թէև հայոց առաջին հանրապետութեան անկախութիւնը եղաւ կարճատև` միայն երկու ու կէս տարի, սակայն ազատ ու անկախ ապրելու ոգին միշտ կենդանի մնաց Սփիւռքի և հայրենիքի ժողովրդի սրտերում։

1920 և 30-ական թուականները նկատւում են հայ-քրդական յարաբերութիւնների ամենից աշխոյժ ու փայլուն տարիները։ Դերսիմի ու մանաւանդ Արարատի շրջանի քրդական յեղափոխութիւնների ընթացքում, ՀՅԴաշնակցութիւնը մեծապէս օժանդակեց քրդական ազգային շարժմանը, տալով քուրդ ազատամարտիկներին և ժողովրդին բարոյական հսկայ աջակցութիւն` մանաւանդ քրդական Հոյպուն կազմակերպութեանը։

Այս օրերին Միջին Արևելքը շատ հետաքրքրական և յարափոփոխ անկիւնադարձի դիմաց է գտնւում։ Շրջանի արհեստական սահմանները վերափոխուելու հսկայական ճնշման տակ են գտնւում, իսկ քուրդ համայնքն այս խառնակ իրավիճակի և փոփոխութեան կիզակէտում է։ Հայաստանի Հանրապետութիւնն ու իր բնակչութիւնը, ինչպէս նաև աշխարհասփիւռ հայ ժողովուրդը հետաքրքրուած են այս փոփոխութիւններով ու մեծապէս կարող են օգտակար և զօրաւիգ դառնալ այս գործընթացին։ Հայ-քրդական նոր զինակցութիւնն ու համագործակցութիւնը` հիմնուած փոխադարձ յարգանքի վրայ, կարող են մեծապէս օժանդակել մեր երկու ժողովրդների իդէալների և ընդհանուր շահերի իրականացմանը` հաստատ համոզումով, որ յետագայում այն կարող է ճանապարհ բացել աւելի յառաջադիմական և բոլորի կողմից ընդունուած կայուն Միջին Արևելիքի համար։

Սիրելի ընկերուհիներ և ընկերներ,

Մենք պէտք է մեր պատմութեան էջերը զարդարող քաջագործութիւններից օրինակ վերցնենք և գործուած սխալները երբէք չկրկնենք, չհանդուրժենք մեր դէմ ցցուած անարադարութիւնները, և երբ արտաքին ուժերը փորձեն մեր միջև թշնամութիւն սերմանել, մէկ բռունցք դառնանք` վասն մեր անկախ հայրենիքների տենչերի և վասն մեր ժողովուրդների յաւերժութեան։

Մէկ անգամ ևս ի սրտէ շնորհաւորում ենք Ձեր անդրանիկ խորհրդաժողովը։ Մեծ պատիւ ենք համարում Ձեզ հետ գտնուել մեր պապենական հողերի վրայ։ Այս պահին թող մեր նախահայրերի անյաղթ կամքն ու նուիրումը վարակիչ դառնայ մեր սերնդակիցների հոգիների մէջ, և մի լուսապայծառ օր ազատ ու անկախ տեսնենք մեր պապենական հողերը։

30.նոյեմբեր.2013 թ.
Տիգրանակերտ, Արևմտահայաստան

Տպել Տպել