Ցուցարարները վաղը խորհրդարան են գալու էլ ավելի մեծ ուժերով

1477987_646087062109719_1600374216_nՊարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ բողոքող ՏՏ ոլորտի մասնագետները, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը եւ հասարակական կազմակերպությունների անդամները նախագահի նստավայրի մոտ դեկտեմբերի 2-ի բողոքի ակցիան ավարտեցին իրենց պահանջները ներկայացնող նամակ հանձնելուց հետո:

Ցուցարարները ցանկանում էին միասին անցնել նախագահականի մայթ եւ հանձնել նամակը, սակայն ոստիկանները միայն հինգ հոգու թույլ տվեցին անցնել փողոցն ու նամակը հանձնել նամակների բաժին։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության Կենտրոնական վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը հավաքվածներին հայտնեց, որ օրենքով սահմանված կարգով ՀՀ նախագահը 15 օրվա ժամկետում պարտավոր է պատասխանել նամակին։

«Նամակի դրական կամ բացասական պատասխանը կախված է որքան նախագահից, այնքան էլ մեզանից։ Եթե մենք կամք եւ վճռականություն ցույց տանք, միավորված լինենք, համախմբված պայքարենք, եթե առնվազն այդ 15 օրվա ընթացքում նախագահը տեսնի, որ իր առջեւ կանգնած է ժողովուրդ, ուժ, միասնականություն, ես ձեզ հավատացնում եմ, որ ստիպված կլինի բավարարել մեր պահանջները։ Իսկ եթե մենք բաժան-բաժան, մեկս մյուսին չհասկանալով տարակարծիք գործողությունների գնանք, հաստատ սա դրական արդյունք չի ունենա»,- ասաց Գերասիմ Վարդանյանը՝ նշելով, որ «այս կառավարության հույսեր կապելն անիմաստ է. «Այսօր վարչապետը մի բան կարող է որոշել, վաղը նախագահը վաբշե ուրիշ բան ասի»։

Ցույցը բավական բազմամարդ էր՝ մի քանի հարուր մարդ, սակայն ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ վաղը՝ դեկտեմբերի 4-ին, երբ ԱԺ-ում տեղի ունենա կուտակային կենսաթոշակի մասին օրենքից պարտադիր բաղադրիչը հանելու չորս խմբակցությունների՝ «ՀՅԴ»-ի, «Ժառանգության», «ԲՀԿ»-ի, եւ «ՀԱԿ»-ի ներկայացրած առաջարկի շուրջ քվեարկությունը, իրենց թիվը Ազգային ժողովի առջեւ ավելի մեծ է լինելու։

Ամբողջ ակցիայի ընթացքում հավաքվածները վանկարկում էին «Ոչ», «դեմ ենք», «մենք ենք տերը մեր երկրի»։

Բողոքի ակցիան սկսվել էր խորհրդարանի շենքի մուտքի մոտ, որտեղ պարզել էին «Դեմ եմ պարտադիրին», «STOP կուտակային կենսաթոշակին», «Կրկին մեր հաշվին» գրությամբ պաստառներով, իսկ Ազգային ժողովի ճաղավանդակին փակցրել էին «ՈՉ պետական գրպանահատությանը» գրությամբ ցուցապաստառ: Ակցիան հսկում էին մեծ թվով ոստիկաններ։

Այստեղ նրանց մոտեցել էր ԱԺ «ՀԱԿ» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, որը տեղեկացրել էր, որ իրենց առաջարկի քվեարկությունը կայանալու է վաղը՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 12-ին։

Նրանք պահանջում են չեղյալ հայտարարել 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կենսաթոշակների մասին նոր օրենքը, որով նախատեսվում է յուրաքանչյուր քաղաքացու ամսական աշխատավարձից 5% պարտադիր հատկացում կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին:

news.am

Տպել Տպել